Առաջին անգամ Հայաստան եկած թիֆլիսահայ ընկերուհիներն իրենց հետ կտանեն հայկական մրգերի համը

16-ամյա Ալինա Ղազարյանն ու Աննա Մսրյանն առաջին անգամ են Հայաստանում: Եկել են՝ մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին: 10-օրյա հագեցած օրերից հետո նրանք արդեն ճամբարում են, բազմաթիվ ընկերներ են ձեռք բերել տարբեր երկրներից, թեև իրենք էլ մեծ ընկերախմբով են եկել Թբիլիսիից:

«Հայերն այսօր»-ի հետ զրույցում աղջիկների աչքերը փայլում են, տպավորությունները պատմելու համար իրար հերթ չեն տալիս, ամեն մեկն ուզում է իր շնորհակալությունը հայտնել, պատմել հյուրընկալ ընտանիքից, շրջայցերից ու դպրոցի դասերից ստացած տպավորությունների մասին:

«Երկուսս էլ Վեդիում ենք ապրում՝ հյուրընկալ ընտանիքներում: Այնքա՜ն լավ ընտանիքներ են, այնքա՜ն ուշադիր ու հոգատար: 2 փոքր տղա ունեն, նրանց հետ շատ եմ կապվել: Պայմանավորվել ենք, որ չենք մոռանալու իրար, հետո էլ իրենք կգան Վրաստան»,-ասում է Աննան: «Արի տան» շրջայցերի ծրագրից նրան ամենից շատ տպավորել է զինվորների հետ հանդիպումը զորամասում և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունը:

Ալինա Ղազարյանն էլ խոստովանում է, որ թեև առաջին անգամ է Հայաստանում, բայց իրեն զգում է, ինչպես տանը: Հարազատ օջախի է նմանեցնում նաև Վեդիի հյուրընկալ ընտանիքը, որտեղ նրա համար համեղ ուտեստներ է պատրաստում ընտանիքի մայրը: «Համեղ սնվում ենք նաև ճանապարհներին: Բացի հիմնական ուտեստներից, նաև հայկական անուշահամ մրգեր ենք ճաշակում, որոնց համը մեզ հետ կտանենք Վրաստան»,-ասում է «Հայերն այսօր»-ի զրուցակիցը՝ Ալինա Ղազարյանը:

Ջուլիետա Մաթևոսյան

IMG_5659

Scroll Up