Սիրիահայ երիտասարդները Հայաստանում կոշիկի արտադրությամբ են զբաղվում

«Հայերն այսօրի» այս անդրադարձը սիրիահայ Վիգեն Տողմողլյանի մասին է. վերջինս մասնակցում էր «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսին:

Վիգենը Սիրիայում տիրող պատերազմական իրավիճակի պատճառով Հայաստան է եկել 4 տարի առաջ: Արդեն 2 տարի է, որ ընկերների հետ կոշիկի արտադրությամբ է զբաղվում: Նրանք Երևանում բացել են Ava-shoes խանութը, որը հաճախորդներին առաջարկում է բնական կաշվից կարված կոշիկներ՝ նախատեսված կանանց, տղամարդկանց և երեխաների համար: Խանութը գտնվում է Տերյան 52 հասցեում:

Վիգեն Տողմողլյանը տեղեկացրեց, որ Հալեպում ընկերներով նույնպես նույն աշխատանքով են զբաղվել, հիմնականում ներբաններ են պատրաստել:

Խոսելով հայաստանյան գործունեության մասին՝ նա ասում է, որ սկզբնական շրջանում դժվարությունների հանդիպել են, որից չեն վհատվել: Հիմա արդեն հասել են այն արդյունքին, որ իրենց արտադրանքն արտահանում են արաբական երկրներ, Ռուսաստան և Եվրոպա: Վիգենը նկատել է, որ Հայաստանում մարդիկ շատ են նախապատվությունը հայկական արտադրանքին տալիս, ինչն էլ գովելի փաստ է:

Հավելենք, որ «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում մայիսի 19-22-ը տեղի է ունեցել «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսը, որն անցկացվում էր «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակներում: Ցուցահանդեսին մասնակցում էին սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված և գործարարությամբ զբաղվող սիրիահայերի յոթանասունից ավելի ընկերություններ ու անհատ ձեռնարկատերեր:

Գևորգ Չիչյան

Scroll Up