Գյումրին Հռոմի Պապին շնորհակալություն է հայտնում՝ գյումրեցի նկարչի վրձնած գեղանկարով
Վերջին օրերին համացանցում ամենաարագ տարածվող ու դիտվող նկարներից է ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի վրձնին պատկանող «Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապի այցը առաջին քրիստոնյա երկիր» ջրաներկ աշխատանքը, որը գրավում է թե իր իմաստալից կոմպոզիցիայով, թե կատարման տպավորիչ վարպետությամբ:
Գիտեինք, որ մեր օրերի հայ ճանաչված նկարիչներից մեկը տարիներ առաջ բնակություն էր հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նրա եղբորից՝ հայտնի գեղագետ, արվեստաբան-գծանկարիչ Լևոն Լաճիկյանից «Հայերն այսօրի» թղթակիցը փորձեց ճշտել նրա գտնվելու վայրը:
Պարզվեց՝ նկարի հեղինակին հեռուներում փնտրելու հարկ չկար. նա ընդմիշտ վերադարձել է Հայրենիք և ապրում է իր հարազատ ծննդավայրում՝ Գյումրիում: Իսկ «Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապի այցը առաջին քրիստոնյա երկիր» նկարը, թերևս, կարելի է նաև անվանել՝ «Վերադարձ՝ նկարով»:
-Պարո՛ն Լաճիկյան Ձեզ է վստահվել «Հռոմի Ֆրանցիսկոս I պապի այցը առաջին քրիստոնյա երկիր» գեղանկարի պատկերումը: Ինչպե՞ս դա ստացվեց:
-Գյումրիում արդեն լուրեր էր տարածվել, որ Ապրիլյան պատերազմից հետո վերջնականապես հաստատվել եմ այնտեղ:
Որոշ ժամանակ անց՝ Հռոմի Պապի Հայաստան կատարելիք այցելությանը նվիրված, Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Առաջնորդարանը, որը Գյումրիում է գտնվում, պատվիրեց խորհրդանշական աշխատանք պատրաստել, որը կլիներ Հայաստանի՝ իբրև առաջին քրիստոնյա պետության խորհրդապաշտական դրսևորումը:
-Ո՞րն է գեղանկարի խորհուրդը:
-Նկարը թաթախված է բարությամբ, ջերմությամբ և խաղաղությամբ, որը մեր հողի համար վերջին ժամանակաշրջանում շատ կարևոր է:
Այն պատկերված է խաչի կոմպոզիցիայով: Եթե ուշադիր նայենք նկարին, ապա կնկատենք հայկական ծաղկած խաչը: Եռաթև խաչի գագաթում Հիսուս Քրիստոսն է՝ շրջապատված հրեշտակներով: Հիսուսը երկնքից դիտում է Սրբազան Քահանայապետին՝ օրհնելով նրա այցելությունը Հայաստան:
Գարնանային տրամադրությունը, Արարատյան դաշտավայրի ծաղկունքը և բնության զարթոնքն են նկարում տիրում: Զարթոնք, քանի որ Հռոմի պապի այցելությունը Հայաստան՝ զարթոնքի խուրհուրդն ունի: Նկարն ամբողջությամբ հին հայկական մագաղաթյա խորապատկերի տեսքով է:
Խաչի ձախակողմյան հատվածում պատկերված է Քրիստոսի աշակերտներից Սուրբ Պետրոսը ՝ իմաստության բանալին ձեռքում, իսկ աջակողմյան հատվածում՝ Սուրբ Պողոսը՝ սուրը ձեռքին:
Խաչափայտի ամբողջ ներքևի հատվածում պատկերված է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը ողջունում է քրիստոնյա առաջին պետության բոլոր մարդկանց: Նկարում նաև մեր Սրբազան Լեռն է, որի ֆոնին Հռոմի պապն է, նաև մեզ համար կարևոր նշանակություն ունեցող Խոր Վիրապի վանքը, ինչպես նաև՝ Գյումրիում անցյալ տարի բացված Սրբոց Նահատակաց Կաթոլիկ Եկեղեցին է պատկերված, ուր այցելելու է Հռոմի Պապը՝ Գյումրիում գտնվելու ժամանակ:
Նկարը հայկական մանրանկարչության մոտիվներով է արվել և օգտագործվել՝ ներկապնակի ամբողջ գույները: Ընդհանուր առմամբ՝ հայաշունչ նկար է: Նկարի վրա գրված է նաև Աստվածաշնչից վերցված պատգամը. «Արածեցրու իմ գառներին»:
Նկարն այժմ գտնվում է Կաթոլիկ եկեղեցու Առաջնորդարանում: Այն տարվելու է եկեղեցի, որպեզի ցուցադրվի Հռոմի պապին:
Նկարը պատկերվել է մեկուկես ամսում: Ենթադրելի է, որ այն սրբապատկերի է վերածվելու: Այսինքն, նկարը պատրաստվել է շնորհակալություն հայտնելու Հռոմի պապին՝ այցելության և աղոթքներով միշտ հայ ժողովրդի կողքին կանգնելու համար:
-Ի՞նչ արձագանք գտավ նկարը հասարակության մեջ:
-Բոլորից միայն դրական կարծիք եմ լսել: Նկարն այնքան հնչեղություն ստացավ, որ պատրաստվել է նաև նկարի պատկերով կրծքանշաններ և փոքրիկ թռուցիկներ՝ աղոթքով: Դրանք Գյումրիում բաժանվելու են բոլոր 25 հազար ուխտավորներին: Իսկ Գյումրու կենտրոնական հրապարակի շենքերի վրա՝ նկարի տեսքով մեծադիր պաստառներ են փակցվելու:
