Գերմանացի երկու զույգեր սեփական կտակի համաձայն՝ իրենց կարողությունը փոխանցել են «Հայաստան» հիմնադրամին

Գերմանիայի հայ համայնքը եվրոպական հարևան երկրների համեմատությամբ՝  այնքան էլ մեծաթիվ չէ: Շուրջ 40.000 հայ է ապրում Գերմանիայում, ովքեր, սակայն, բավական ակտիվ մասնակցություն ունեն համահայկական հարցերին ու անհրաժեշտության դեպքում պատրաստ են կանգնելու Հայրենիքի կողքին:

Դրա ապացույցը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի կազմակերպած բազմաթիվ օգնություններն ու ձեռնարկներն են, որոնք վերջին տարիներին ուղղված են գլխավորապես սիրիահայությանը աջակցելուն և Գերմանիայում Հայ դատի խնդիրները ներկայացնելուն: Այս մասին «Հայերն այսօրի» հետ զրույցում ասել է Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը:

Հետաքրրական է, որ Հիմնադրամի միջոցով Հայաստանին օգնելու ցանկություն են հայտնում ոչ միայն հայերը, այլ նաև գերմանացիները: «Կարող եմ ասել, որ այսօր մեր օգնությունների 100-ից 35 տոկոսի հեղինակները զուտ գերմանացիներն են: Զարմանալի և ուրախալի մի փաստ էլ կա. այս տարի գերմանացի երկու զույգեր իրենց կտակի մեջ նշել էին, որ իրենց կարողությունը փոխանցում են մեր հիմնադրամին»,-պատմում է Ժիլբեր Մոմջյանը:

Մեր զրուցակիցը գերմանահայերի համար կարևոր ձեռքբերում է համարում նաև հունիսի 2-ին Բունդեսթագում սպասվող՝ Ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը: Այս թեման, ըստ նրա, վերջին ամիսներին առիթ է դարձել, որպեսզի բազմաթիվ հեղինակավոր պարբերականներ գրեն Հայաստանի ու հայերի մասին: «Սա առիթ է, որ նրանք, ովքեր անգամ չէին լսել Հայաստանի, Արցախի մասին, իմանան մեր մասին: Առհասարակ, կարող եմ փաստել, որ հայերն այսօր գերմանացիների համար շատ սիրելի ազգ են»,-եզրափակում է Ժիլբեր Մոմջյանը:

Scroll Up