«Ես զինվոր եմ և ծառայում եմ հայկական մշակույթին». Անուշ Չախալյան
«Հայերն այսօրի» զրուցակիցը Գերմանիայի Մյունխեն քաղաքի Հայ հայրենակցական միության «Անուշ» պարախմբի հիմնադիր, պարուսույց և գեղարվեստական ղեկավար Անուշ Չախալյանն է:
Անուշը պարախումբը ստեղծել է տասնհինգ տարի առաջ, երբ Մյունխենում դեռ նոր էր համայնքային կյանքը ծիլեր տալիս: Չկային աշխատանքերը համակարգելու բարեկեցիկ պայմաններ, սակայն չեն ընկրկել՝առաջ են ընթացել այն համոզմամբ, որ հայկական մշակույթն են օտար ափերում ապրեցնում:
-Անու՛շ, մասնագիտական կրթություն որտե՞ղ եք ստացել:
-Ծնունդով Երևանից եմ: Սկզբնական մասնագիտական կրթությունս ստացել եմ Երևանի Բժշկական ուսումնարանի բուժական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանական բաժնում: Ինստիտուտն ավարտելուց հետո՝ 1996 թվականին ընդունվել եմ Հայաստանի Հանրապետության «Տարոն» գեղագիտական կենտրոնի պարարվեստի դպրոցը և ստացել ժողովրդական պարերի պարուսույցի որակավորում:
Հինգ տարեկանից եմ սկսել պարել: Պարի եմ հաճախել Շահումյանի պիոներ պալատում, Գեղարվեստադաստիարակչական կենտրոնում, Երիտասարդական պալատում, «Մալաթիա» պարախմբում, հաճախել եմ նաև դաշնամուրի, ասմունքի և թատերական այլ խմբակներ:
Երկար տարիներ բեմական գործունեություն եմ ծավալում. բեմն իմ երկրորդ տունն է, առանց որի չեմ կարող ապրել: Երախտապարտ եմ ծնողներիցս, որ իմ նկատմամբ հետևողական են եղել և հնարավարություններ ստեղծել ինքնազարգացմամբ զբաղվել:
-Ինչպե՞ս համակերպվեցիք օտար միջավայրին, հե՞շտ էր արդյոք Հայաստանից հեռու նոր կյանք սկսել:
-Տասնութ տարի առաջ ընտանիքով տեղափոխվելով Մյունխեն՝ սկզբնական շրջանում դժվար օրեր ենք անցկացրել, քանի որ շրջապատում հայերը սակավաթիվ էին, և մեզ ոչ ոք չէր ճանաչում:
Հետո իմացանք, որ Մյունխենում փոքրիկ հայ համայնք է գործում: Առաջին այցելությունս համայնք երբեք չեմ մոռանա:
Ոգևորված գնացի համայնքային նեկայացուցիչների հետ հանդիպման, որոնք նկուղային տարածքում էին հավաքվել: Ճիշտ է՝ փոքր-ինչ անհրապույր էր վայրը, բայց պատերից ներս հայերի ներկայությունից ջերմություն և անմիջականություն էր հորդում:
Ինձ Աստղիկ անունով մի ժպտերես կին մոտեցավ՝ հետաքրքրվելով արդյո՞ք Հայաստանից եմ եկել: Շատ ուրախացա և միանգամից պատասխանեցի՝ ես հայ եմ: Այդպես լուսահոգի տիկին Աստղիկի հետ միանգամից մտերմացա:
Բարեհամբույր տիկնոջ հետ անմիջական զրույցներից հասկացա, որ Մյունխենում հայկական կառույցներ չեն գործում, միակ հայկական վայրն այդ վարձակալած նկուղային հարկն էր, որտեղ ամեն ուրբաթ հայերը հավաքվում էին, քննարկումներ ծավալում և հայկական կերակուրներ պատրաստում:
Ժամանակի ընթացքում մտադրվեցի հայապահպանության ուղղությամբ քայլեր ձեռնարկել և ամեն ջանք գործադրեցի գաղափարս իրականացնելու համար:
-Ձեր գաղափարի իրականացման արդյունքը եղավ «Անուշ» պարախմբի «ծնունդը»: Ինչպե՞ս հաջողեցիք Մյունխենում պարախումբ ստեղծել:
– Առաջարկ ստացա համայնքի ատենապետ, պարսկահայ Էդիկ Մարգարյանից: Նա տեղյակ էր, որ վաղուց պարում եմ, այդ պատճառով էլ վստահեց ինձ: Ատենապետի առաջարկից ուրախացա, թևեր առա, քանի որ երազանքս իրականցնելու ճանապարհին էի հայտնվել:
Մեր առաջին ելույթը տեղի է ունեցել 2000 թվականին՝ համայնքում կայացած Թարգմանչաց տոնի ժամանակ, որտեղ հայրենասիրական երգերի հիման վրա 4 պարուհիների մասնակցությամբ բեմադրեցի «Հայոց աղջիկներ» պարը:
Ճիշտ է, պրոֆեսիոնալ մակարդակով գործունեություն չէինք ծավալում, բայց օտար հողի վրա հայկական պարեր պարելու գաղափարն ամեն բացասական միտք ցրում էր: Եթե պաշտոնապես նշենք, ապա 2001 թվականին է հիմնադրվել պարախումբը, երբ արդեն հաստատված կազմով ելույթ ունեցանք Վարդանանց տոնին: Այս տարվա դեկտեմբերին, մի փոքր ուշացումով՝ պատրաստվում ենք նշել խմբի կազմավորման 15-ամյակը:
-Պարախումբը կայանալու ճանապարհին ի՞նչ խոչընդոտներ է հաղթահարել:
-Խոչընդոտներ բազմաթիվ են եղել, որոնք առանց վհատվելու հաղթահարել ենք: Նախ խնդիր կար այնտեղի մարդկանց հոգեբանությունը հասկանալու և մտածելակերպն ընկալելու:
Մեզ շատ է օգնել բուլղարահայ Եկատերինա Դոլբակյանը, որը միշտ մեր կողքին էր: Նա ճիշտ խորհուրդներ էր տալիս մեզ՝ ուղղորդելով դեպի ճանաչման և կայացման: Ազգի նվիրյալ, բարի հայուհուն մենք «Անուշի մայր» ենք կոչում:
Հետո գերմանացի մի կին՝ Ռոզվիտան, որը Մյունխենում հինգ գերմանացի աղջիկների հայկական պարեր էր սովորեցնում, հրավիրեց իրենց համերգին ելույթ ունենալու: Համերգին ներկայացանք կրկին «Հայոց աղջիկներ» պարով, իսկ ես «Շալախո» մենապարը պարեցի:
Այդպես, ընդամենը մի քանի ամսվա ընթացքում հասցրեցինք ճանաչվել, նույնիսկ գերմանական մամուլն էր պարբերաբար անդրադառնում մեր գործունեությանը: Մյունխենում ամառային փառատոնի մասնակցեցինք, որտեղ ընդգրկվեցինք լավագույն եռյակում: Սկսեցինք տարբեր գերմանական փառատոների մասնակցելու հրավեր ստանալ:
Պարախումբ են հաճախում 3-45 տարեկան մարդիկ, շուրջ 70 անդամ ունենք: Մասնակիցների ընտրության հարցում հատուկ չափանիշներ չունենք. բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հայկական պարերը սովորել, սիրահոժար ընդունում ենք: Ես Սփյուռքում նրանց մինչև սահմանափակում դնելու իրավունք չունեմ:
Թող անհամեստություն չթվա, բայց ներկա դրությամբ Մյունխենի հայ երիտասարդներին հայկական մշակույթին և Հայաստանին կապող օղակը «Անուշ» պարախումբն է:
Պարախումբ այցելող երիտասարդների մայրերն ինձ շնորհակալություն են հայտնում՝ իրենց երեխաներին պարի միջոցով հայրենասիրությամբ վարակելու համար: Նրանք ասում են, երբ երեխաները տուն են գալիս, հապշտապ համացանցով Սայաթ-Նովայի, Կոմիտասի ստեղծագործություններն են փնտրում և լսում: Դա ինձ համար մեծ ձեռքբերում եմ համարում:
7 տարի շարունակ ղեկավարել եմ նաև Նյուրնբերգում իմ ջանքերով հիմնած «Հրաշք» պարախումբը: Առհասարակ, ամբողջ տարիների ընթացքում կողքիս է եղել և բոլոր հարցերում ինձ միշտ սատարել է ամուսինս՝ երաժիշտ Գեղամ Առաքելյանը:
– Համայնքային կյանքին պարախումբը մասնակցություն ունենու՞մ է:
