«Թո՛ղ հավերժի Հայաստան աշխարհը՝ սփյուռքահայերիս ամրոցը, անձեռակերտ տունն Արարչի». Վարդի Դանիելյան

ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուընկալված կանադահայ սոցիոլոգ–մանկավարժ, գիտնական Վարդի Դանիելյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:

– Տիկի՛ն Վարդի, ինչպես տեղեկացա, Դուք երկար տարիներ Կանադայում զբաղվում եք մանկավարժական և գիտական բեղուն գործունեությամբ՝ արևմտահայերեն  ուսուցանելով  դպրոցներում, համալսարանում: Ի՞նչն է Ձեզ ամենից շատ մտահոգում՝ լեզվի խնդիրների հետ կապված:

– Ամենից շատ ինձ մտահոգում է արևմտահայերենի կորուստը, ընթերցանության գրքերի պակասը. մեր տվածները  Րաֆֆու համառոտված գործերն են,Վախթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները», աշակերտությանը հետաքրքրող գրականություն չունենք… միշտ նույն գրքերն ենք հրամցնում մեր աշակերտությանը, այլընտրանք չկա:

-Իսկ այդ հարցով երբևէ դիմե՞լ եք  ՀՀ գիտության և կրթության նախարարությանը, Սփյուռքի նախարարությանը:

-Ես չեմ կարծում, որ տեղացի, հայաստանցի գրողը  քաջատեղյակ է մեր՝ Սփյուռքի մթնոլորտից և այդ մթնոլորտին համեմատ կկարողանա գրականություն պատրաստել: Հողի վրա ըլլալը տարբեր գիտակցություն է: Դուք կարիք չունեք առավոտից մինչև երեկո  մտահոգվելու՝ հայերեն պետք է խոսե՞ն թե՞ չպետք է խոսեն, իսկ մենք առավոտից մինչ օրվա  ավարտ ջանում ենք այնպես անել, որ մեր դասարանները Հայաստան դառնան, տունը Հայաստա՛ն դառնա, Հայ կենտրոնն էլ դառնա մի փոքրիկ Հայաստան: Հայ աշակերտը, երբ ներս է մտնում Հայ կենտրոնի դռնից, նրա համար դա՛է իր Հայրենիքը, որտեղ պետք է հնչի մաքուր ու գեղեցիկ հայերենը: Մեր աշակերտների հետ մենք միշտ խոսում ենք մաքուր, անխառն հայերենով, հազվադեպ մի քանի բառեր կհնչեն անգլերենով, այն էլ ՝ ծայրահեղ, խիստ անհրաժեշտ դեպքերում, սակայն մտահոգությունը մնում է նույնը՝սրանից հետո  ի՞նչ…Խորհրդային կարգերի ժամանակ ես Հայաստանից  ոչինչ չէի ակնկալում, սակայն մենք արդեն 25 տարեկան Անկախ Հայաստան ունենք և ակնկալում ենք, որ Սփյուռքի հետ փոխանակումները լինեն հարթ: Երևի Հայաստանում ապրող հայերն իրենց խոսքում ավելի շատ են օգտագործում օտար բառեր՝ ռուսերենով, անգլերենով, երբ այստեղ  շուրջբոլորը հայեր են և պետական լեզուն էլ հայերենն է, այսինքն՝ դժվարություն չկա լեզվի պահպանության խնդրում: Անդրադառնամ  գրքերին.առաջարկում են գրքեր մեր դպրոցների դասավանդման համար, սակայն յուրաքանչյուր սփյուռք իր առանձնահատկությունն  ու պահաջարկն ունի. մեկ միանման դասագրքով չեն կարող  սովորել և՛ սիրիահայը, և՛ կանադահայը ….Միջավայրը նույնը չէ, պահանջարկը նույնը չէ. անգամ Կանադայի տարբեր քաղաքներում, ասենք՝ Մոնրեալում և Տորոնտոյում, խիստ տարբեր է միջավայրը, Տորոնտոյում ավելի անգլախոս են….Ասել կուզեմ, որ դասագրքերը բոլորի համար չպետք է նույնը լինեն: Մեր ուսուցիչները չեն բավարարվում միայն դասագրքերով, մենք մեր դասերը հարստացնում ենք դրսից բերված ազգային գրականությամբ, մատչելի ու հետաքրքիր հոդվածներով: Օրինակ՝ Զարյանի «Տատրագոմի հարսը» ես ներկայացրեցի 8-րդ դասարանի աշակերտներին, ովքեր այնքա՜ն անհամբերությամբ էին հետևում  պոեմում ծավալվող գործողությունների ընթացքին: Անչափ կարևոր է ուսուցչի կողմից տվյալ թեմայի, գործի մատուցման ձևը:

-Սփյուռքում հայոց լեզուն պահպանելու և այն եկող սերունդներին փոխանցելու հարցում Դուք շատ հետևողական եք և մշտապես նորարական մեթոդներ եք փնտրում, ստեղծում  ու մշակում. ո՞րն է այդ նոր մեթոդներից ամենից արդյունավետը:

-Դասարանային վիճակում ես միշտ կարևորում և արդյունավետ եմ համարում բանավեճերը, որպեսզի աշակերտները կարողանան ազատորեն արտահայտել իրենց մտքերը: Խնդրահարույց մի նյութ եմ դնում մեջտեղում և դասարանը բաժանում եմ երկու մասի՝ առաջարկելով, որ մի կեսն այդ օրն աշխատի «այո»-ի՝ դրականի վրա, մյուս կեսն աշխատի «ոչ»-ի՝ բացասականի վրա,իսկ հաջորդ դասին հակառակն ենք անում՝փոխելով դերերն ու պատասխանները: Ինչ վերաբերում է նորարական աշխատանքին, այն կիրառել եմ արդեն Լոս Անջելեսի «Շամլյան» վարժարանի առաջին դասարանցիների հետ. մի օժանդակ գիրք է՝ վեց-յոթ պատմվածքներով,  որը գրել եմ և պատրաստել՝ ծանոթանալով դասարանի և ամեն մի աշակերտի մակարդակին: Գրքի անունը վեպ է, յուրաքանչյուր դաս  մեկ վեպ ունի, մեկ դասի աշխատանքը տևում է մեկ շաբաթ, որի ընթացքում աշակերտը ուսուցչի միջոցով ծանոթանում է դասագրքի նոր բառերին և գործածությանը: Այս գիրքը գալիս է դրսից՝ որպես ընկերացող գիրք, որում ներառված են աշակերտի սովորած բոլոր նոր բառերը, առավելագույնը՝15 նոր բառ: Հեքիաթ չէ պատմածս, այլ մեր ազգային ավանդություններից վերցրած մասեր են այն մասին, թե ինչպես են հայերը տոնել Կաղանդը, Տեառընդառաջը, այսինքն՝ ինչն է իրեն հայ պահողը, և այդ հայերենը նրանք տուն են տանում: Նախկինում մեր աշակերտները տանից գալիս էին հայերենով, իսկ հիմա՝ անգլերենով, և մենք պարտավոր ենք աշակերտներին տալ այնքան հայերեն, որ նրանք այն տուն տանեն, ծնողին սովորեցնեն իրենց այդ օրվա սովորածը: Դասարանը բաժանում եմ խմբերի, որոնք ես անվանում եմ ակումբիկներ.գրքերը բաժանվում են, կարդում են այն (գիրք ասածը մեկ-երկու  էջից է բաղկացած), և ամեն մի ակումբիկ մեկ հարց է տալիս ուսուցչին, ով  այդ հարցը գրում է գրատախտակի վրա. այդ ժամանակ է, որ աշակերտը մտածում է, թե ինքն ինչ կուզեր ավելացնել, ինչ կուզեր ավելին իմանալ…Երբ աշակերտը հարց է տալիս և իր անունը գրվում է այդ հարցի մոտ, ավելանում է նրա ինքնավստահությունը, խանդավառվում են այդ մանուկները: Նպատակն աշակերտին մտածել սովորեցնելն է. մինչև հիմա՝ 30 տարիների փորձառությամբս, տեսածս դասագրքերը մտածել չեն սովորեցնում. պատրաստի դասեր են, տակը հարցեր կան, բառամթերք կա, և շատ է ուսուցչի ներդրումը. ես ուսուցչի ներդրում չե՛մ ուզում, կուզեմ, որ աշակերտն ինքը մտածի: Առաջին գիրքը վերջացնելուց հետո աշակերտը պարտավոր է իր ունեցած մտորումներով ու բառապաշարով նոր  պատմություն ստեղծել, որը գրվում է դպրոցի թերթում…Սա, անշո՛ւշտ, ոգևորում է աշակերտներին:

