ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Հայ կանանց միջազգային միավորման (AIWA) Լոս Անջելեսի մասնաճյուղի նախագահ Սիլվա Քաջիկյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/IMG_4461.jpg)
Հունիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ կանանց միջազգային միավորման (AWIA) Լոս Անջելեսի մասնաճյուղի նախագահ, ԱՄՆ Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան թեմին կից կանանց խորհրդի անդամ Սիլվա Քաջիկյանին:
Տիկին Քաջիկյանը նախարարին տեղեկացրեց, որ այս օրերին կազմակերպության բազմաթիվ անդամներ Հայաստան են եկել ականատեսը և մասնակիցը դառնալու Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցին և անհրաժեշտության դեպքում՝ իրենց հնարավորություններն ի սպաս դնելու կազմակերպչական հարցերում:
Նախարար Հրանուշ Հակոբյանը, որպես Հայ կանանց միջազգային միավորման նախագահ, ողջունեց այդ նախաձեռնությունը և իր հերթին նշեց, որ Պապի այցը ոչ միայն ազգային, այլև համաշխարհային նշանակության երևույթ է: Նա կարևորեց հատկապես Պապի կողմից սահմանված կարգախոսը՝ «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր», ինչը նշանակում է, որ Պապը ևս մեկ անգամ շեշտում է, թե Հայաստանը հատուկ կարևորություն ունի քրիստոնյա աշխարհի համար:
Երկուստեք կարծիք հայտնվեց, որ իր հայտարարություններով և այցով՝ Ֆրանցիսկոս Առաջինը աշխարհի ուշադրությունը հրավիրում է Հայաստանի վրա, հանգամանք, որի շնորհիվ մեծապես կբարձրանա հետաքրքրությունը երկրի հանդեպ և կավելանա Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Հայ կանանց միջազգային միավորման 25-ամյա հոբելյանին, որը նախատեսվում է նշել այս տարվա սեպտեմբերի վերջին:
Ինչպես նշեց տիկին Քաջիկյանը՝ հոբելյանի նշումը առիթ է ոչ միայն խոսելու 25 տարիների ընթացքում կազմակերպության իրականացրած հայրենանվեր աշխատանքների մասին, որոնց առանցքում եղել են կարևորագույն հարցադրումներ՝ կապված հայ կնոջ դերի բարձրացման, երիտասարդության մեջ հայրենիքի, հայ մշակույթի և գիտության հանդեպ սեր արթնացնելու հնարավոր ճանապարհների որոնման հետ, այլև քննարկելու, թե հատկապես ո՞րն է լինելու հետագա գործունեության հիմնական նպատակակետը:
Իր հերթին, նախարար Հրանուշ Հակոբյանը շեշտեց կազմակերպության ունեցած դերը՝ հատկապես տարբեր երկրներում ապրող հայ կանանց համախմբելու, կրթական, մշակութային, գործարար ոլորտներում նրանց աշխատանքը խրախուսելու և ակտիվացնելու առումով: Ըստ նախարարի՝ միավորման գործունեության կարևոր ուղղություններից է նաև նշանավոր հայ կանանց ի հատ բերելուն և նրանց կատարած աշխատանքը արժևորելուն միտված տարբեր նախաձեռնությունները:
Զրույցի ընթացքում քննարկվեցին Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական այլ հարցեր: