«Մեծ պապիկս Կոմիտաս Վարդապետի հարևանությամբ է ապրել».կորդոբահայ երաժիշտ
«Հայերն այսօր»-ի զրուցակից, Արգենտինայի Կորդոբա քաղաքում բնակվող երաժիշտ Ալեխանդրո Դեմդեմյանը հուլիսի 9-ից օգոստոսի 19-ը Հայաստանում էր գտնվում հատուկ նպատակով՝ ուսումնասիրելու ազգային նվագարաններն ու բացահայտելու հայկական պարերի գաղտնիքները:
Ալեխանդրոն իր այցելությամբ ավելի է կապվել Հայաստանին, հայ մարդուն, որի մասին էլ անդրադառնում է հարցազրույցի ընթացքում:
-Ալեխանդրո՛, հաճա՞խ ես լինում Հայաստանում:
-Երկրորդ այցելությունս է Հայաստան: Առաջին անգամ զբոսաշրջության նպատակով էի եկել, իսկ այս անգամ Հայաստանն ու հայկական մշակույթն ամբողջությամբ բացահայտելու համար եմ եկել:
ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչությունն ամառային հայկական մշակութային ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում սփյուռքահայ երիտասարդներին 20 օր վերապատրաստվելու նպատակով Հայաստան են ուղարկում: Ուղղությունները տարբեր են՝ երգի, պարի, ազգային նվագարանների դասընթացներ և այլն:
Ես ընտրեցի թառի, ուդի և հայկական պարերի դասընթացների վերապատրաստումը:
Այս ծրագրում ընդգրկվեցի ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի ատենադպիր, ՀԲԸՄ կենտրոնական վարչության պատվավոր անդամ Անտոնիո Սարաֆյանի և ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի օժանդակությամբ, որի համար շատ շնորհակալ եմ:
Ծրագրի ավարտից հետո 20 օր հավելյալ մնացի Հայաստանում՝ շարունակելու վերապատրաստումը արգենտինահայ երաժիշտ, հասարակական գործիչ Գագիկ Գասպարյանի ու նրա կնոջ՝ Կորդոբայի «Արարատ» պարախմբի գեղարվեստական ղեկավար Վերոնիկա Կարադախյանի և ՀԲԸՄ-ի Կորդոբայի մասնաճյուղի ցուցաբերած բարի կամքի շնորհիվ: Նրանք շատ օգնեցին և խրախուսեցին ինձ:
Ի դեպ, ես նաև պարում եմ «Արարատ» պարախմբում:
-Արդյունավետ համարու՞մ ես Հայաստանում անցկացրած օրերը, մասնակցելով վարպետության դասընթացներին՝ ի՞նչ առաջընթաց նկատեցիր քեզ մոտ:
-Ինձ համար Հայաստան կատարած այցելությունը բացահայտումներով լի էր: Այս օրերի ընթացքում ստացած մասնագիտական հմտություններն ու կարողությունները խիստ նպատակային էին, որոնք ամբողջ կյանքի ընթացքում կիրառելու եմ:
Քառասուն օրվա ընթացքում վարպետության դասընթացի եմ գնացել թառահար Արմեն Եգանյանի և ուդահար Արամ Նիկողոսյանի մոտ, իսկ պարի դասընթացների հաճախեցի «Կարին» երգի-պարի ազգագրական խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի մոտ:
Անպայման նորից Հայաստան եմ գալու. հայկական միջավայրում անցկացրած օրերն ինձ մեծ փորձառություն տվեցին և հայրենսիրության դարբնոց դարձան:
Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք ջանքուեռանդ չխնայելով՝ աշխատեցին ինձ հետ և ջերմությամբ պարուրեցին: Առանձնահատուկ շնորհակալ եմ թառահար Արմեն Եգանանինց՝ ծրագրի ավարտից հետո 20 օր շարունակ մեծահոգաբար ինձ հետ պարապելու համար:
-Ալեխանդրո՛, Սփյուռքում ապրե՞լը նպաստեց հայկական երաժշտական գործիքները ուսումնասիրելուն, թե այս ամենի հիմքում այլ պատճառ է «թաքնված»:
–Հայկական երաժշտությամբ հետաքրքրված եմ տատիկիս շնորհիվ. նա մեզ փոքրուց միշտ հորդորել է սիրել և լսել հայկական երաժշտությունը:
Ինձ շատ է գրավում հատկապես թառի երաժշտական հնչյունները: Թառի կատարում առաջին անգամ լսելով Կորդոբայում «Գուսան» խմբի համերգի ժամանակ՝ անակնկալի եկա և որոշեցի ավելի մանրակրկիտ ուսումնասիրել այդ երաժշտական գործիքը:
-Նախընտրելի հայկական պարեր կամ երաժշտական կատարումներ ունե՞ս:
-Հայկական պարերից շատ եմ սիրում «Քոչարի», «Յարխուշտա» պարերը և «Մայրոքե» երգ-պարը: Երաժշտական «ուղեկիցներս» են Սայաթ-Նովայի, Կոմիտասի ստեղծագործությունները, որոնք անընդհատ կարող եմ լսել ու չհոգնել:
Ճիշտ է, հայերեն չիմանալու պատճառով բառերը չեմ հասկանում, սակայն մեծ հաճույքով եմ լսում, քանի որ մեղեդին ականջս շոյում է:
Բացի դա, այդ երգերը մեր տանը դեռևս մանկության տարիներից եմ լսել, որոնք հիմա հոգեհարազատ են ինձ:
– Ի՞նչ գիտես նախնիներիդ մասին:
-Նախնիներս Հայոց ցեղասպանության ականատեսներից են: Մազապուրծ լինելով թուրքական կոտորածից՝ նրանք հաստատվել են Ֆրանսիայում, Հունաստանում, հետո տեղափոխվել են Արգենտինա, նախ՝ Բուենոս Այրես, ապա՝ Կորդոբա:
Մեծ տատիկս ու պապիկս հայ մեծանուն երգահան Կոմիտասի ծննդավայրից՝ Արևմտյան Հայաստանի Քյոթահիա քաղաքից են եղել: Պապիկիս տունը Կոմիտասի հարևանությամբ է գտնվել: Պապիկիս պատմելով՝ Կոմիտասն այնքան բարձր է երգել, որ նրա ձայնից ամբողջ պատերը դղրդացել են:
-Ծրագրի շրջանակներում նախատեսվա՞ծ էր ճանաչողական շրջայցեր կատարել Հայաստանի տեսարժան, պատմամշակութային վայրերում:
– Այո՛, ծրագրի կազմակերպիչներն այդ մասին նույնպես նախօրոք մտածել էին: Եղել եմ Սևանում, Գառնիի հեթանոսական տաճարում, Գեղարդի վանքում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Խոր Վիրապում, Հանքավանում, Դիլիջանում, Սարդարապատում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Տաթևի վանքում: Շատ եմ հավանել Տաթևի վանքն ու Երևանի այն բոլոր վայրերը, որտեղից հնարավոր էր Արարատին նայել:
Հիացած եմ հայկական բազմադարյա մշակույթով, շինություններով ճարտարապետական գլուխգործոցներով և եկեղեցիներով: Տեսնելով այդ ամենը՝ հպարտանում էի և ուրախանում, որ նման ազգային արժեքներ ունենք:
Մեկ անգամ ևս համոզվեցի, թե հայերը որքա՜ն հյուրընկալ, ընկերասեր և բարի մարդիկ են: Ինձ համար մեծագույն հաճույք էր շփվել հայրենակիցներիս հետ:
Կուզեմ ավելի շատ Հայաստան գալ, նոր ծանոթություններ հաստատել, իսկ թե կկարողանա՞մ արդյոք մշտապես այստեղ մնալ, թե ոչ՝ դեռևս չեմ կարող ասել, չեմ մտածել այս հարցի շուրջ. ապագաս թերևս Արգենտինայում եմ պատկերացնում:
-Ալեխանդրո՛,երաժշտական գործունեություն ծավալելուց բացի, այլ զբաղվածություն ունե՞ս Արգենտինայում:
-Սովորում եմ Արգենտինայի ճարտարպետական համալսարանում, միաժամանակ նաև Կորդոբայի հայկական դպրոցում երեխաներին երաժշտություն եմ սովորեցնում: Ինչ զբաղվածություն էլ ունենամ, ուշադրությանս կենտրոնում երաժշտությունն է:
Շրջապատում միշտ հայկական երաժշտությունն եմ տարածում, նաև օտարազգի ընկերներիս եմ հորդորում լսել մեր երգերը: Հաճախ հայ ընկերներով հավաքվում ենք, զրուցում տարբեր թեմանների շուրջ: Հատկապես խոսում ենք Հայաստանի զարգացմանը նպաստելու մեր հետագա քայլերի մասին:
Համայնքային կյանքում նույնպես ներգրավված եմ: Մշակութային տարբեր ծրագրեր են իրականցվում մեզ մոտ: Ինչպես օրինակ՝ «Արարատ» պարախմբի շաբաթը մեկ անգամ համայնքում ելույթ ունենալն է:
Մշակութային միջոցառումների կազմակերպիչներից մեկն էլ երաժիշտ Գագիկ Գասպարյանն է: Նա հայապահպանությանն ուղղված, սփյուռքահայ երիտասարդներին սատարելու տարբեր ծրագրեր է իրականացնում:
– Ինչպե՞ս ստացվեց, որ այդքա՜ ն հայրենասեր լինելով` հայերեն չես խոսում: Արդյոք քայլեր ձեռնարկու՞մ ես Մայրենին սովորելու ուղղությամբ:
-Կարծում եմ՝ այս հարցում ազդեցություն է ունեցել մայրիկիս ծագումով արգենտինացի լինելը: Երբ արդեն պետք է դպրոց գնայի, ծնողներս որոշել են ինձ առավոտյան արգենտինական, իսկ երեկոյան հայկական դպրոց տանել:
Սակայն ինչ-ինչ պատճառներով ծրագրերը փոխվել են, և ինձ հայկական երաժշտություն ուսանելու են տարել: Այդպես, հայերենը երկրորդ պլան մղվեց:
Երբեք ուշ չէ սովորելու համար, անպայման այդ բացթողումն ուղղելու եմ:
-Փաստորեն, հայ-արգենտինական ընտանիքում ես ապրում: Հետաքրքիր է՝ ո՞ր երկրի բարքերն եք տանն ավելի շատ պահպանվում:
-Մայրս արգենտինացի լինելով՝ միշտ այնպես է անում, որ մեր ընտանիքում հայկական մթնոլորտը թևածի: Տանը նշում ենք ազգային, եկեղեցական և պետական տոները:
Նա այցելելում է ՀԲԸՄ-ի հայկական ճաշատեսակների պատրաստման դասընթացներին, որտեղ տարբեր բաղադրատոմսեր է սովորում: մայրիկիս շատ է օգնում հայկական խոհարարական գիրքը, որը նրան տատիկս է նվիրել:
Հիմա մայրս մեզ համար տոլմա, մանթի և մյուս ճաշատեսակներն է պատրաստում:
Վերադառնալով Կորդոբա՝ խնդրելու եմ նորից պատրաստել, քանի որ շատ եմ կարոտել դրանց համը:
Հ.Գ. Ալեխանդրո Դեմդեմյանին «Հայերն այսօր»-ի խմբագրություն էր ուղեկցել թառահար Արմեն Եգանյանը, որը թառի վարպետության դասընթացներ էր անցկացրել արգենտինաբնակ երաժշտի հետ:
Թառահարն Ալեխանդրո Դեմդեմյանի մասին իր տպավորություններով կիսվեց.
«Զարմացա շատ՝ իմանալով, որ հեռավոր Արգենտինայից հայ երիտասարդ է գալու Հայաստան՝ թառն ու ուդը ուսումնասիրելու. ցավոք, այդ երաժշտական գործիքներով հետաքրքրվողներն այսօր այդքան էլ շատ չեն:
Ալեխանդրոն շատ խելացի, աշխատասեր անձնավորություն է, երաժշտությունը նրա աշխարհն է, և ամբողջությամբ լցված է հայկական երաժշտության ակունքները ուսումնասիրելու ցանկությամբ: Ամենակարևորնն այն է, որ նա ազգային պատկանելիության զգացումն ունի և իրեն լիարժեք հայ է համարում:
Կարող եմ ասել, որ մասնագիտական ճիշտ կթություն ստացած երաժիշտ է, հաճույքով պարապեցի նրա հետ, գոհ եմ շատ:
Տեսնելով Ալեխանդրոյի ոգևորիչ նվագը՝ հասկանում էի, թե որքա՜ ն շատ է սիրում հայկական երաժշտությունը: Ալեխանդրոն անընդհատ հարցուփորձ էր անում ինձ՝ ցանկանալով բազմակողմանի տեղեկություններ ստանալ թառի մասին:
Պայմանավորվել ենք Կորդոբա գնալուց հետո մեր կապը պահել. հեռավար կարգով պարապմունքեր ենք անցկացնելու՝ ամրապնդելու նրա երաժշտական գիտելիքները:
Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի
Իսպաներենից-հայերեն թարգմանությունը՝ Նարեկ Թադևոսյանի