-Ո՞վքեր են այն դասագրքերի, ծրագրերի հեղինակները, որոնցով առաջնորդվում եք լեզուն ուսուցանելիս:

-Ես երկրորդականի 7-րդ, 8-րդ դասարանների պատասխանատու ուսուցիչներին Հարություն Քյուրքչյանի գրքերն էի տալիս, որոնք բավականին  օգտակար էին: Մենք ազատ էինք՝ գրքեր ընտրելու նաև դրսից, օրինակ՝ Մինաս Չերազի «Ծեր լեռնականը», որն աշակերտներին վեհանձնություն է սովորեցնում: Հայաստանից որևէ դասագրքով չենք ուսուցանել, որովհետև այստեղի միջավայրն ու բառերն են արևմտահայերենով  փոխանցվում  նման դասագրքերով (դուք Ձմեռ պապիկ եք ասում, մենք՝ Կաղանդ պապիկ), մինչդեռ լավագույնն այն դասագրքերն են, որոնք նույն միջավայրից են դուրս գալիս:

-Վիճակագրական  ի՞նչ տվյալների հիման վրա եք կառուցում Ձեր հետագա անելիքները, ինչպե՞ս եք ստանում այդ տվյալները, և արդյո՞ք դրանք  բացարձակ հիմք կարող են լինել ՝ Ձեր գիտական ուսումնասիրություններն ամբողջացնելու համար:

-Խորությամբ ուսումնասիրելով այն մեթոդը, թե ինչպես պետք է անեմ, որ Լոս Անջելեսի՝ առավոտից մինչ ուշ գիշեր անգլերենով խոսող մանուկները     հետաքրքրությամբ հետևեն դասերին և խոսեն մաքուր հայերենով, ես USL համալսարանից երկու հոգու, ովքեր մեթոդների մշակման իրենց դոկտորականի վրա էին աշխատում, ներկայացրեցի, առաջարկեցի իմ գիրքը, իմ մեթոդը, որը նրանք համարեցին սքանչելի ամբողջացում: Պետք է եղած աշխատանքը փորձարկել, արդյունքը տեսնել և դրանից հետո միայն տարածել: Գիրքը հրատարակելուց հետո ես ի նկատի եմ ունենում, թե որ դպրոցները պետք է մի քանի շաբաթով իրենց ուսուցչուհիներին տրամադրեն, որպեսզի ես սովորեցնեմ այդ գրքի հետ վարվելու, դրանով ուսուցանելու ձևը, այսինքն՝ գիրքը միայն աշակերտի համար չէ: Իմ դոկտորականի  հարցադրումների գլխավոր բաժինն է, թե արդյոք հայ երեխան հայկական վարժարան կհաճախի՞, տանը հայերեն կխոսի՞, սկաու՞տ է, հայկական կենտրոններ գնու՞մ է…սրանք պատճառներ են, որոնք կամրացնեն այս ամենը, իսկ ոչ հայկական վարժարաններ հաճախողներից չես սպասում, որ  այս կենտրոնները կգնան, մինչդեռ կա՛ն այդպիսինները և այդտեղ է, որ կտեսնենք, թե որն է և որտեղ է միջինը: Գուցե Ձեր տված  հարցից մի քիչ շեղվեմ, սակայն պետք է կրկնեմ  ամեն անգամ ասածս՝ իմ ամենից մեծ ցանկությունը դասական ուղղագրության մուտքը տեսնելն է Հայաստանից ներս: Երբ Հայաստանից որևէ գիրք է գալիս, ես դրանով  չեմ առաջնորդվում, որովհետև սովորացրածս ուղղագրությունն ամբողջությամբ ջուրը կընկնի: Դասական ուղղագրությունը վերակնգնելն ու պահպանելը հայապահպանության մի մասն է, մենք իրավունք չունենք կորցնելու արևմտահայերենը:

-Երկար տարիներ  չեք եղել Հայաստանում, արդյո՞ք դա նշանակում է, որ Դուք կապ չեք պահպանել հայաստանյան գիտակրթական կառույցների, 7 տարիների պատմություն ունեցող ՀՀ սփյուռքի նախարարության հետ. Ձեր մանկավարժական, սոցիոլոգիական ուսումնասիրությունների և աշխատանքի հետ կապված՝  հարցումների, ծրագրերի, կարծիքների փոխանակման, դասագրքերով օժանդակելու օգնության կարիք չե՞ք ունեցել:

-Ես հազար թելերով կապված եմ Հայրենիքիս, ամեն օր լսում եմ բոլոր նորությունները, ամսագրեր, թերթեր  եմ ստանում Հայաստանից: ՀՀ սփյուռքի նախարարություն առաջին անգամ եմ ոտք դնում, սակայն մշտապես լսում եմ նախարարության ծավալած գործունեության մասին: Ես վերջին անգամ Հայաստանում եղել եմ 1987-ին, երբ  դեռևս Հայաստանն անկախ չէր և չկար Սփյուռքի նախարարություն:

-Այս այցելությունը Հայրենիք՝  կարոտի զգացումու՞վ է պայմանավորված, թե՞ այն կարելի է անվանել գործնական այց:

-Երկուսը միասին՝ կարոտ և գործնական այց: Մենք այս տարի որոշել էինք ընտանիքներով հանդիպել Հայաստանում. Լիբանանում ապրող քույրս իր ամուսնու և իր զավակի հետ, քրոջս տղան, ով Փարիզում դաշնամուրի ուսուցիչ է, նաև իր տիկինն ու աղջիկները, ես և Սեդա քույրս, ով ինձ հետ է հիմա և իմ օգնականն է բոլոր հարցերում, միացանք այստեղ օգոստոս ամսին: Մեծ ցանկություն ունեինք ներկա գտնվելու մշակութային ծրագրերի, սակայն օգոստոսին դրանք այնքան շատ չէին, կարծում եմ՝ սեպտեմբերն այդ առումով ավելի արգասաբեր կլինի: Իմ այցի նպատակն էր  գալ և հանդիպել ՀՀ սփյուռքի նախարարին, ներկայացնել իմ կատարած աշխատանքները, ինչպես նաև այցելել Պետական համալսարանի սփյուռքագիտության ամբիոն՝ իմ երկրորդ դոկտորական աշխատանքի հետ կապված հարցերով: Իմ աշխատանքն ավելի շատ սոցիոլոգիային է վերաբերում.  հարցարաններ եմ բաժանել 1353 ընտանիքների՝ փոքրերի, ուսանողների և ծնողների, որոնցից ուսումնասիրված են միայն ծնողների պատասխանները, մյուսները դեռևս պետք է ուսումնասիրվեն, որը կարող եմ համալսարանի հետ անել: Այդ հարցումները տրված են 1990-92-ին, որոնք Կանադայի նման նոր գոյացող գաղութի համար հսկայական աշխատանք են: Ունեցած  արդյունքներով կարող ենք  որոշել շատ արագ դեպի ձուլում տանող տվյալներ ունեցողներին: Ես այդ տվյալները կարող եմ նվիրել սփյուռքագիտության որևէ կենտրոնի:

-Տիկի՛ն Վարդի, կթվարկե՞ք այն դպրոցներն ու վարժարանները, որտեղ դասավանդել ու դասավանդում եք:

-15 տարի  հայերեն եմ դասավանդել եմ այն օտարներին, ովքեր հայերի հետ են ամուսնանում: 3 տարի Մոնրեալում դասավանդել եմ «Արմեն  Քեբեկ  Ալեք Մանուկյան» վարժարանում, 5 տարի դասավանդել եմ «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանում, կարճ ժամանակով աշխատել եմ նաև կաթոլիկ վարժարանում՝ մանկավարժական օգնություն հասցնելով նոր նշանակված տնօրենին: Վերջին 4 տարիներին Լոս Անջելեսում զբաղված եմ լրագրողական աշխատանքով. հիմնականում արձակ եմ գրում, հոդվածներ գրում եմ միայն արվեստի վերաբերյալ, որոնք տպագրվում են «Ասպարեզ»-ում, «Ապագա»-ում,«Բագին»-ում, որտեղ նաև թարգմանչական աշխատանքներ եմ տպագրել, «Հայրենիք»-ում: Ինձ համար վարժարաններից ամենից բարձր մակարդակի վրա «Սուրբ Հակոբ»-ն է: Իմ անձնական վարժարանը կոչվում էր «Աշակերտների նախապատրաստական կենտրոն», որի նպատակն էր այնպես նախապատրաստել աշակերտներին, որ  նրանք ձախողում չունենան. այդ կենտրոնը փակեցի, որովհետև պետք է Լոս Անջելեսում հաստատվեի: Հիմա էլ կա այդ կենտրոնի պահանջը:

-Տիկի՛ն Վարդի, տեղեկացա, որ վերջին անգամ 1987-ին եք եղել Հայաստանում. Ձեր բազմազբաղ աշխատա՞նքն է եղել պատճառը…Ինչպիսի՞ն է Հայաստանը՝ 29 տարի  անց….

-Այդ տարիներին, երբ ես եկել էի, գինո՛վ էի Հայաստանով…Երբ գրողներով (լեզվաբան Մայա Ավագյանը, Հրանտ Մաթևոսյանը, Աղասի Այվազյանը…) Աբովյան փողոցով քայլում էինք, ես ասես խենթացած լինեի, միշտ երազում էի, թե երբ պետք է հաստատվեմ իմ Երևանում, իսկ հիմա շատ հիասթափված եմ: Միակ բանը, որը չտեսա այսօրվա Երևանում, հայադրոշմի պակասն է: Տխրեցի՝ չտեսնելով  երբեմնի ճարտարապետական հին, շքեղ կառույցները. քանդելով  այդ պատմական շենքերը՝ հայկական ճարտարապետության խոսուն վկաները, խեղեցին Երևանի պատկերը: Կարելի էր պահպանել ամբողջական թաղամասեր՝ որպես հին Երևան-թանգարան: Ինձ նորաոճ շենքերն ու շինությունները չեն զարմացնում, դրանցից ամեն տեղ կան: Ինձ զարմացրեցին ու զայրացրեցին խանութների, շենքերի ճակատներին փակցրած անգլերենատառ, անգլերեն անվանումներով ցուցանակները. Հայաստանում ենք, բայց, ցավոք, ավելի շատ անգլերենով են ցուցանակները, գովազդային պաստառները: Չեմ կարող վրդովմունքս չարտահայտել հեռուստատեսային հաղորդումների մասին. նայելու բան չկա. մենք այնտեղ՝Կանադայում, անհամբերությամբ սպասում ենք հայաստանյան լուրերին, որոնք հաղորդողների հայերենից ոչինչ չենք հասկանում. այնքա՛ն արագ են կարդում, այնքա՛ն սխալ շեշտադրությամբ…Այս ամենն ասում եմ սրտի ցավով, որովհետև ես ուզում եմ, որ իմ Հայրենիքն ու քաղաքամայր Երևանը բոլորից առանձնահատուկ լինեն, որ հայոց ամենաշքեղ լեզուն չաղավաղվի:

-Տիկի՛ն Վարդի, ավարտենք մեր շատ հաճելի զրույցը ՝ զրուցակիցներիս տրվող իմ ավանդական հարցով՝ ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:

-Ամեն ինչ՝ գոյությո՛ւնս, ե՛ս…Շնորհավորում եմ Հայրենիքիս տոնը՝ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձը. թո՛ղ հավերժի Հայաստան աշխարհը՝ սփյուռքահայերիս ամրոցը, անձեռակերտ տունն Արարչի, թո՛ղ անսասան մնան ամրոցիս պատերն ու հիմնասյուները:

-Շնորհակալությո՛ւն Սփյուռքում ծավալած Ձեր հայապահպան գործունեության, հայոց լեզուն օտարության մեջ  պահպանելու հարցում Ձեր ներդրած ջանքերի և այս գեղեցիկ, բովանդակալից հարցազրույցի համար:

 Կարինե Ավագյան

Scroll Up