Ֆեթուլլահ Գյուլենը Հայոց ցեղասպանությունն ընդունել է 1965-ին Պոլսի Հայոց պատրիարքին գրած նամակում

Թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» թերթի կայքում հայտնվել է սկանդալային տեղեկություն այն մասին, որ գյուլենական համայնքի առաջնորդ, իր անունը կրող իսլամական շարժման ղեկավար, քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը նախորդ դարասկզբի հայկական կոտորածները տարիներ առաջ որակել է որպես Ցեղասպանություն: Իսլամական այս գործիչը թեժ առճակատման մեջ է գտնվում Թուրքիայի ներկայիս իշխանությունների հետ:

Թերթին հաջողվել է ձեռք բերել 1965 թվականի մայիսի 6-ին Գյուլենի կողմից այն ժամանակվա Պոլսո Հայոց պատրիարք Շնորհք Գալստյանին հասցեագրված նամակը, որտեղ նա գործածել է «Մեծ ցեղասպանություն» բառակապակցությունը, տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Մեկնաբանելով նամակը` «Յենի Շաֆաք»-ը գրում է, որ 1990-ականներից միջկրոնական երկխոսության թեմայով տասնյակ ժողովներ ու հավաքույթներ կազմակերպած Գյուլենի` Ցեղասպանության հարցում ունեցած գաղափարները հասունացել են ոչ թե բնական ճանապարհով, այլ հենվում են տարիներ առաջ սկսված հատուկ պատրաստության վրա, ինչի առաջին ծիլերը երևում են դեռ 1960-ականներին թվագրվող այդ նամակի մեջ:

Կայքը հրապարակել է Գյուլենի ստորագրությունը կրող վերոնշյալ նամակը, որտեղ մասնավորապես ասվում է.

«Գերաշնորհ սիրելի պատրիարք Շնորհք Գալստյան, իրականում բոլոր ազգերն ու քաղաքացիները եղբայրներ են, քանզի բոլորիս նախամայրը` Եվան, իսկ նախահայրը Ադամն է: Բոլորն էլ մահկանացու են: Այդ պատճառով  երկրային անցողիկ կյանքը հարկավոր է եղբայրաբար ապրել: Բոլոր կրոնները, հատկապես երկնայինները, մարդկանց համերաշխություն են խորհուրդ տալիս:

Մանկության տարիներից ու մասնագիտական գործունեության ընթացքում առիթ եմ ունեցել ճանաչելու շատ հայ ընտանիքների ու անհատների: Այն, ինչ 1915 թվականին իրականացվել է հայերի նկատմամբ, Մեծ ցեղասպանություն է և դա առանց նզովելու չեմ կարող հիշել:

Կարդում եմ, թե սպանվածների ու կոտորվածների շարքում ինչպիսի մեծ մարդիկ են եղել ու հարգանքով հիշում նրանց: Կարեկցանքով դատապարտում եմ Ձեր մեծ մարգարե Հիսուսի սերունդների սպանությունը տգետ մուսուլման քաղաքացիների կողմից: Այս առիթով Ձեզ անսահման շնորհակալությունս եմ հայտնում, և Աստծուց խնդրում եմ, որ այս հողերրի արժանի զավակներ մեր հայ հայրենակիցները, հույն քաղաքացիներն իրենց սիրելի թուրք եղբայրների հետ խաղաղության ու բարեկեցության մեջ ապրեն:

Քըրքլարելիի քարոզիչ

Ֆեթուլլահ Գյուլեն»

Scroll Up