«Հայկական ժառանգությունը պետք է վերադառնա Հայաստան». ՀՀ սփյուռքի նախարար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/Նախարար11.jpg)
Հոկտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ լրագրող, հրապարակախոս Հակոբ Վարդիվառյանին և լիբանանահայ լրագրող Պայծիկ Գալաջյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց Սփյուռքի բոլոր կառույցների ու անհատների կողմից Հայրենիքն ամեն ինչից վեր դասելու և նրա կողքին լինելու մշտագո վճռականությունը, միասնական կամքն ու պատրաստակամությունը:
Հակոբ Վարդիվառյանը նշեց, որ հավաքել է հայկական մամուլի և գրականության 50 տարվա արխիվ և ցանկանում է այդ շտեմարանները նվիրել Հայաստանին: «Արխիվները վերադարձնելով՝ նաև օրինակ կդառնամ այլոց», – հավելեց նա:
«Հայկական ժառանգությունը պետք է վերադառնա Հայաստան: Արխիվներն անգնմահատելի են». ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը:
Քննարկվեցին հայկական լրագրական ժառանգությունը Հայրենիք վերադարձնելուն վերաբերող կազմակերպական հարցեր: Սկիզբ դրվեց «Արխիվների վերադարձ Հայաստան» նախաձեռնությանը: Որոշվեց Հակոբ Վարդիվառյանի հավաքած «Հայրենիք», «Պայքար», «Նոր օր», «Զարթոնք», «Նոր գիր», «Շիրակ» և այլ թերթերի ու պարբերականների հսկայածավալ արխիվները տեղափոխել Հայաստան՝ Ազգային գրադարանին հանձնելու համար:
Պայծիկ Գալաջյանն իր խոսքում կարևորեց ՀՀ սփյուռքի նախարարության հավասարակշռված և ուղղորդող դերը սփյուռքահայերի համար: Նա նշեց, որ նախարարության իրականացրած աշխատանքները և նախաձեռնությունները խթան են Սփյուռքի համար` առավել պատրաստակամորեն ու առավել ոգևորված գործելու, պարտականության գիտակցությամբ ազգային հարցերին մոտենալու համար: