Ի զորակցության Արցախի՝ Հունաստանում հավաքվել է 61030 եվրո գումար
Մայիսի 22-ին Հունաստանում կազմակերպվել էր Արցախի զորակցության և օժանդակության դրամահավաք, որի արդյունքում հավաքվել է 61030 եվրո գումար:
«Հայերն այսօրը», հղում անելով Ազատ օրին, հայտնում է, որ դրամահավաքը հպարտությամբ է համակել ոչ միայն կազմակերպիչներին ու հունահայ ազգային գործիչներին հեռաձայնով դիմող կամավորներին, այլև համայնքի յուրաքանչյուր անդամի, որոնք հակառակ Հունաստանում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամին՝ սիրահոժար ընդառաջեցին Արցախի օժանդակության ֆոնդի նվիրատվության կոչին:
Կիրակի առավոտյան ժամը 10: 00-ից մինչև երեկոյան ժամը 20:00-ն, կամավորները հեռաձայնել են Աթենքի, Թեսաղոնիկի, Թրակիայի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Ադրբեջանի թշնամական հարվածներին դիմագրավող Արցախի Հայոց բանակին և քաջարի ժողովրդին նյութապես օգնելու դիմումով: