ՀՀ շարունակում է անհրաժեշտ օգնություն տրամադրել Հայաստանում հաստատված սիրիահայերին
Սիրիայում շուրջ 5 տարի շարունակվող պատերազմի պատճառով հազարավոր սիրիահայեր են հաստատվել Հայաստանում. այս պահին նրանց թիվը մոտ 16-17 հազար է:
Հայաստանի կառավարության դիրքորոշմամբ՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերը չեն կարող կոչվել փախստականներ, թեև նրանք փաստացի փախստական են: Եվ ի տարբերություն Լիբանանի, Թուրքիայի կամ Հորդանանի՝ Հայաստանը Եվրամիությունից և ԱՄՆ-ից զգալի որևէ ֆինանսական աջակցություն չի ստացել փախստականներին ընդունելու համար: Մեր երկրին այդ հարցում օգնում է միայն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իր սուղ միջոցներից, ինչպես նաև Քուվեյթը, Ավստրիան և Ռուսաստանը, որոնք նույնպես մարդասիրական օգնություն են ցուցաբերել սիրիահայերին:
Պետությունը պարտավորվածություն է ստանձնել նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրել հնարավոր բոլոր միջոցներով և այդ ուղղությամբ զգալի քայլեր է կատարել: Պետբյուջեից գումար է հատկացվել թե՛ Սիրիայում, թե՛ Հայաստանում բնակվող սիրիահայերի կարիքների համար: Բացի այդ, ընդունվել են օրենսդրական ակտեր, որոնք նպաստում են սիրիահայերին աջակցության տրամադրումը համակարգված կազմակերպելուն: Ստեղծվել է սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական մարմին, որն իր ամենամսյա նիստերում քննարկում է առկա խնդիրները և լուծումներ առաջարկում: Մեր հայրենակիցների մեծ մասը կրթության, մշակույթի, սպասարկման ոլորտներում գտել է իր տեղը, իր հետ բերել նաև նոր աշխատանքային մշակույթ:
Հայաստանում 300 և ավելի կայացած սիրիահայ գործարարներ կան, որոնց կեսից ավելին պետությունից է վարկ վերցրել` ամենացածր` 4 % տոկոսադրույքով և 5 տարի ժամկետով: Գումարը 15-20 հազար դոլար է, որը բիզնես սկսելու համար բավականին խոշոր գումար է:
500-ից ավելի սիրիահայ աշխատանքի է տեղավորվել փոքր բիզնեսում կայացած սիրիահայ գործարարների մոտ:
«Հայերն այսօրի» հարցումին ի պատասխան՝ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը տրամադրել է հետևյալ տեղեկատվությունը.
«2013-2015 թվականների ընթացքում ֆինանսական աջակցություն է տրամադրվել 90 սիրիահայ (ՓՄՁ սուբյեկտ) գործարարների, ովքեր գործունեություն են ծավալել հիմնականում ավտոտեխսպասարկման, սննդի սպասարկման և ոսկերչության ոլորտներում: Տրամադրված երաշխավորության ընդհանուր գումարը կազմում է 388.3 մլն ՀՀ դրամ: Սիրիահայ 22 գործարարի վերաբերյալ գումարի բռնագանձման պահանջով քաղաքացիական հայց է ներկայացվել դատարան: Նրանցից 10-ի վերաբերյալ դատարանները բավարարել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի պահանջը, իսկ մյուսները գտնվում են քննության փուլում: Դատարան ուղարկված գործերով 36-ի վերաերախշավորողի գույքի վրա դրվել է արգելանք:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը տեղեկացված է ֆինանսական աջակցություն ստացած սիրիահայերի կողմից բարձրացված խնդիրներին և դրանց լուծման նպատակով պարբերաբար քննարկումներ են կազմակերպվում սիրիահայ գործարարների հետ և հնարավորության դեպքում պարտադիր աջակցություն է ցուցաբերվում:
2016 թվականի փետրվարի 9-ին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակում, ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ, հանդիպում է կազմակերպվել սիրիահայ գործարարների հետ և քննարկվել են ՀՀ վարչապետին հասցեագրված դիմումում արծարծված խնդիրները: Հանդիպման ընթացքում անհատական քննարկվել են ժամկետանց և չմարված ֆինանսական պարտավորություններ ունեցող սիրիահայ գործարարների խնդրանքներն ու առաջարկությունները, որոնք հիմնականում կապված են դատարան չդիմելու և լրացուցիչ համաձայնագրեր կնքելու խնդրանքի հետ՝ ֆինանսական պարտավորությունները մարելու նպատակով:
Քննարկվել են նաև վերաերաշխավորող քաղաքացիների հարցը, ովքեր խնդրի առաջ են կանգնել վարկային պարտավորությունները չմարած շահառուների պատճառով և պատասխանատվություն են կրում իրենց սեփականություն հանդիսացող գույքով: Նշված խնդրով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը զբաղվում է արդեն 2-րդ տարին շարունակ և հնարավոր բոլոր միջոցներով փորձում է օժանդակել սիրիահայ գործարարների խնդիրների լուծմանը: Քննարկումների արդյունքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը հայտնել է իր պատրաստակամությունը, օրենքի սահմաններում, ընդառաջելու և լրացուցիչ համաձայնագրեր կնքելու այն շահառուների և վերաերաշխավորող քաղաքացիների հետ, ովքեր կպարտավորվեն ամսական կտրվածքով, մինչև մեկ տարի ժամկետում, մարել իրենց ֆինանսական պարտավորությունները»:
Այս ամենն ի գիտություն նրանց, ովքեր փորձում են Հայաստանից հեռացող սիրիահայերի մասնավոր օրինակով ստվերել այն աշխատանքը, որն իրականացվում է սիրիահայերին աջակցելու ուղղությամբ: Չմոռանանք, որ Հայաստանից եվրոպական երկրներ կամ Կանադա տեղափոխվող սիրիահայերից շատերի հարազատներն ու մտերիմները ժամանակին մեկնել են այդ երկրներ, և կապը Հայաստանում հաստատված սիրիահայերի հետ եղել է մշտական: Այդ երկրներում հաստատված և հաջողությունների հասած հարազատների հորդորով էլ նրանք մեկնում են Հայաստանից՝ ավելի լավ կյանք գտնելու հույսով:
Իսկ որպես վերջաբան՝ մեջբերենք «Հայերն այսօրում» հրապարակված (հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ) սիրիահայ երիտասարդ Շանթ Դանիելյանի հորդորը բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են լքել Հայաստանը. «Մեր պապերը տասնամյակներ են պայքարել Սիրիայում, որ հասնեին նրան, ինչը մենք ժառանգել էինք այնտեղ: Հիմա էլ է ժամանակ պետք Հայաստանում հաստատվելու համար: Պիտի սկսենք ինքներս մեզնից, դառնանք ավելի օրինապահ ու օրինապաշտ, սակայն օրենքներն էլ պիտի բարեփոխվեն: Աշխատելու բավականին տեղ կա: Թո՛ղ չշտապեն հեռանալ: Թո՛ղ վստահ լինեն, որ իրենց զավակները իրենցից լավ են ապրելու, ինչպես Սիրիայում իրենք են իրենց պապերից լավ ապրել: Ես լավ գիտեմ դժվարությունների մասին, բայց որոշակի զոհողությունների գնալով՝ հնարավոր է լավ արդյունքի հասնել նաև Հայաստանում»:
Նման օրինակներ կարելի է շատ թվարկել ու մեջբերել. ի վերջո յուրաքանչյուրը տեսնում է այն՝ ինչ ցանկանում է տեսնել: Եկեք բարին տեսնենք…