«Արի տուն» ծրագրի առանցքային խնդիրներից մեկը սփյուռքահայ երիտասարդների անվտանգությունն է. Ֆիրդուս Զաքարյան

«ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2016» ծրագրի մեկնարկն արդեն տրվել է, և այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են,-«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը՝ մարտի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացած Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ և հավելեց, որ ծրագրի առանցքային խնդիրներից մեկը սփյուռքահայ երիտասարդների անվտանգությունն է:

«Ծրագրի իրականացման բարեհաջող ընթացքին և գոհացուցիչ արդյունքներին մեծապես նպաստել է պատկան գերատեսչությունների և մարզպետարանների պատրաստակամ և բարեխիղճ աշխատանքը: Միասնական ջանքերի շնորհիվ՝ փորձում ենք ծրագրի ընթացքում սփյուռքահայ երիտասարդների առօրյան ոչ միայն բովանդակալից դարձնել, այլև՝ անվտանգ: Անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ, թանգարաններ, տեսարժան վայրեր շրջայցերի ժամանակ սփյուռքահայ երիտասարդներին ուղեկցում են բժիշկը, ոստիկանության աշխատակիցները, իսկ Սևանա լճում անցանկալի դեպքերից խուսափելու համար՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ջոկատները»,-նշեց Ֆիրդուս Զաքարյանը:

ՀՀ մարզերի պատմամշակութային վայրերում շրջայցեր կատարելիս՝ Առողջապահության նախարարության և մարզպետարանների հետ համագործակցության արդյունքում՝ արիտունցիներին միանում են շտապ օգնության մեքենաները, հարկ եղած դեպքում՝ նույնիսկ հիվանդանոցներ և պոլիկլինիկաներ են առանձնացվել:

«Անշուշտ, բժշկական օգնություն կտրամադրվի և «Արի տուն» ծրագրի մասնակիցների անվտանգությունը կապահովվի նաև երևանյան այցելությունների ժամանակ, որի հարցում մեզ օգնում է Երևանի քաղաքապետարանը»,-իր խոսքը եզրափակեց Ֆիրդուս Զաքարյանը:

Scroll Up