ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Երիտասարդ գործարարների համահայկական առաջին համաժողովի մասնակիցներին

Հուլիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Երիտասարդ գործարարների համահայկական առաջին համաժողովի մասնակիցներին:

Հայաստանի երիտասարդ գործատուների միության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի ու արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ կազմակերպված համաժողովին մասնակցում է 80 երիտասարդ գործարար՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Թուրքիայից, Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություներից, Իսրայելից:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց երիտասարդ գործարարների ներուժի համախմբումը և գործարար կապերի ստեղծումը, որը վստահաբար կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու հզորացմանը:

«Հայրենիքում նման համաժողովների անցկացումը վկայում է այն մասին, որ Սփյուռքը դառնում է ավելի Հայաստանակենտրոն, որ Հայաստանն է այն առանցքը, որի շուրջ պետք է համախմբվեն և գործեն մեր բոլոր կարող անհատներն ու կառույցները: Համոզված եմ, որ մեր գործարարներն իրենց հաջողություններով նպաստում են տարբեր երկրների տնտեսությունների զարգացմանը, որի համար շատ ուրախ և հպարտ եմ: Սակայն փորձառությունը ցույց է տալիս, որ այն ամենը, ինչը հայերի կողմից կառուցվում և իրականացվում է օտար երկրներում՝ ժամանակի հետ մոռացվում է: Ամենամնայունը  հայրենի հողի վրա, Հայրենիքի համար կառուցածն է,- ասաց նախարարը՝ հիշելով բազմաթիվ հայ գործարարների օրինակներ, որոնք մեծ ներդրումներ են իրականցրել տարբեր երկրներում, սակայն ժամանակի հետ մոռացվել են նրանց անունները:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության և տպավորիչ խոսքերի համար՝ հանդիպման մասնակիցները պատմեցին համաժողովի արդյունքների, այս օրերին ձեռք բերած պայմանավորվածությունների և իրենց ծրագրերի մասին, արեցին մի շարք գործնական առաջարկություններ՝ ապագայում նման համաժողովներն ավելի ներկայացուցչական և արդյունավետ դարձնելու համար:

Հանդիպման ավարտին մասնակիցները տեսաֆիլմի միջոցով ծանոթացան Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին և ոգևորությամբ պատրաստակամություն հայտնեցին աշխատանքներ տանել իրենց համայնքներում՝ այդ ծրագրերին ավելի ակտիվ մասնակցություն ապահովելու համար:

Scroll Up