Հայկական դպրոցը պիտի լինի հայրենագիտության տաճար, իսկ ուսուցիչները պիտի լինեն հայրենապաշտ

Սեպտեմբերի 21-ին համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձը: Այդ պատմական իրադարձությունը մեծ ու պանծալի հոբելյան է ոչ միայն Հայաստանում ապրող հայերի համար, այլ նաև՝ աշխարհասփյուռ հայության:

«Հայերն այսօրը» ներկայացնում է Հայաստանի և Սփյուռքի ճանաչված գործիչների շնորհավորական խոսքը տոնի կապակցությամբ:

1991թ.  սեպտ.  21-ին  ՀՀ  հրապարակում  տոն  էր, ինքնաբուխ, համաժողովրդական տոն, որին  հայ  ժողովուրդը  սպասել  էր  երկար: Այդ օրը  կատարվեց  աշխարհի  հայերի  երազանքը, ձեռք  բերվեց  այն  գերագույն  արժեքը, որն  ազգի  զարգացման, բարգավաճման ու  արժանապատիվ  կյանքի  գրավականն է` անկախությունը:

Անկախացումն  ուղեկցեց  արցախյան  գոյամարտին, որտեղ  ծնվեցին  բազմաթիվ  ազգի հերոսներ: Նրանց զարկով  Արցախը  վերադարձավ  տերերին, նրանք  նվաճեցին  մեր ազգի  ապրելու  իրավունքը:

 Իմաստուն է ասել Գարեգին Նժդեհը. «Երջանիկ է այն մարդը, ով  կարող է ասել. իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի և ամեն մեկի համար»:

ՀՀ  քաղաքական քարտեզին  նայելիս, բավական է հասկանալու համար, թե ինչպիսի բարդ տարածաշրջանում է իր առաջին քայլերն անում երկար  մաքառումներից  հետո  կրկին  պետականություն  ձեռք  բերած  մեր  երկիրը: Ժամանակները  պարտադրում  են  նոր  մարտահրավերներ, որոնց  դիմակայելու համար  պետք  է  ունենալ  ազգային  արժեքները  գնահատող  առողջ  սերունդ: Ուստի, հայկական  դպրոցը  պիտի  լինի  հայրենագիտության տաճար, ուր  հայ  մանուկը  պիտի  սովորի  սիրել  հայրենիքը, իսկ  ուսուցիչները  պիտի  լինեն  հայրենապաշտ:

Չկա ավելի խորը զգացում, քան հայրենասիրությունը: Այսօր մեր անկախ հայրենիքի  ծննդյան տարեդարձը տոն է բոլորիս համար: Սա նաև  մեր 25-ամյա ուղին, մեր անելիքներն ու ապագայի պատկերացումները  վերաիմաստավորելու  լավագույն առիթն է:

Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանը ունեցել է նվաճումներ  ու ցավալի կորուստներ: Ամենամեծ  նվաճումն ինքնին անկախ պետականության հռչակումն էր: Մեծագույն մյուս նվաճումը արցախյան հաղթանակն էր:

Միայն լիարժեք անկախություն և պետականություն ունենալու պայմաններում է հնարավոր կերտել բարեկեցիկ, ազատ, անկախ և միացյալ Հայաստան:      Անկախությունը Հայաստանի ամենամեծ  ձեռքբերումն է:

ՀՀ 25-ամյակի կապակցությամբ Դավիթյան  և  Մարիամյան Կրթական Հաստատության վարչությունը, ուսուցչական ողջ անձնակազմը, ծնողները և աշակերտությունը շնորհավորում են Հայաստանի, ինչպես  նաև  աշխարհասփյուռ  հայությանը  ու  մեր  երիտասարդ Հանրապետությանը և մաղթում խաղաղ  բարգավաճում:

Շնորհավոր  բոլորիս  անկախության տոնը: Թող  հարատև  լինի  Հայաստանի  անկախությունը:

Վահիկ  Ծատուրեան                                       Oֆելյա Ծատուրեան

Նախագահ                                                                      Տնօրեն

Scroll Up