ԵՌԱԿ-ի նպատակը երիտասարդներին միավորելն է. Հակոբ Անդրեասյան
«Ռամկավար ազատական կուսակցության գաղափարախոսությունը Հայաստանի և հայ ժողովրդի կողքին լինելն է, քանի որ մեր Հայրենիքն իբրև սրբություն ենք ընդունում: Պետք է բոլորս մեր ուժերը կենտրոնացնելով՝ Հայաստանի զարգացման մեջ մեր ներդրումն ունենանք: Վստահ եմ, որ վարչության նորընտիր անդամներով՝ ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորությամբ, կշարունակենք նույն ոգով առաջ ընթանալ»,-«Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում ասաց Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամ Հակոբ Անդրեասյանը և հավելեց, որ Երուսաղեմում ծրագրերը «Հայ երիտասարդաց միության» հետ են իրականացնում, որի նպատակն է Սփյուռքի երիտասարդ սերնդին դեռևս փոքր տարիքից հայեցի դաստիարականություն փոխանցել և նրանց գիտակցության մեջ վառ պահել ազգային արժեքները:
Միության և կուսակցության կազմում ընդհանուր հաշվով 250 անդամ կա ներգրավված: Ակումբում գործում են թատերական խմբակներ, պարախմբեր, իրականացվում են նաև հայապահպանությանն ուղղված տարբեր ձեռնարկներ: Երիտասարդներին քաջալերելու, նրանց հայրենասիրական ոգի տալու համար պարբերաբար ուղարկում են Հայաստան՝ մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին: Մեկ այլ ծրագրով ևս Հայաստան են գալիս և կամավորական աշխատանքներ կատարում:
Երուսաղեմի հայ համայնքը նույնպես քառօրյա պատերազմի հետևանքով ստեղծված դժվարին իրավիճակից դուս գալու համար զորակցել է Արցախին, որի աշխատանքները համակարգել են միացյալ հանձնախմբի հետ: Դրամահավաքներ են կազմակերպել, հանդիպում-քննարկումներ ծավալել, իսկ երիտասարդներին ընդգծված ուշադրությամբ իրազեկել են ադրբեջանական սանձարձակ գործողությունների մասին:
Հակոբ Անդրեասյանը, կարևորելով ԵՌԱԿ-ի(Երիտասարդ ռամկավար ազատական կուսակցություն) գործունեությունը, հետևյալն ասաց. «ԵՌԱԿ-ը ստեղծվեց բոլոր երիտասարդներին միավորելու համար, պետք է բոլորս ջանքերը կենտրոնացնենք ու ԵՌԱԿ-ի հետ բուռն աշխատանքներ իրականացնենք: Այժմ քայլեր ենք ձեռնարկում համակարգել «Հայ երիտասարդաց միության» և ԵՌԱԿ-ի համատեղ աշխատանքները: Մեծ հույսեր ունենք, որ ԵՌԱԿ-ը շատ երիտասարդներ կբերի Հայաստան»:
Գևորգ Չիչյան