«Պարը շարժում է, ռիթմ է, կյա՛նք է, որն անընդհատ շնչում է, ապրում և ապրեցնում». Աշոտ Ղազարյան
ՀՀ սփյուռքի նախարարության հետաքրքիր և սիրված ծրագրերից է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, որին այս տարի իրենց մասնակցությունն են բերել աշխարհի 25 երկրներից ժամանած սփյուռքյան ճանաչված 48 պարային համույթներ՝ իրենց ուրույն ձեռագրով, ուշագրավ կատարումներով արժանանալով հայաստանյան երաժշտասեր հանդիսատեսների բուռն ծափահարություններին ու ջերմ վերաբերմունքին: Համույթների գեղարվեստական ղեկավարների, համայնքային կառույցների մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հարցազրույցներ են արվում մեր՝ «Հայերն այսօր»-ի խմբագրությունում. այդպիսի մի հարցազրույցի հյուր էր իմ զրուցակից, ՌԴ-ի Կալուգայի մարզի հայկական համայնքի մշակութային կազմակերպության ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, ճանաչված դուդուկահար Աշոտ Ղազարյանն, ով փառատոնի օրերին ներկայացնում է Կալուգայի «Տաշիր» պարային համույթը:
-Պարո՛ն Ղազարյան, պարային համույթի անունն իսկ արդեն ինձ հուշում է, որ այստեղ անպայմանորեն առկա է մեծ բարերար, գործարար Սամվել Կարապետյանի աջակցությունը, այդպե՞ս է…
-Անշո՛ւշտ, Դուք ճիշտ եզրակացություն եք արել. մենք շատ բանով ենք պարտական Սամվել Կարապետյանին, ում աջակցությամբ ու անմիջական հովանավորությամբ կարողանում ենք Կալուգայի հայկական համայնքում պահել, պահպանել, զարգացնել մշակութային կյանքը, որը Հայրենիքից դուրս հայապահպանության կարևոր նախապայմաններից ու գործոններից է:
-Հայաստանում վաստակ ու ճանաչում ունենալով՝ ինչո՞ւ և ինչպե՞ս հայտնվեցիք Կալուգայում, Ձեզ հրավիրե՞լ են:
-Այո՛, ինձ հրավիրել է անձամբ ինքը՝ Սամվել Կարապետյանը, հորդորելով, որ ես զարկ տամ համայնքային մշակութային կյանքին, ինչպես նաև՝ զարգացնեմ դուդուկի արվեստը համայնքում, ցանկություն ունեցողներին սովորեցնեմ մեր հրաշք ծիրանափողի նրբերանգները: Ես մեծ սիրով հանձն առա այդ պարտականությունը և պատասխանատվությամբ եմ այն կատարում. պատկերացրեք, որ բացի հայերից՝ ազգությամբ ռուս երկու աղջիկներ ևս ցանկություն հայտնեցին դուդուկ նվագել սովորել. նրանցից մեկը, հանուն դուդուկի և ի շնորհիվ դուդուկի, այնքա՜ն սիրեց հայերին ու մեր մշակույթը, որ ամուսնացավ Ծալկայից Նովորոսիյսկում բնակվող հայ տղայի հետ և շարունակում է նվագել:
-«Տաշիր» պարային համույթն առաջի՞ն անգամ է մասնակցում այս փառատոնին և, առհասարակ, Կալուգայից դուրս, որտե՞ղ է համերգներ ունեցել:
– Արդեն երկրորդ անգամ ենք մասնակցում համահայկական այս գեղեցիկ ու բովանդակալից փառատոնին, իսկ հիմնականում Կալուգայի մարզում ենք ելույթներ ունեցել. առաջիկայում, իհարկե, կան ու կլինե՛ն նոր ծրագրեր:
-Տարիքային ի՞նչ խմբեր են ընդգրկված համույթում, ովքե՞ր են պարուսույցները:
-Ընդունում ենք 6 տարեկանից մինչև 30 տարեկան անձանց…Ավելի բարձր տարիք ունեցողներ դեռևս չեն դիմել: Պարուսույցը պրոֆեսիոնալ է՝ Հայկ Սահակյանը: Տքնաջան աշխատանք է տարվում պարողների հետ, որովհետև նրանք պրոֆեսիոնալներ չեն, չունեն մասնագիտական որևէ կրթություն, սակայն ունեն բացառիկ սեր հայկական պարարվեստի հանդեպ. հե՛նց այդ սերն ու հետաքրքրվածությունն է, որ ակամայից ստիպում է լինել քո գործի նվիրյալը:
-Ինչպե՞ս եք լուծում տարազների հարցը:
