Հայրենիքում նրանք սիրված են

Դեռևս 2012 թվականին Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում  բացվել էր սիրիական կրթական ծրագրով (արաբերենով) «Կիլիկիա» դպրոցը: Դպրոցի ստեղծումը Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքների համար նախաձեռնել էր «Կիլիկիա» բարեսիրական կազմակերպությունը, որպեսզի երեխաների կրթական գործընթացը չընդհատվի, Սիրիայում քաղաքական իրավիճակը կայունանալուց հետո, երբ նրանց ընտանիքները որոշեն վերադառնալ, դժվարություններ չառաջանան: Պատերազմը երկարեց, ու այսօր արդեն սիրիահայ երեխաները սովորում են մյուս աշակերտների հետ միասին ՝ Հայաստանի կրթական ծրագրով:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այսօր Նար-Դոսի անվան դպրոցում կրթություն է ստանում  32 սիրիահայ երեխա, հիմնականում՝ միջին տարիքի դասարաններում (6-9-րդ դասարաններ):

Դպրոցում հատուկ սիրիահայ երեխաների համար կազմակերպվում  են անվճար արտաժամյա դասընթացներ՝ գրեթե բոլոր առարկաներից (մաթեմատիկա, ռուսերեն, հայերեն, կերպարվեստ): Դպրոցը սիրիահայ երեխաներին  ապահովում է նաև համապատասխան գրքերով: Այսօր նրանք համարյա ոչնչով չեն զիջում հայաստանյան հասակակիցներին:

Ուսուցիչների խոսքով՝ սկզբնական շրջանում երեխաներն ունեին հաղորդակցության խնդիր, չէին կարողանում շփվել մյուս երեխաների հետ: Երեխաները դժվարանում էին նաև արևելահայերեն  ուղղագրությամբ գրել, բայց լրացուցիչ դասերի շնորհիվ՝ հիմա նրանք հավասար ուժերով սովորում են մյուսների հետ: Այսօր սիրիահայ աշակերտները շփման հետ խնդիրներ չունեն և մասնակցում են դպրոցում կազմակերպվող  տարբեր միջոցառումների:

Մարուշկա Սաաբը, Ռիտա Արազանյանը, Մարիա Գեորգը, Մարինե Մանուկյանը և Վանի Ջելլատյանը սովորում են 6-րդ դասարանում:

Վանին 12 տարեկան է, ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Աղջկա ընտանիքը Հայաստան է եկել 2013 թվականին: Վանին շատ լավ է հարմարվել նոր միջավայրին: Նա պատմում է՝ դասարանում իրեն այնքան լավ են ընդունել, որ իրեն թվում է՝ միշտ այստեղ  է սովորել: Այս կարճ ժամանակահատվածում կարողացել է հարմարվել և ընկերանալ մյուսների հետ: Վանին ուզում է մնալ Հայաստանում, իսկ Սիրիա կցանկանար գնալ միայն կարճ ժամանակով:

Փոքրիկ Մարուշկան 11 տարեկան է, եկել է Դամասկոս քաղաքից: Ընկերները նրան «երկարամազիկ»  են անվանում՝ գեղեցիկ, երկար վարսերի համար: Մարուշկան շատ է սիրում իր դասարանը և ուսուցիչներին՝ իրեն այսքան ջերմ ու սիրով ընդունելու համար: Փորձում է քիչ-քիչ հարմարվել արևելահայերենին ու միջավայրին:

Մարիա Գեորգը  Հայաստան է եկել 2014 թվականին: Նա դեռ մի փոքր դժվարանում է շփվել, բայց լրացուցիչ դասընթացներն օգնում են նրան հետ չմնալ դասերից: Մարիան Հալեպում մարմնամարզությամբ է զբաղվել: Ընկերները նրան շատ են սիրում, հատկապես իր քաղցր լեզվի համար:

7-րդ «բ» դասարանի դասղեկ տիկին Բաղդասարյանը շատ սիրով ու ոգևորությամբ է պատմում իր դասարանում սովորող սիրիահայ երեխաների մասին՝ նրանց համարելով իր երեխաները, առանց տարբերություն դնելու: Դասղեկը պատմեց, որ երեխաները սկզբնական շրջանում ունեցել են սրևելահայերենի հետ կապված դժվարություններ, բայց այսօր ուսուցիչների և լրացուցիչ դասերի շնորհիվ՝  հաղթահարել են լեզվի երկու ճյուղերի տարբերությունները:

7-րդ «բ» դասարանում սովորող սիրացի աշակերտներից են՝ Քեշիշյան Անին, Մարգարյան Արփին, Նազլյան Մեղրիկը և Պազարջյան Մեղրին:

Քեշիշյան Անին պատմեց, որ երբ նոր էր Հայաստան եկել, շատ էր դժվարանում խոսել արևելահայերեն, բայց հիմա լրացուցիչ դասերին հաճախելով՝ կարողացել է սովորել և հետ չմնալ մյուսներից: Անին հիմա մի փոքր դժվարանում է ուղղագրության հարցում, բայց շատ է աշխատում, որ կարողանա հաղթահարել լեզվի տարբերությունները:

Նազլյան Մեղրիկը հայերեն չի խոսել, երբ եկել է Հայաստան,  բայց հիմա մի փոքր դժվարությամբ, բայց կարողանում է խոսել և շփվել հասակակիցների հետ: Չնայած Մեղրիկը հայերենի չիմացության խնդիր է ունեցել, բայց նրան նույնպես սիրով են ընդունել դպրոցում: Ուսուցիչների ջերմության և համբերատար վերաբերմունքի շնորհիվ՝ հիմա նա մասնակցում է առօրյա դասերին:

Ժոել Իբրահիմը և Մարինա Հովհաննիսյանը սովորում են 9-րդ դասարանում: Դասղեկը և մյուս ուսուցիչները հպարտությամբ ներկայացրին աղջիկներին, նրանք գոհ էին աղջիկների առաջադիմությունից և վարքից: Ժոելն ու Մարինան լավ են սովորում դասարանում, հավասար պատրաստվում են բոլոր դասերին:

Աղջիկները նույնպես շատ գոհ են դասերից և ուսուցիչներից: Նրանք շատ արագ են ընտելացել միջավայրին, քանի որ արևելահայերեն սովորել չեն դժվարացել:  Մարինան թեև հեռվից է դպրոց գալիս՝ չի ցանկանում փոխել դպրոցը,  որովհետև ինչպես ինքն է ասում՝ այստեղ ինձ սիրում են:

Տաթև Դավթյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

Scroll Up