Թուրք պատմաբանն ու լրագրողը Փարիզի արխիվներից մեկում Ցեղասպանության վերաբերյալ կարևոր արխիվային թուղթ են հայտնաբերել ու հրապարակել

Թուրք պատմաբան Ումիթ Քուրտը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանի արխիվներից գտել ու հրապարակել են մինչ այս երբևէ չհրապարակված Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևոր արխիվային թուղթ: tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ակօս» թերթը:

Փաստաթուղթն իրենից ներկայացնում է ժամանակաշրջանի ամենահայտնի պոլսահայ գրողներից Զաբել Եսայանի կողմից 1919թ.-ի մարտի 8-ին Փարիզի կոնֆերանսում հայկական պատվիրակության ղեկավար Նուբար Փաշային ներկայացրած հաշվետվությունը, որում Եսայանը կարևոր փաստեր է ներկայացնում շուրջ 200.000 հայ կանանց և երեխաների կոտորվելու և առևանգվելու մասին: Նա նաև նշել է, որ այս թիվը հստակ չէ, և տուժած կանայք ու երեխաները կարող են շատ ավելին լինել:

Զաբել Եսայանի կազմած և միայն օրերս Ումիթ Քուրտի և Ալև Էրի շնորհիվ թուրքական մամուլում հայտնված հաշվետվության մեջ առանձնացվել են գրողի ներկայացրած 3 կարևոր կետեր.

1. Բազմաթիվ կանայք և երեխաներ առևանգվեցին հենց իրենց ծննդավայր հանդիսացող քաղաքներից ու գյուղերից: Այս ընթացքում պատահել է, որ իրենց հարևան մահմեդականներն առաջարկեն նրանց թաքնվել իրենց տներում: Անտեր մնացած որբերը փախցվեցին վայրկյանների արագությամբ: Մի գերմանացի սպա Էրզրումի ամենագեղեցիկ հայ աղջկան՝ Քալֆայանին, իր հետ տարավ գետնի վրայով քարշ տալով: Երզնկայում և Տրապիզոնում թուրք սպաները տարան ամենահարուստ ընտանիքների կրթված աղջիկներին: Արտասահմանյան կազմակերպությունների շենքերում ապաստանածներն էլ տարվեցին ու հանձնվեցին «Իթթիհաթ վե Թերրաքիի» (երիտթուրքերի կուսակցությունը) անդամներին: 

2.  Քաղաքներից ու գյուղերից հեռացվելուց հետո կանանց և տղամարդկանց բաժանեցին իրարից: Տղամարդիկ ամենադաժան ձևով սպանվեցին: Կանայք ու երեխաները փախցվեցին, իսկ դրանից խուսափել հաջողածները փախուստի ճանապարհին սպանվեցին: Գաղթի ճանապարհի անմարդային պայմաններում գետի ջուրը խմելու թույլտվություն կարող էին ստանալ միայն որոշակի թվով հայ աղջիկ թուրք ժանդարմներին հանձնելու պայմանով: Սա պարբերական բնույթ է կրել: Հատկապես Քեմահ- Հալեպ, Քոնյա- Տարսուս ճանապարհին և Եփրատ գետի ափերին: 

3. Երբ այս խեղճերը հասնում էին որևէ հավաքատեղի, քրդերը, չեչենները և չերքեզները հարձակվում ու թալանում էին նրանց, խլում էին անգամ մարդկանց վրայի հագուստը:

Զաբել Եսայանն իր հաշվետվության մեջ նշել է նաև, որ առևանգված կանանց փրկելու և վերադարձնելու հարցում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Նա հայտնել է, որ հատկապես անչափահաս աղջիկների դեպքում պետք է ամեն ջանք թափել նրանց գտնելու և ողջ մնացած ազգականներին կամ համապատասխան միսիոներական կազմակերպություններին հանձնելու համար:

«Իսկ ահա չափահաս կանանց դեպքում իրավիճակն ավելի բարդ է: Նրանց դժվար է պահանջել նաև օրենքով: Նրանցից շատերն իրենց առևանգած մահմեդականներից երեխաներ են ունեցել, և ոմանք չեն ցանկանում լքել իրենց զավակներին: Ոմանք էլ բազմաթիվ ստորացումներ ու տանջանքներ կրելուց հետո ամաչում են հայկական հասարակություն վերադառնալ», -ասել է նա:

Հ.Գ. Զաբել Եսայանը ծնվել է Կ.Պոլսի Ուսքյուդար թաղամասում, առաջին ստեղծագործությունը հրապարակվել է 1895թ.-ին: Զաբել Եսայանն Ադանայի 1909թ.-ի կոտորածների ականատեսներից է, ինչի մասին գրել է իր հայտնի «Ավերակներու մեջ» գրքում, որը 2014թ.-ին թարգմանվել է թուրքերեն՝ «Արաս» հրատարակչության կողմից:

Եսայանը կյանքի ընթացքում բնակվել է Ստամբուլում, Փարիզում, իսկ 1933թ.-ին գաղթել է Երևան, որտեղ 1937թ.-ին զոհ է գնացել ստալինյան բռնաճնշումներին:

Scroll Up