Ամուսնական մատանիներ՝ Վրաստանից առաջնագիծ

Ապրիլյան պատերազմը մեկ անգամ ևս ապացուցեց հայ ժողովրդի միասնականությունը, ազգային կամքն ու միմյանց նեցուկ լինելու անսահման պատրաստակամությունը: Սփյուռքն այս դժվարին օրերին Հայրենիքի կողքին էր բոլոր առումներով՝ ֆինանսապես, հոգեպես ու ֆիզիկապես: Սփյուռքը բռուցքվեց մեկ պարզորոշ  գիտակցությամբ՝ Մենք Արցախն ենք:

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնը Արցախում սկսված պատերազմական գործողությունների առաջին իսկ օրից արցախցու կողքին է՝ փորձելով տարբեր նախաձեռնություններով օգնության ձեռք մեկնել հայրենակիցներին:

Հերթական բարեգործական միջոցառումը վիրահայ նկարիչների աշխատանքների ցուցադրություն-վաճառքն էր, որից ստացված ողջ հասույթն ուղղվելու էր Արցախի հիմնախնդիրները  լուծելու համար:

Ապրիլի վերջին տեղի ունեցած միջոցառման ընթացքում հյուրերից Կարեն Նանումյանը հանդես եկավ մի հայտարարությամբ, որը ներկաների հոգին տակնուվրա արեց, նրանց աչքերից  արցունք բերեց:

Այս ուշագրավ, իր տեսակի մեջ եզակի պատմության մանրամասները «Հայերն այսօրին» ներկայացրեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը. «Կարենը մի քանի նկար գնելուց հետո ելույթ ունենալու համար ձայն խնդրեց: Նա շնորհակալություն հայտնեց, որ հնարավորություն ունի իր լուման ներդնել ադրբեջանական ագրեսիայից տուժած արցախցիներին օգնելու գործում և Խաչիկ Դաշտենցի  «Ռանչպարների կանչը»  վեպից մի դրվագ հիշեց. երբ ոսկին վերջանում է, իսկ Զորավար Անդրանիկը գրպաններում ոսկի այլևս չի գտնում երեխայի կյանքը փրկելու համար, նա հրամայում է ոսկի բերել, բայց՝ ապարդյուն:Այդ ժամանակ օգնության է հասնում քրդերեն երգերի լավագույն կատարող Ալադին Միսակ հայդուկը, որը երգելով փրկում է երեխայի կյանքը: Այսինքն՝ մեկ հային՝ մեկ ոսկի…

2մատանի1

Ապա Կարենը, կնոջից ներողություն խնդրելով, մատից հանեց ամուսնական ոսկյա մատանին և հայտարարեց, որ այն Արցախ է ուղարկում: Բոլորս մի պահ քարացանք. անելանելի վիճակ էր ստեղծվել: Լռություն…և խոսեց նրա ազգությամբ ռուս կինը: Նա ասաց, որ միանում է ամուսնու գաղափարին և առանց մեկ րոպե վարանելու՝ մատնեմատից հանեց մատանին՝ հայտարարելով, որ այն ծառայեցնում է նույն նպատակին:

Եվ սա դեռ ամենը չէր: Ծնողների նախաձեռնությունը վարակեց սենյակում գտնվող որդուն՝ նրան նույնպես հայրենասիրության մղելով: Տղան վզից հանեց արծաթյա շղթան՝ Սուրբ Գևորգի կախազարդով և հանձնեց մեզ: Մենք փորձում էինք համոզել հետ կանգնել որոշումից, սակայն, ապարդյուն. նրանք անբեկանելի էին, որոշումը քննարկման ենթակա չէր:

Այդպես, մատանիները տարանք Ղարաբաղ և հանձնեցինք Արցախի բանակի հոգևոր սպասավոր Սամվել սարկավագ Մկրտչյանին այն պայմանով, որ մատանիները պսակադրության ընթացքում հանձնի առաջին զինվորին, ով,  դիրքերից վերադառնալով, կորոշի ամուսնանալ:

Իսկ արծաթյա շղթան մտադրվեցինք նվիրել առաջնագծում գտնվող զինվորներից մեկին: Հրամանատարի խորհրդով՝ քառօրյա պատերազմի ընթացքում կատարած սխրագործություններով աչքի ընկած Սամվել Նավոյանին հանձնեցինք արծաթյա զարդը: Այստեղ նույնպես նախախնամության, թե պատահականության շնորհիվ՝ մի հետաքրքրաշարժ իրողության հանդիպեցինք: Զինվորի հետ խոսակցությունից պարզ  դարձավ, որ նրա արմատները Վրաստանից են և որ մանկությունը Թբիլիսիում է անցկացրել: Պարզվեց նաև, որ Սամվել Նավոյանի տատն ու պապը Կարեն Նանումյանի հարևանն են եղել…»:

4

Սա հայ մարդու և ռուս կնոջ սիրո արդյունքում ստեղծված ընտանիքի իրական արժեքները բացահայտող լավագույն օրինակն է: Երբ հանուն հայրենիքի, կարող ես հրաժարվել սիրո, քսաներկու տարվա համատեղ կյանքի խորհրդանիշից, սուրբ մասունքից և այն հանձնել Հայրենիքի սահմանների  անսասանության համար պայքար մղող զինվորին:

Սպասենք մեր հերոս զինվորի հարսանիքին: Հուսանք, որ նրա կյանքի այդ կարևոր օրը մի խորհրդավոր պատմություն ևս կգրանցվի, որը երկար տարիներ, իբրև լուսավոր հիշողություն, կմնա բոլորիս սրտերում:

Գևորգ Չիչյան

 

Scroll Up