-Պարոն Լաճիկյան, Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելությամբ հայ ժողովրդի կյանքում ի՞նչ նոր էջ կբացվի:
-Կարծում եմ՝ Հռոմի պապի այցելությամբ, բոլորիս համար նոր էջ է բացվելու՝ լուսավոր և կենարար:
Ինչպես ես եմ վերադարձել իմ ակունքներին, այնպես էլ՝ վստահ եմ, որ հազարավոր հայեր կվերաիմաստավորեն իրենց կեցությունը և Հռոմի պապի այցելությունցի հետո՝ կցանկանան վերադառնալ Հայաստան:
Ես այն կարծիքին եմ, որ Հայրենիքն ավելի խորը, գիտակցված և ճշմարիտ սիրով սիրելու համար՝ պետք է օտարության մեջ ապրել: Սա իմ անձնական փորձառությունից եմ ասում: Այս այցելությունը մեզ համար հույսի շող պետք է դառնա, հուսադրող և հեղաբեկող խորհուրդ ունենա:
Այն խորը համոզմունքն ունեմ, որ Ֆրանցիսկոս պապն իր տեղն է գտնելու սրբերի շարքում: Նա սովորական քահանայապետ չէ:
–Պարո՛ն Լաճիկյան, վերջին տարիներին դուք ապրում էիք ԱՄՆ-ում: Զրույցի վերջում կխնդրեի՝ համառոտ պատմել Ձեր կյանքի ոդիսականի, այդ վերջին փոփոխությունների մասին:
– Գոյություն ունի բնակվել և ապրել հասկացություն: Կարելի է ապրել Հայրենիքում, բայց չապրել Հայրենիքով, և կարելի է ապրել դրսում՝ հոգում կրելով Հայրենիքը:
Իհարկե, ամենաճիշտը և երանելին՝ Հայրենիքում Հայրենիքով ապրելն է:
Մութուլույս, ցուրտ տարիների և Գյումրի տնակային պայմանների պատճառով՝ կորցրել էի երբևէ տուն ունենալու, ստեղծագործելու հույսը. նվազագույն պայմաններ չկային ապրելու համար: Դա դարձավ պատճառը, որ ես ընտանիքիս հետ բնակություն հաստատեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Սակայն տարիներն ինձ համոզեցին, որ ճշմարիտ արվեստագետը չի կարող օտարության մեջ ապրել. դրսում հրաշալի կապրես, բայց չես ստեղծագործի:
Ես այդ ընթացքում, իհարկե, հայկական համայնքում ցուցադրություններ եմ կազմակերպել, իսկ վերջերս էլ՝ ՀՀ վաստակավոր նկարչի կոչում ստացա:
Այս բոլոր հանգամանքները կարծես հող էին նախապատրաստում՝ Հայաստան վերադառնալու համար: Արցախում տեղի ունեցած Ապրիլյան քառօրյա պատերազմն իմ հոգին նույնպես ալեկոծեց, ուզում էի նկարներովս վերադառնալ:
Ապրիլի 5-ին արդեն Հայաստանում էի: Վերադարձա ընդմիշտ, վերադարձա ժողովրդիս հետ լինելու հաստատակամությամբ և ստեղծագործելու մեծ մղումով:
– Ի՞նչ ուղղությամբ եք ստեղծագործում:
– Ստեղծագործական ճանապարհս բավականին երկար է եղել: Եթե հետևեք իմ ստեղծագործական կենսագրությանը, ապա կտեսնեք, որ իմ ստեղծագործությունները քրիստոնեական, համազգային արժեքներով են հագեցած:
Իսկ Ամերիկայում իմ գոյությունն իմաստավորեցի՝ ստեղծելով Աստվածաշնչյան թեմաներով գործեր:
Աղետալի երկրաշարժից հետո ես չէի կարողանում նկարել, ձեռքս վրձին անգամ՝ չէի կարողանում վերցնել: Ուժ չէի գտնում փլատակներն ու մյուս դաժան տեսարանները նկարել: Տունս քանդվել էր, ի՞նչ սրտով պետք է կարողանայի Գյումրին նկարել: Սա ինձ համար անընդունելի երևույթ էր: Ինքս ինձ վերագտնելու համար ժամանակ էր պետք:
Այդ ժամանակ Գյումրու Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի տնօրենն էի, և գտնում էի, որ ավելի նպատակահարմար էր ավերված դպրոցը վերանորոգել, քան նկարելով զբաղվել:
Այնուհետև ջրաներկ, թափանցիկ աշխատանքներից հետո՝ Սուրբ Տիրամոր կտավը պատկերեցի, որը յուղաներկով արված մեծաչափ գործ է: Նկարը պատկերվում է մեր ավանդական գորգի միջոցով՝ գրկում Քրիստոս Մանուկը, իսկ երկրաշարժի մետաղյա շշերը սրբապսակ են կազմում:
Այս կտավն այնքան մեծ ընդունելություն գտավ, որ մեր օրերի մեծագույն նկարիչներից Գրիգոր Խանջյանն ասաց. «Սա նոր խոսք է հայ կերպարվեստի պատմության մեջ:
Ամերիկայում շարունակեցի ստեղծագործել Աստվածաշնչյան թեմաներով, օրինակ՝ «Քրիստոսի ծնունդը», որն ամբողջությամբ մանրանկարչություն է, «Քրիստոսի Խաչից իջեցնելը», «Խորհրդավոր ընթրիքը» և այլն:
Այս թեմաներով ստեղծագործելն ինձ սփոփեց և հոգուս հանգստություն պարգևեց:
Զրուցեց՝ Գևորգ Չիչյանը