«Պետք է հայտնաբերել ու համախմբել Սփյուռքի մեծ ներուժը» գեներալ Նարեկ Աբրահամյան

Մայիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի բանակի բրիգադի գեներալ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի մասնակից գեներալ-մայոր Նարեկ Աբրահամյանին:

Հայ զինվորականը 1998-2000 եղել է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից, իսկ Լիբանանում հայտնի է որպես սիրված և օրինակելի զինվորական։ Շատ հաճախ, նրա պատվին լիբանանցի զինվորներն իրենց զավակներին Նարեկ են անվանակոչում։

Ողջունելով հյուրին՝ Հ. Հակոբյանը մեծապես արժևորեց այս անհանգիստ և տագնապալի օրերին Հայրենիքի հետ լինելու և սատարելու գեներալի պատրաստակամությունը:Նա մասնավորապես նշեց. «Շնորհակալ եմ, որ եկել եք և պատրաստ եք Ձեր փորձն ու գիտելիքները փոխանցել ի նպաստ Արցախի պաշտպանության: Պետք է փաստեմ, որ այս օրերին ոտքի կանգնեց ողջ Սփյուռքը, համախմբվեց ու ինքնակազմակերպվեց: Մեր հայրենակիցները տարբեր միջոցներով աջակցելու պատրաստակամություն են հայտնում` ընդհուպ մինչև ռազմաճակատ մեկնել, ինչը վկայում է հայի միասնական ոգու և Հայրենիքն ամեն ինչից վեր դասելու վճռականության մասին: Արցախին աջակցելու համար արդեն 21 հիմնադրամ է բացվել: Անհրաժեշտ է հստակ գնահատել կարիքները, որպեսզի օգնությունը հավասար բաշխվի, նպատակային և արդյունավետ լինի»:

 Սփյուռքահայ գեներալի կարծիքով՝ հայկական բանակը հզոր, ուժեղ, հաղթած և հաղթող բանակ է: Պետք է հաշվի առնել նաև Սփյուռքի գործոնը: Սփյուռքը մեծ ներուժ ունի, որը պետք է հատնաբերել ու համախմբել կազմակերպել եւ առավելագոյնս օգտագործել։ Նա նշեց, որ Սփյուռքում շատ են արդեն պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականները, որոնք մեծ փորձ ունեն եւ հիանալի տիրապետում են  ռազմական նոր տեխնիկային։ Հայաստանը պետք է համախմբի այդ փորձառու մարդկանց և օգտվի նրանց գիտելիքներից։

Հայազգի գեներալ-մայոր Նարեկ Աբրահամյանի խոսքով՝ հաղթանակի համար բանակը պետք է ամեն օր պատրաստ լինի դիմակայելու թշնամու գործողություններին, պատրաստվածության ապահովումը պետք է լինի մեր բանակի առօրյան: Կարևորը հայ զինվորն է և նրա մեջքին կանգնած հայ ժողովուրդը։

2

Scroll Up