– Անխտիր բոլոր միջոցառումներին մասնակցում ենք: Հավուր պատշաճի ներկայացանք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ելույթ ունեցանք նաև Մյունխեն հրավիրված ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու տարազների ցուցադրությանը նվիրված միջոցառմանը:
2015 թվականի ապրիլի 25-ին Բեռլինում հայերի հետ մասնակցեցինք բողոքի մեծ ցույցի: Ես Մայր Հայաստանի կերպարը խորհրդանշող համապատասխան հագուստով քայլում էի փողոցներով: Իսկ Ռեգենսբուրգ քաղաքում հայ ուսանողուհի Աննա Բաբայանի նախաձեռնությամբ, որը Ռեգենսբուրգի համալսարանի միջմշակութային հարաբերությունների բաժնում է սովորում, Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված ֆլեշ-մոբ կազմակերպեցինք պետական թատրոնի շենքի դիմաց: Բողոքի ցույցին հայկական քոչարին պարելով՝ ցույց տվեցինք, որ խաղաղասեր ազգ ենք և մեր զենքը մեր մշակույթն է:
«Անուշ» պարախումբը միշտ մասնակցում է Հայաստանից Մյունխեն ժամանած հայ էստրադային երգիչ-երգչուհիների համերգներին: Ինչպես օրինակ՝ վերջերս մասնակցեցինք Նունե Եսայանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կա՛նք, պիտի՛ լինենք ու դեռ շատանանք» համերգարշավին, որի կազմակերպիչներից էր հանդիսանում նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը:
-Ստեղծագործական տարիների ընթացքում ի՞նչ հետաքրքիր պատմություններ են տեղի ունեցել:
-Թերևս մեկ պատմություն հիշեցի այս պահին: Մեզ թուրք երիտասարդները հրավիրել էին մասնակցելու իրենց կազմակերպած միջազգային փառատոնին, որին տարբեր ազգերի պարախմբեր էին հրավիրված: Չմերժելով հրավերը՝ փառատոնին մի քանի հայկական պարեր պարեցինք և ջերմ ընդունելության արժանացանք:
Փառատոնի կազմակերպիչներից մի աղջիկ, համերգի ավարտից հետո մոտենալով ինձ, ծնկեց առջևս, ձեռքս բռնեց և շնորհակալություն հայտնեց հիանալի ելույթի համար: Ամեն անգամ այս պատմությունը հիշելիս՝ հոգիս ազգային ապրումներով է պարուրվում, և հուզվում եմ:
-Մինչ այժմ ի՞նչ նվաճումներ է ունեցել պարախումբը:
-Հիմա դժվար կլինի տասնհինգ տարվա նվաճումների մասին խոսել, քանի որ դրանք շատ են ու տարաբնույթ:
Մեզ համար մեծ նվաճում է հատկապես գերմանական պետական կառույցների կողմից միշտ ուշադրության արժանանալն ու տարբեր փառատոների և այլ միջոցառումների մասնակցելու հրավեր ստանալը:
2014 թվականին Բավարիայի շրջանային պարային մրցույթում մեծահասակների խումբը 2-րդ, իսկ փոքրահասակների խումբը՝ 3-րդ տեղը զբաղեցրեց, մեկ այլ մրցույթում Գերմանիայի երկրորդ լավագույն պարախումբը ճանաչվեցինք:
Եթե ներկայացնեմ Հայաստանի հետ կապված նվաճումները, ապա այս տարվա գարնանը, երբ Հայաստանում էի գտնվում, «Տարոն» գեղագիտական կենտրոնի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար խումբը արժանացավ «Հիշում եմ և պահանջում» մեդալի և շնորհակալագրի, իսկ հայ պարարվեստը Սփյուռքում ամուր հիմքերի վրա պահպանելու համար՝ հավաստագրի և ոսկե մեդալի:
Կենտրոնում ուշի-ուշով հետևել էին «Անուշի» գործունեությանը և որոշել էին մեզ նման մրցանակներով խրախուսել:
Զրուցեց Գևորգ Չիչյանը