Հրթիռակոծվել է Հալեպի «Բեթել» վարժարանը

Հոկտեմբերի 10-ին, առավոտյան ժամը՝ 05:00-ին, հրթիռ է ընկել Հալեպի Թելեֆոն հաուայի թաղամասում գտնվող Հայ ավետարանական «Բեթել» վարժարանի վրա:

«Վարժարանի շենքը բավականին վնասներ է կրել: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չենք ունեցել: Վաղ առավոտ էր, և դեռ աշակերտները վարժարան չէին եկել,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Սիրիայի Հայ ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ, վերապատվելի Հարություն Սելիմյանը և հավելեց,-Իմ բնակարանը դպրոցից մոտ 30 մետր հեռավորության վրա է գտնվում: Ես հրթիռի ձայնը լսեցի, բայց մտածեցի, որ մեր բնակության վայրից հեռու է ընկել: Եվ միայն առավոտյան պարզեցինք, որ հրթիռի թիրախը մեր վարժարանն էր»:

Չնայած հրթիռակոծությանը՝ վարժարանում դասերը չեն ընդհատվել.«Առավոտյան մենք փորձեցինք ամեն ինչ կարգի բերել, որպեսզի երեխաները շատ բան չտեսնեն, և կարողանանք դասերը շարունակել: Հրթիռը հիմնականում վնասել էր վարժարանի տանիքը և 12-րդ դասարանը: Այդ դասարանի  աշակերտներին մենք այլ դասասենյակ տեղափոխեցինք: Օրերս կսկսենք վերանորոգման աշխատանքները»,-նշեց Հարություն Սելիմյանը:

Հալեպ1Հալեպ2 Հալեպ3

Scroll Up