«Մենք հայկական պարի միջոցով մի փոքրիկ Հայաստան ենք ներկայացնում դրսում». Վահրամ Համբարձումյան

Մեզանից ո՞վ չի հիացել արգենտինական աշխարհաճանաչ տանգոների կատարումներով. մի սրտաչափ Հայաստանից շատ հեռու գտնվող  Արգենտինայում  և ուրիշ այլ երկրներում տաղանդավոր հայերը կարողացել են թե՛ հայկական, թե՛  օտար մշակույթն այնպես ներկայացնել, որ անգամ այդ երկրների ներկայացուցիչները հիացմունք ու զարմանք են ապրել և հե՛նց  մեր  մշակույթով, մեր երգով ու պարով ճանաչել Հայաստանը:

ՀՀ  սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում  աշխարհի տարբեր երկրներից ժամանած պարային 47 համույթներ ելույթ ունեցան հայաստանյան բեմահարթակներում: Թեև ոչ արհեստավարժ, սակայն բոլոր պարախմբերն էլ կարողացան յուրովի ներկայացնել հայկական պարը, որն օտար ափերում հայապահպանությանը նպաստող կարևոր գործոններից մեկն է: Արգենտինայից ժամանած պարային երկու՝«Նաիրի» և «Մասիս»  համույթներն իրենց տպավորիչ ելույթներով արժանացան ոչ միայն հայ հանդիսատեսի չլռող ծափահարություններին, այլև՝ Սփյուռքի նախարարության բարձրագույն  պարգևին՝ Ոսկե մեդալի: 1978թ. ստեղծված Բուենոս Այրեսի ՀՕՄ-ի «Նաիրի» հայկական ժողովրդական  պարախումբն իր գոյության 38  տարիների  ընթացքում տարբեր գեղարվեստական ղեկավարներ է ունեցել, խմբին դասական պարի գիտելիքներով աջակցել է նաև ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը: Ներկայումս վաստակաշատ այդ պարախումբը ղեկավարում են Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնի պարող Վահրամ  Համբարձումյանն ու  նրա տիկինը՝ պարուհի Թերեզա Սարգսյանը:  Հայրենիքում պարարվեստի բնագավառում կրթված, իրենց առաջին քայլերն արած ու կայացած ամուսինները եղել են Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար պարողներից: Տարիներ առաջ, տեղափոխվելով Բուենոս Այրես, նրանք  նվիրվեցին իրենց սիրած աշխատանքին՝ շարունակելով նախորդ ղեկավարների ավանդույթները, լրացնելով, ավելացնելով ու զարգացնելով  համույթի պարացանկը:

«Հայերն այսօր»-ի խմբագրությունում հյուրընկալված ամուսինների հետ ունեցած հարցազրույցիս ընթացքում ես տեսա, զգացի այդ նվիրյալ հայորդիների՝ Վահրամի ու Թերեզայի՝ իրենց մասնագիտական ոլորտի հետ կապված ապրումները, մտահոգություններն ու ոգևորությունը:

-Վահրա՛մ, ներկայացրեք խնդրեմ  Ձեր և Ձեր պարախմբի անցած ստեղծագործական ուղին:

  -10 տարի է, ինչ մենք ենք ղեկավարում «Նաիրի» պարային համույթը: Առաջին անգամ ենք ելույթներ ունենում  հայաստանյան բեմերում: Ավարտելով Երևանի պարարվեստի ուսումնարանը՝ մենք հե՛նց  արվեստի այդ դարբնոցում ստացել ենք պարի համար պարտադիր և հիմնավոր գիտելիքներ, որոնք կարողացել ենք հմտորեն կիրառել մեր աշխատանքում: Ե՛վ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, և այստեղ՝ Բուենոս Այրեսում աշխատելու տարիներին, այդ գիտելիքների ու փորձի շնորհիվ մենք կարողացանք լավ արդյունքների հասնել: Մեր աշխարհում չկա և չի՛ կարող ստեղծագործական դադար լինել. երբ դու աշխատաում ես, շարունակ ստեղծագործում ես, փնտրում և գտնում  ես ավելի լավն ու գեղեցիկը. դեռևս Երևանում մենք ստեղծել ու ղեկավարում էինք մանկական երաժշտական թատրոնը, այստեղ՝ Բուենոս Այրեսում, ստեղծեցինք «Շիրակ» պարի  մանկական համույթը:  Մենք հասել ենք այն բանին, որ պարը դառնա ապրելակե՛րպ, կյա՛նք, զգացմունքներն ու  ազգային մտածելակերպն արտահայտող միջոց: Մենք  պարի միջոցով մի փոքրիկ Հայաստան ենք ներկայացնում դրսում: Պարը ևս հայապահպանության  միջոց է:

-Արգենտինայում  ճանաչո՞ւմ են Ձեր ղեկավարած պարախումբը, ի՞նչ կարծիք ունեն արգենտինացիները հայկական պարային համույթի մասին:

-«Կոլոն» թատրոնն, ուր ես աշխատում եմ, համարվում է աշխարհի լավագույն  թատրոններից մեկը. ինձ մի շքանշան տվեցին և այդ միջոցով հրավիրեցին, խնդրեցին, որ մի համերգ տանք. այդտեղ պետք է ներկայանային լավագույն  պրոֆեսիոնոլ խմբեր, սակայն ես ներսումս միանգամից ասացի, ճչացի՝ այո՛. և այդ պատասխանը  պարտավորեցնում էր լավագույնս ներկայանալ այդ համերգին: Մեր պարողները պրոֆեսիոնալներ չեն, սակայն կարողանում են ներկայանալ  բարձր մակարդակով, որը հետևանք է աշխատասիրության, հայկական պարարվեստի հանդեպ ունեցած  սիրո: Պատրաստվեցինք  և ներկայացրեցինք Ազատ Ղարիբյանի բեմադրած երեք պար՝«Վեր վերի», «Իլիկներ», «Թամզարա». հաջորդ օրն ամենանշանավոր թերթերից մեկում գրվեց, որ հայկական պարախմբի ելույթը զարմացրել է հանդիսատեսին: Այնքա՜ն էին տպավորված մեր պարային դետալներով, որ հաջորդ օրն ընկերներս, «Վեր վերի» պարի  շարժումները նմանակելով, բռնում էին իրենց ոտքերը՝ փորձելով կրկնօրինակել ինձ, իսկ աղջիկները նմանակում էին իլիկներին:

-Ինչպիսի՞ աշխատանքներ եք տանում՝ ավելի  լավ որակ  հաղորդելու պարային համարներին:

-Նախ՝ շարունակ պարապում ենք, մանրամասնությամբ աշխատում ամեն մի դետալի վրա, մաքրում ենք երաժշտությունը, հետևում ձայնագրության որակին, հանում աննշան թվացող ամեն մի ավելորդ հնչյունն իսկ: Կար ժամանակ, երբ համագործակցում էինք Կորդոբա քաղաքի մեր ընկերների «Գուսան» գործիքային համույթի հետ. համատեղ համերգներ ենք ունեցել, սակայն հետագայում սկսեցինք աշխատել ձայնագրություններով: Մեզ համար անչափ կարևոր է նաև կարգապահությունը. եթե որևէ դահլիճում համերգ ենք տալիս, մենք պետք է հրաշալի, բարեկիրթ տպավորություն թողնենք մեզնից հետո, այսինքն՝ ետնաբեմը թողնենք իդեալական մաքուր, հավաքված վիճակում: Հայի մասին պետք է  լավագույն կարծիք ստեղծենք ամե՛ն ինչում:

-Տարազների, գլխազարդերի, գոտիների, առհասարակ՝ արդուզարդի հարցերն ինչպե՞ս եք լուծում. կարողանու՞մ եք  ճշտորեն ընտրել համապատասխան պարին, այդ պարը ներկայացնող տարածաշրջանին բնորոշ հագուստները, կտորեղենը:

-Միշտ  չէ, որ  կարողանում ենք  գտնել մեր ուզած երանգներով հարմար կտորեղեն,   ուստի հաճախ ընտրում ենք մոտավորապես մեր նախընտրած գույնը հիշեցնող  տարբեր կտորներ. իհարկե, դյուրին չէ նաև  արդուզարդի հարցի լուծումը, գտնում ենք  պատրաստող վարպետներ, օգտվում ենք Լուսիկ Ագուլեցու գրքերից, ընտրում տվյալ շրջանին բնորոշ հագուստն ու  արդուզարդը և պատվիրում. բոլոր ծախսերը հոգում է ՀՕՄ-ը: Տարազների հարցն իր վրա է վերցրել Թերեզան:

-Ո՞ւմ  մշակած, բեմադրած պարերն եք հիմնականում ներկայացնում:

-Հիմնականում ներկայացնում ենք Ազատ Ղարիբյանի պարերը.մեզ շատ հոգեհարազատ են նրա  բեմադրությունները: Թե՛ ես, թե՛ կինս՝Թերեզան, շատ բարձր ենք գնահատում Ղարիբյանի  պարերը և հիմնականում մեր ծրագրում ընդգրկում ենք հե՛նց դրանք:

– Դրսում  մեր պարախմբերի համերգներն  իրենց բարձրակետին են հասնում մեր ավանդական «Քոչարի»-ով և «Բերդ» պարով, որոնք բեմադրել են տարբեր հեղինակներ. ո՞ւմ բեմադրած «Քոչարին» եք ներկայացնում  համերգների ժամանակ:

-Ներկայացնում ենք թե՛ Ազատ Ղարիբյանի, թե՛ Գագիկ Կարապետյանին բեմադրությունները. վերջերս ինքս էլ եմ բեմադրել «Քոչարի»: Խանամիրյանից վերցրել ենք «Բերդ»-ի բեմադրությունը, վերջերս էլ՝ «Կինտոների պարը», Արա Գևորգյանից ՝ «Մուշը», Գագիկ Կարապետյանից վերցրել ենք «Ազգագրական»-ը:

-Հարցս ուզում եմ ուղղել Թերեզային. ո՞ր պարն է, որ երկուսդ էլ շատ եք հավանում, համարում եք գլուխգործոց, և խումբն էլ այդ պարը լավ է կատարում:

а3

Եթե նկատեցիք, մենք Ազատ Ղարիբյան արվեստագետի երկրպագուն ենք. ինձ համար գլուխգործոց է Ազատ Ղարիբյանի «Էլեգիա»-ն, նաև՝ Արա Գևորգյանի «Արագած»-ը: Այս պարերը լավ կատարման հնարավորություն են տալիս:

-Վահրա՛մ, ինչ–որ բան ունե՞ք ավելացնելու Թերեզայի ասածներին…

-Պարախումբը մի տարի կարող է պարերից մեկը լավ պարել, հաջորդ տարի՝ մեկ ուրիշ պար…Ինչ վերաբերում է նախընտրած հեղինակներին, ասեմ, որ Թերեզայի հետ համամիտ եմ Ազատ Ղարիբյանի առումով: Շատ հոգեհարազատ է նաև Արա Գևորգյանի «Մուշը»:

-Դուք «Իմ Հայաստան» փառատոնի ընթացքում մեծ հաջողություն ունեցաք,  արժանացաք ՀՀ սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևին՝ Ոսկե մեդալի, որի կապակցությամբ  ջերմորեն շնորհավորում եմ և նորանոր հաջողություններ եմ մաղթում պարարվեստի բնագավառում:  Թո՛ղ  Ձեր գեղեցիկ ընտանիքում, Ձեր երեք զավակների   սրտերում  Հայաստանն ու հայերենը, հայեցի՛ն, ազգայի՛նը մշտապես լինեն  ու մնան՝ իբրև բարձագույն  արժեք:

-Շնորհակալությու՛ն ջերմ մաղթանքների համար: Մեր ստացած Ոսկե մեդալը հաղթանակ է ամեն մեկիս ներսում, մեր պարողներից շատերն առաջին անգամ էին Հայրենիքում և այսպիսի հաջող ելույթները, ջերմ ընդունելությունն անպայմանորեն կմնան մեր պարողների հիշողության մեջ, նաև՝ հետագա աշխատանքի վրա անպայման կունենան դրական մեծ ազդեցություն: Շնորհակյալությու՛ն, Հայրենիք, շնորհակալությու՛ն Սփյուռքի նախարարություն:

Զրուցեց Կարինե Ավագյանը  

ՎահրամNairi-Echmiadzin Վահրամ1а2Nairi-cuartelNairi-ararat.-2а7argentina

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Scroll Up