-Այս և նման բոլոր հարցերով մեզ ֆինանսավորում է պարոն Կարապետյանը. մենք ոչ մի խնդիր չունենք. տարազները պատվիրում ենք Հայաստանում, այստեղ են կարում:
– Անլուծելի ի՞նչ խնդիրներ ունի պարախումբը:
-Անլուծելի խնդիրներ չկա՛ն, չունենք. միակ խնդիրն այն է, որ արդեն պատրաստված, կայացած պարողները, հիմնականում՝ աղջիկներ, ամուսնանում են, դադարում են պարել, և մենք նրանց փոխարինում ենք նորերով՝ ամեն ինչ սկսելով սկզբից:
-Այս փառատոնի ընթացքում պարային համույթներից որի՞ ելույթն էր Ձեզ համար առաջինն ու բացառիկ լավագույնը:
-Անկեղծ ասեմ, որ այդպիսի համույթ չկար. բոլորի մոտ էլ ինչ- որ բան կար գնահատելու, սակայն պրոֆեսիոնալիզմի պակասն անպայման իրեն զգացնել էր տալիս, անցյալ տարվա խմբերն այդ առումով կարծես թե ավելի երևելի էին: Միշտ կարելի է և պե՛տք է սովորել միմյանցից, ընդհանրապես, պե՛տք է շարունակ աշխատել, մշակել ամեն մի համար, շտկել թերություններն ու կատարելագործվել: Պարը շարժում է, ռիթմ է, կյա՛նք է, որն անընդհատ շնչում է, ապրում և ապրեցնում:
-Պարո՛ն Ղազարյան, կրկին ուզում եմ անդրադառնանք դուդուկի թեմային. միայն հայկական երաժշտությու՞ն եք հնչեցնում Ձեր համերգների ընթացքում:
-Հայկականն՝ անպայման, բայց ես իմ ծրագրում ընդգրկում եմ նաև համաշխարհայիւն դասական երգահանների գործերը: Դուդուկը տալիս է այդ հնարավորությունը, հրաշալի կատարումներ են լինում, որոնք թե՛ հայ, թե՛ օտար ազգերի հանդիսատեսների կողմից շատ լավ են ընդունվում:
-Ի՞նչ է տալիս Ձեզ դուդուկը….
-Այն ինձ համար մի ամբողջ աշխարհ է, դուդուկն ինձ տալիս է հե՛նց ինձ: Դա մի կյանք է, մի տարածք, տիեզերական մի անսահմանության, մի չբացատրվող զգացում, առանց որի ես երբեք չեմ կարող պատկերացնել իմ կյանքը:
-Մեր զրույցի ընթացքում ինձ համար հասկանալի դարձավ, որ Կալուգայում հայկական համայնքը կայացած է բոլոր առումներով, և կա ուժեղ, աշխատող թիմ…
-Այդպե՛ս է: Մեր համայնքը ղեկավարում է բանիմաց մի անձնավորություն՝ Վասպուրակ Պողոսյանը, փոխնախագահն է Լալա Սուքիասյանը, իմ օգնականն է Մարիամ Հովհաննիսյանը, ով շատ է օգնում ինձ, շատ ակտիվ է, գործունյա: Համայնքն ապրում է մշակութային ակտիվ կյանքով, համերաշխ ու բարյացկամ մթնոլորտում:
– Սփյուռքի նախարարության հետ ե՞րբ եք բարեկամացել և սկսել համագործակցությունը:
-Ասեմ, որ դեռևս խորհրդային տարիներից եմ ճանաչում Սփյուռքի նախարարին, երբ կար կոմերիտական կառույցը. վաղուցվա բարեկամներ ենք, իսկ նախարարության հետ համագործակցությունն էլ նոր չի ձևավորվել. շատ բարձր եմ գնահատում նախարարի ձեռնարկած բազմաբնույթ ծրագրերն ու նրա ձևավորած թիմի աշխատանքը: Նախարարության բոլոր ծրագրերը միանշանակ օգնում են հայապահպանության շատ կարևոր, հրատապ խնդրին. այս կառույցի գոյությունն, իրոք, անհրաժեշտություն էր դրսում ապրող մեր հայրենակիցների, ողջ Սփյուռքի համար:
-Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Հայաստանից:
– Հայրենի երկրում լիցքեր, մի տեսակ գերբնական ուժ եմ ստանում, ջերմություն եմ առնում Հայաստանի արևից, և ես այդ ամենը տանում եմ ինձ հետ:
-Շնորհակալությո՛ւն, բովանդակալից, հետաքրքիր զրույցի համար. թո՛ղ Ձեր դուդուկը մշտապես հնչի աշխարհի բոլոր անկյուններում՝ իր դյութական հնչյուններով պատմելով հայի ու Հայաստանի մասին, թո՛ղ «Տաշիր» պարախումբը երբևէ չդադադարեցնի իր գործունեությունը և հետագայի ծրագրերում ընդգրկի նորանոր ու յուրօրինակ կատարումներ:
Կարինե Ավագյան