Ամերիկայի հայկական համագումարը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ
Անդրադարձ ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին վերջին քառորդ դարում
Սեպտեմբերի 21-ին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) նշեց Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը:
1991թ. սեպտեմբերի 21-ին նախորդող տարիներին Համագումարն ակտիվորեն ներգրավված է եղել Հայաստանի անկախության կերտման գործընթացին: Համագումարը գրասենյակ է բացել Երևանում 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո և կարևոր դերակատարություն է ունեցել ԱՄՆ օժանդակությունը Հայաստանի ժողովրդին հասցնելու գործում: Համագումարը նաև տարածք է տրամադրել նոր հանրապետության պաշտոնական ներկայացուցչությանը՝ նախքան Վաշինգտոնում դեսպանատան բացումը:
ՀՀ նախագահին ուղղված նամակում Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը նշել են. «Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ Ամերիկայի հայկական համագումարի անունից սրտանց շնորհավորանքներ ենք հղում Ձեզ, Հայաստանի ժողովրդին և համայն աշխարհի հայությանը»:
«Հպարտությամբ ենք հիշում 25 տարի առաջ այս օրը դրսևորված միասնականությունը և ողջունում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել անկախություն տանող ճանապարհին: Այսօր, երբ անդրադառնում ենք այն մարտահրավերներին, որոնք Հայաստանը հաղթահարել է, և մեր ժողովրդի անկոտրում ոգուն, վերահաստատում ենք մեր ոչ կուսակցական աջակցությունը Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական շարունակական զարգացմանը: Մեր համոզմամբ, այսօրինակ աջակցությունը լավագույնն է և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի համար», -հավելել են Բարսամյանը և Գրիգորյանը:
ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման իր ուղերձում նշել է. «Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին անկախության 25-ամյակի կապակցությամբ, որը նշվում է սեպտեմբերի 21-ին:
Միացյալ Նահանգները հաստատուն գործընկեր է եղել Հայաստանի համար՝ անկախության առաջին իսկ օրերից: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այդ վաղ տարիների խոստմանը, երբ հայերը 1920 թվականից ի վեր առաջին անգամ հպարտությամբ բարձրացրեցին իրենց եռագույն դրոշը: Այսօր կրկին հաստատում ենք մեր համոզմունքն առ այն, որ ապահով, բարեկեցիկ ու ժողովրդավարական Հայաստանը հույժ կարևոր է հայ ժողովրդի և առավել լայն տարածաշրջանի անվտանգության համար:
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին մեր ընդհանուր նպատակներին աջակցելու համար, մասնավորապես՝ սիրիացի փախստականների ճգնաժամին վերջինիս արձագանքի և գլոբալ խաղաղապահ գործողություններում ու միջուկային անվտանգության ոլորտում ունեցած ներդրման համար: Մենք կշարունակենք միասին աշխատել ՝ օգնելու Հայաստանի լիարժեք իրացնել իր ողջ ներուժը»:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին սեպտեմբերի 19-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ մատնանշելով Ամերիկայի «ջերմ բարեկամությունը» Հայաստանի հետ: «Նախագահ Օբամայի և ամերիկայի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորանքներ ուղղել Հայաստանի ժողովրդին՝ սեպտեմբերի 21-ին ձեր երկրի Անկախության 25-ամյակը տոնելու կապակցությամբ»,-ասել է Քերրին: «Միացյալ Նահանգները խորապես գնահատում է իր ջերմ բարեկամությունը Հայաստանի և ձեզ բոլորիդ հետ: Անցյալ քառորդ դարում Հայաստանը մեծ առաջընթաց է ունեցել, և իմ կառավարությունն ակնկալում է շարունակել սերտորեն համագործակցել ձեզ հետ՝ հանուն համատեղ բարեկեցության, ուժեղ ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության և տարածաշրջանային խաղաղության»: Քերրին նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի առաջատար դերակատարման համար՝ սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու գործում և կարևորել «կենսունակ և մեծապես կայացած ամերիկահայ համայնքը»:
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսականզարգացմանը՝ Խորհրդային Միությունից վերջինիս անկախացումից ի վեր: ԱՄՆկոնգրեսականներ Ուեյն Օուենսը (Դեմոկրատ, Յուտա), Ջեյմս Սենսենբրենները (Հանրապետական, Վիսկոնսին), Ռիչարդ Լեմանը (Դեմոկրատ, Կալիֆորնիա) և Մայքլ Մքնալթին (Դեմոկրատ, Նյու Յորք) Հայաստան էին ժամանել՝ ներկայացնելու Կոնգրեսը որպես ՀայաստանիԱնկախության հանրաքվեի դիտորդներ: 1991թ. սեպտեմբերի 22-ին Համագումարի երևանյան գրասենյակի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ կոնգրեսականները պարզաբանել են ընտրությունների իրենց գնահատականը և նշել, որ պատրաստվում էին կոչ անել այդ ժամանակվա նախագահ Ջորջ Բուշ ավագին Հայաստանին ԱՄՆ պաշտոնական ճանաչում շնորհել: