Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, աշխարհահռչակ հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին Ծիծեռնակաբերդում

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց 1915թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած ոճիրի` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Անմար կրակի մոտ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստյան պաշտոն կատարեց հոգեւոր դասը, պաշտոնատար անձիք գլուխ խոնարհեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը:

Ծիծեռնակաբերդի բարձունք էին եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Զինված ուժերի բարձրագույն սպայակազմը, քաղաքական գործիչներ, մտավորականներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայրենակցական միությունների, հասարակական կազմակերպությունների անդամներ:

Երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ Ծիծեռնակաբերդի բարձունք են եկել նաև աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին, «Ավրորա» մրցանակաբաշխության հավակնորդներն ու մասնակիցները, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի մասնակիցները:

Scroll Up