Շուշիի հաղթանակը՝ մեր պայքարի փարոս. Զարմիկ Պողիկյան

Շուշիի ազատագրումով հայ ժողովուրդը, Հայրենիքում և Սփյուռքում, մեծ հոգեփոխություն ապրեց։ Ամրագրեց իր սեփական ուժերին վստահելով՝ հայրենի հողը ազատագրելու, միասնական պայքարով ազգային ինքնորոշման իր իրավունքին տեր կանգնելու եւ ազատ հայրենիքի մեջ բարգավաճելու հավատը։

Արցախում մարտնչող մեր հերոսները պարտության մատնեցին քանակով ու զինամթերքով իրենց գերազանցող թշնամուն, որովհետեւ մարտնչում էին իրավունքի համար, հայրենի հողի ազատագրման համար, մինչ թշնամին հարձակվում էր մեր ժողովրդին բնաջնջելու, նրա ազգային ինքնորոշման իրավունքը խլելու, պատմական մեր հայրենիքին տիրելու ծավալապաշտ մղումով, վարձկան զինվորներով։

Ահա թե ինչո՛ւ հաղթանակները պայմանավորված են ոչ միայն ռազմամթերքի կամ զինուժի գերազանցությամբ, այլ նաեւ մարտական ոգու առկայությամբ ու հայկական հողին ու սրբությունների պահպանման համար պայքարելու հաստատակամ հավատով։

Ու որքան որ կարեւոր է հաղթանակը, նույնքան եւ ավելի կարեւոր է նրա պահպանումը։

Արցախյան պայքարի ճակատագրական այս օրերին, երբ թշնամին շարունակում է ծավալապաշտական իր նկրտումներով սպառնալ մեր հողին ու ժողովրդին, օգտագործելով նույնիսկ ահաբեկչական ծայրայեղ վարձկաններ, ու պարտության բարդույթով համակված՝ փորձում է տապալել բանակցային գործընթացը՝ գեթ զիջումներ խլելու հույսով, կոչված ենք համահայկական մեր ներուժը ի սպաս դնելու Շուշիի եւ ողջ Արցախի հաղթական երթի պահպանմանն ու ամրագրմանը, առանց որևէ զիջումի, այլ ընդհակառակը. սատարելով՝

-Արցախյան բանակին
-Արցախի միջազգային ճանաչմանը
-Արցախի տնտեսության հզորացմանը
-Վերաբնակեցման ծրագրերի վերամշակմանը։

Այս ամենին առընթեր մեր դիվանագիտական եւ քարոզչական բոլոր միջոցները օգտագործելու՝ միջազգային ընտանիքի կողմից Ադրբեջանի հարձակողապաշտ քաղաքականության դատապարտման համար։
Շուշիի հաղթանակը վկայությունն է մեր պայքարունակ ժողովրդի անպարտելիության, Շուշին՝ փարոսն է մեր պայքարի։

Զարմիկ Պողիկյան
«Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր
Հալեպ-Սիրիա

Scroll Up