«Իմ Հայաստան» փառատոնին մասնակցելը «Տաթև» երգչախմբի համար մեծ փորձառություն էր

«Իրանի Ամենափրկիչ եկեղեցու «Տաթև» երգչախումբը հիմնադրվել է այն ժամանակ Սպահանի Հայոց թեմի առաջնորդ լուսահոգի Տեր Կորյուն արքեպիսկոպոս Պապյանի և Նոր Ջուղայի կրոնական խորհրդի հովանավորությամբ՝ 1999 թվականին: Երգաչախումբը ստեղծելով՝ մեծ ցանկություն ունեինք իրանահայ երիտասարդներին հայկական երգ-երաժշտությանը ծանոթացնելոու և հաղորդակից դարձնելու ազգային մշակութային հարստությանը»,- «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Համիկ Ալեքսանյանը, որը հիմնադրման օրից առ այսօր երգչախմբի ղեկավարն է հանդիսանում:
Երգչախումբը ստեղծագործական երկարուձիգ տարիների ընթացքում հասցրել է համերգային ելույթներ ունենալու ոչ միայն Նոր Ջուղայում, այլև՝ Թեհրանում և Շիրազում: «Տաթևը» սկզբում քառաձայն երգչախումբ է եղել, որի կազմում տղաներ և աղջիկներ են ընդգրկված եղել, հիմա միայն աղջիկների խմբով է հանդես գալիս: Խումբը կիրակի օրերին նաև Պատարագներին է երգում և կիրակնամուտի արարողություններին մասնակցում:
Ինչպես տեղեկացրեց Համիկ Ալեքսանյանը, «Տաթևի» համար հիշարժան ելույթներից է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգը, որի ժամանակ Արևմտյան Հայաստանի քաղաքներին նվիրված երգեր են կատարել:
Խմբի համար կարևոր ձեռքբերում էր նաև անվանի երաժիշտներ Նիկոլ Գալանտերյանին և Թաթուլ Ալթունյանին նվիրված համերգին մասնակցելը և 2006 թվականին Նիկոլ Գալանտերյանի ստեղծագործությունների հիման վրա ձայնասկավառակի թողարկումը:
ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայասատան» համահայկական փառատոնին մասնակցելը Համիկ Ալեքսանյանը նույնպես կարևոր ձեռքբերում է համարում, որի մասին հետևյալն ասաց. «Այս փառատոնին մասնակցելով՝ բոլորս մեծ փորձառություն ունեցանք, որի համար շատ շնորհակալ ենք ՀՀ սփյուռքի նախարարությանը: Դրական տպավորություն ստացանք փառատոնից, երգչախմբի անդամների մոտ մինչև Հայաստան գալն արդեն ոգևորությունը նկատելի էր: Նրանք տպավորվեցին հատկապես Գյումրիում և Վանաձորում ելույթ ունենալուց, որտեղ ջերմ ծափողջույնների արժանացան»:
Գևորգ Չիչյան