«Իմ Հայաստանը» բոլորիս տոն է պարգևում. Հրաչ Գևորգյան

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում գործող «Արփի» հայկական պարախումբը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստանը» համահայկական փառատոնին: Պարախմբի գեղարվեստական ղեկավար և պարուսույց Հրաչ Գևորգյանը կարևորում է փառատոնի գոյությունը՝ նշելով, որ այն Հայրենիք-Սփյուռք մշակութային կամուրջ ստեղծելու, սփյուռքահայ երիտասարդներին հայրենասիրությամբ տոգորելու լավագույն միջոցներից է:

«Իմ Հայաստան» փառատոնից ստացած տպավորությունների, պարախմբի ձեռքբերումների մասին է «Հայերն այսօրի» հարցազրույցը Հրաչ Գևորգյանի հետ:

-Պարո՛ն Գևորգյան, «Արփի» պարախումբը քանի՞ տարվա պատմություն ունի:

-Պարախումբը  ստեղծվել է 2011 թվականին: Այս տարի լրանում է մեր բեմական գործունեության հնգամյակը, ինչը և նպատակ ունենք համերգային ծրագրով նշել:

Մինչ պարախմբի ստեղծումը, Դոնի Ռոստովում ոչ մի պարախումբ չէր գործում: Կարելի է ասել՝ մենք «առաջամարտիկներից» մեկն ենք այս բնագավառում: Ինչպես կռահելի է, զբաղվում ենք հայկական ժողովրդական պարերի ուսուցմամբ: Միաժամանակ սովորեցնում ենք նաև տվյալ պարի ծագումն ու պատմությունը, որպեսզի պարողները պատկերավոր գիտելիքներ ունենան, թե ինչ են ներկայացնում: Այս  հանգամանքը շատ է օգնում, որպեսզի նրանք լավ պարեն:

Պարախմբի կազմում քանի՞ հոգի է ընդգրկված:

Այս պահի դրությամբ՝ 20 պարող ունենք, որոնք բաժանված են երկու խմբի՝ փոքրերի և մեծերի: Ցավոք, պարախմբում տղաների պակաս է զգացվում: Պարախմբում միայն բարիդրացիական, ընկերական հարաբերություններ են տիրում, ինչի մասին միշտ երազել եմ: Բոլորը խաղաղասեր են և փոխըմբռնող: Նրանք անհամբերությամբ են սպասում հանդիպումներին, իսկ փորձերից հետո՝ դժվարությամբ են բաժանվում:

Տարիների ընթացքում նկատել եմ, որ սփյուռքահայ երիտասարդները հաճույքով են հայկական պարեր սովորում: Պարախումբ են գալիս այն գիտակցությամբ, որ Սփյուռքում ապրելով հանդերձ՝ պետք է պարտադիր ազգային  մշակույթին հաղորդակից լինել:

-Պարո՛ն Գևորգյան, ստեղծագործական հինգ տարիների ընթացքում «Արփին» ի՞նչ բարձունքներ է նվաճել:

Շատ կարճ ժամանակում արդեն ճանաչում և համբավ ունեցանք Դոնի Ռոստովի ոչ միայն հայկական, այլև՝ ռուսական շրջանակներում: Պարբերաբար ռոստովյան կառույցների կողմից հրավերներ ենք ստանում մասնակցելու տարբեր փառատոների և միջոցառումների: Օրինակ՝ «Իմ Հայաստան» փառատոնին մասնակցելուց առաջ ելույթ ունեցանք Դոնի Ռոստովի Արդարադատության համալսարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը, որին նաև այլ ազգերի պարախմբեր էին մասնակցում՝ ներկայացնելով իրենց ժողովրդական պարերը: Նրանց հետ նույնպես արդեն բարեկամացել ենք, քանի որ համերգների ժամանակ պարբերաբար հանդիպում ենք: Մասնակցեցինք նաև «Донская Волна» մրցույթին, որտեղ մեր մեծահասակների խումբն արժանացավ առաջին կարգի, իսկ փոքրահասակների խումբը՝ երկրորդ կարգի մրցանակի: Մի խոսքով, միշտ ակտիվ գործունեություն ենք ծավալում:

– Ինչու՞ պարախումբն «Արփի» անունով կնքեցիք:

– Պարախմբի անդամներն են ընտրել անունը: Առաջարկված մի քանի տարբերակներից վերջնական արդյունքում «Արփի» անվան շուրջ կանգ առանք: Շատ եմ սիրում այդ անունը: Այն իր մեջ նորի և լույսի խորհուրդն է պարունակում: Եվ քանի որ մենք՝ իբրև պարախումբ, առաջինն էինք Դոնի Ռոստովում, այդ պատճառով էլ որոշեցինք «Արփի»  անվանել:

-Այժմ խոսենք ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասին: Առաջին անգա՞մ է «Արփին» մասնակցում փառատոնին:

-Ո՛չ, երկրորդ անգամ ենք մասնակցում ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին: Առաջին մասնակցությունը 2014 թվականին է եղել: Մեզ համար մեծ հաղթանակ է «Իմ Հայաստան»-ին մասնակցելը: Փառատոնին աղջիկների 9 հոգանոց խումբը ելույթ ունեցավ:

Պարախմբի անդամները ոգևորությամբ, ազգային ապրումներով են մասնակցում փառատոնին: Ոգեշնչվում են հատկապես Հայաստանում գտնվելու առիթից: Նրանք Մայր հայրենիքում լիցքավորվում են և ուժ ստանում: Վերադառնալով Դոնի Ռոստով՝ սկսում են ավելի եռանդով աշխատել՝ արդեն իսկ անհամբերությամբ պատրաստվելով երկու տարի հետո կայանալիք փառատոնին:

Այդ ընթացքում նրանք որոշում են, թե հանդիսատեսին պարային ինչ համարներ են ներկայացնելու, բեմական հագուստներն են ընտրում, միմյանց հետ քննարկումներ կազմակերպում:

Ես միշտ ասում եմ, որ փառատոնը տասը օրով չի սահամանափակվում, այն երկու տարի ընթացքի մեջ է:

-Սփյուռքյան պարախմբերին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցելն ի՞նչ է տալիս:

– Փառատոնին մասնակցելը նախ հնարավորություն է տալիս ծանոթանալու և բարեկամանալու տարբեր երկրներից եկած պարախմբերի անդամների հետ: Իմ անձնական օրինակով փաստեմ, որ այս փառատոնի շրջանակներում պարախմբի ղեկավարներից արդեն 10 հոգու հետ եմ մտերմացել:

Փառատոնը, իրոք, տոն է պարգևում բոլորին: Այնքան էլ մեծ ուշադրություն պետք չէ դարձնել պարի որակի վրա: Մասնակցությունն արդեն նվաճում է բոլորիս համար: Պարախմբերի ղեկավարները նույնպես մեծ փորձ են ձեռքբերում, աշխատանքի հանդեպ նոր մեթոդների, մոտեցումների տիրապետում:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ «Իմ Հայաստան» փառատոնը կազմակերպելու համար: Գիտեմ, թե ինչ մեծ ծավալի աշխատանք են իրականացնում մեզ համար:

-Համայնքային միջոցառումների, համերգների և շրջագայությունների մասնակցելուց բացի, «Արփին» այլ գործունեություն ծավալու՞մ է:

-Աշուշտ, պարախումբը նախաձեռնել է «Պարիր մեզ հետ» ծրագիրը, որի նպատակն է սփյուռքահայերին հայկական պարեր ուսուցանելը: Այս միջոցով մենք կնպաստենք նաև հայ մշակույթի զարգացմանը: Ծրագրի շրջանակներում խմբի պարողները այցելելու են Ռոստովի հայկական դպրոցներ և երեխաների հետ դասընթացներ են իրականացնելու: Տեղյակ էինք, որ Հայաստանում «Կարին» ազգագրական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, հայ պարարվեստի երախտավոր Գագիկ Գինոսյանը այդպիսի նախագիծ է իրականացնում: Չնայած մտերիմ հարաբերություններ ունեմ նրա հետ, բայց հեղինակային իրավունքները չխախտելու համար՝ խնդրեցի, որ թույլատրի նմանօրինակ մի նախագիծ էլ մենք իրականացնենք: Գագիկ Գինոսյանը համաձայնություն տվեց առաջարկիս, և միասին աշխատելու մի քանի գաղափար էլ նա ներկայացրեց: Այժմ բոլոր հարցերը քննարկման փուլում են: Ֆինանսական խնդիրները լուծելուց հետո, այս նախագիծն արդեն կկարողանանք կյանքի կոչել:

Նախագծի շրջանակներում ելույթ կարող են ունենալու նաև բոլոր ցանկացող պարախմբերը: Մտադրություն ունենք հետագայում հրավիրելու այլ ազգերի պարախմբերի ևս՝ ի նշան բարեկամության: Այս ծրագրով՝ փորձելու ենք ազգամիջյան հարաբերություններ ձևավորել և մարդկանց ազգային պարեր սովորեցնել:

Պարախումբն Ապրիլյան քառօրյա պատերազմին նույնպես անարձագանք չմնաց: Սրտի ցավով տեղեկացանք Արցախում տիրող ողբերգական վիճակի մասին:

Այդ նպատակով՝ մայիսին կազմակերպեցինք «Արցախը ես եմ» խորագրով համերգային բարեգործական ծրագիր, որին մասնակցեցին Դոնի Ռոստովում գործող 4 պարախմբեր:

Համերգի շրջանակներում դրամահավաք կազմակերպեցինք, որից գոյացած հասույթը շուտով փոխանցելու ենք ադրբեջանական նախահարձակ գործողությունների ժամանակ զոհված, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում ծնված Գագիկ Մելքոնյանի ընտանիքին:

Ռոստովաբնակ հայերը աննախադեպ ակտիվություն ցուցաբերեցին համերգին և իրենց հնարավորության սահմաններում նեցուկ եղան արցախցիներին: Հետագայում արդեն այլ ընտանիքների նույնպես կօգնենք:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

Հրաչ1

Scroll Up