«Ես եկել եմ, որ մնա՛մ, ես եկել եմ, որպեսզի վերջապես ապրեմ իմ Հայրենիքում». Ջորջ Վանեսյան

Հայրենադարձությունը ևս պատմական մի երևույթ է, մի տեղաշարժ, որր երբեմն լինում է և ակամայից, պարտադրված՝ ելնելով մարդու բնակավայրում, ծննդավայրում տեղի ունեցող աշխարհաքաղաքական  երևույթներից,  լայնածավալ  ռազմական գործողություններից . բարեբախտաբար, քիչ  չեն և այն դեպքերը,  երբ մարդը հայրենադարձվում  է իր սեփական որոշման համաձայն, իր երազանքի իրականացման նպատակով: Այդ երազանքի թևերով է Հայաստան եկել նաև սիրիահայ երաժիշտ- երգիչ, ատամնատեխնիկ  Ջորջ Վանեսյանն ու բնակություն հաստատել  Կոտայքի մարզի Զովունի գյուղում: «Հայերն այսօր»-ի խմբագրությունում հյուրընկալված Ջորջի հետ  ծավալված  իմ հարցազրույցի ընթացքում պարզ դարձան նրա  մտահոգություններն ու խնդիրները, նրա  նախասիրություններն ու ապագայի  ծրագրերը,  անավարտ երազանքներն  ու մտորումները:

«Ես ծնվել ու մեծացել եմ Սիրիայի Հալեպ քաղաքում. հայրս  ազգությամբ հայ է, մայրս՝ արաբ: Մինչև 17 տարեկան ապրել եմ Հալեպում. ցանկանոււմ էի հոգևորական դառնալ  և այդ նպատակով սովորեցի Հայ Կաթողիկե Սուրբ Վարդան եկեղեցում, սակայն  1993-ին տեղափոխվեցի Լիբանան, որպեսզի երաժշտություն սովորեմ: Ավարտեցի տեղի  կոնսերվատորիան, սովորեցի արևելյան երաժշտություն, մի քիչ աշխատեցի. երգում և ուդ էի նվագում: 20 տարի ապրեցի Լիբանանում, պատերազմի շրջանում վերադարձա Հալեպ:  Մարաքեշում ամեն տարի կազմակերպվում  էին փառատոներ, որոնց մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից  եկած երաժշտական խմբեր, երգիչ-երաժիշտներ, 2 անգամ երգել եմ Սիրիայում՝ Դամասկոսում:  Մասնավոր  կարգով  սովորեցի նաև  ատամնատեխնիկի գործը. պրոթեզավորող եմ: Դրանում մասնագիտացա մի քիչ Սիրիայում, մի քիչ՝ Լիբանանում: Մտածում էի, որ Հայաստանում կկարողանամ իմ բոլոր մասնագիտություններով աշխատանք գտնել, սակայն, ցավոք, շատ դժվարություններ ունեմ   և արդեն երկու ամիս է,  ինչ ոչ մի աշխատանք չունեմ:   Ես Հայասատան եկա,  որպեսզի լավ սովորեմ  հայերեն, ինչպես նաև՝ սովորեմ հայերեն երգեր. արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում եմ:  Բնական է, որ  ապրածդ երկրից մեկ այլ երկիր տեղափոխվելուց հետո բավականին դժվարություններ են լինում, ժամանակ է անհրաժեշտ՝ դրանք հաղթահարելու: Ես կարող էի Լիբանանում մնալ, երգել ու նվագել, պրոթեզավորման գործս անել, սակայն գերադասեցի Հայրենիք տեղափոխվել: Հիմա ապրելու, աշխատելու խնդիր ունեմ, աշխատանքի փնտրտուքների մեջ եմ. կցանկանայի որևէ խմբում ուդ նվագել,  երգել: Զովունիում «Զաքարիա» խանութի հարևանությամբ եմ ապրում  վարձով և իմ տանը կատարում եմ պրոթեզավորման աշխատանքներ, սակայն  հաճախորդների ցանկությամբ կարող եմ գնալ նրանց  տները, տեղում կատարել այդ աշխատանքները, վերցնել  չափսերը, պատրաստել ատամնապրոթեզները, կրկին այցելել հաճախորդի տուն, տեղադրել , անհրաժեշտության դեպքում՝ շտկումներ անել: Ասեմ նաև, որ իմ  կողմից տեղադրվող ատամնապրոթեզների (դրանց ներսում ես երկաթ եմ տեղադրում, որպեսզի  շատ երկար ծառայեն մարդուն) նյութը չինական չէ, այլ՝ իտալական ու գերմանական արտադրության: Ամեն օր սպասում եմ հաճախորդների և չեմ հուսահատվում: Անգամ աշխատանք չունենալով՝ երբևէ չեմ զղջում, որ Հայաստանում եմ հաստատվել:  Ինձ համար շատ կարևոր է  նաև հոգևոր սնունդը, որը ես ստանում եմ   երգ ու երաժշտության միջոցով. սեպտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում անց է կացվելու «Երգի օր»  միջոցառում, որի ընթացքում ես կատարելու եմ  երեք երգ՝ «Բինգյոլ», «Իմ անուշ տավիղ», «Մարտիկի երգը»:  Ես եկել եմ, որ մնամ, ես եկել եմ, որպեսզի   վերջապես  ապրեմ իմ Հայրենիքում, զգամ Հայաստանի շունչը»:

Կարինե Ավագյան

IMG_5971

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Scroll Up