Գերմանիայի կառավարությունը զիջումների չի գնա Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հարցում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Գերմանիա.jpg)
Գերմանիայի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայնբերտը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ կառավարությունը պատրաստ է զիջումներ անել Թուրքիային ու հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին բունդեսթագի բանաձեւից:
«Այս մասին խոսք անգամ լինել չի կարող: Գերմանական Բունդեսթագն իրավունք ու հնարավորություն ունի արտահայտել իր տեսակետը ցանկացած թեմայի շուրջ, երբ դա ճիշտ է համարում: Գերմանիայի կառավարությունը աջակցում է ու պաշտպանում գերմանական խորհրդարանի այդ ինքնիշխան իրավունքը»- Արցախպրեսի փոխանցմամբ՝ հայտնել է Զայնբերտը, փոխանցում է DW–ը:
Նա նաեւ շեշտել է, որ կառավարությունը իշխանության մեկ այլ մարմնի գործերին միջամտելու ու նրա գործողությունները որեւէ կերպ գնահատելու լիազորություններ չունի: Նա նաեւ հավելել էր, որ Բունդեսթագի բանաձեւը իրավաբանական պարտադիր ուժ չունի:
Առանձին հայտարարությունով է հանդես եկել Գերմանիայի ԱԳՆ մամուլի քարտուղարը, որը ճշգրտել է, որ արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն անձամբ է աջակցել բանաձեւին: Այդ նույն օրը արտգործնախարար Շտայնմայերը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո հայտնել է «Բունդեսթագը իրավունք ու ազատություն ունի արտահայտել իր տեսակետը քաղաքական հարցերի շուրջ» Սակայն նրա խոսքով բուն բունդեսթագում նշել են, որ ոչ բոլոր բանաձեւերը իրավաբանական ուժ ունեն»: Այս հարցով կառավարության դիրքորոշման մասին Շտայնմայերը լռել է:
Պարբերականը ավելի վաղ սեպտեմբերի 2-ին հայտնել էր, որ Գերմանիայի կառավարությունը մտադիր է Անկարային ընդառաջ քաղաքական ժեստ անել, որպեսզի գերմանայի խորհրդարանականները կարողանան նորից այցելել բունդեսվերի զինծառայողներին ՆԱՏՕ-ի՝ Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայում: Ամսագրի տեղեկություններով Գերմանիայի ԱԳՆ –ն ու կանցլերի գերատեսչությունը պայմանավորվել են, որ Զայնբերտը մամուլի առաջ ելույթ կունենա ու կհասկացնի, որ կառավարությունը հրաժարվում է Ցեղասպանության մասին գերմանական խորհրդարանի բանաձեւից: