Հրազդան Թոքմաջյան. «Հալեպում հայերը չեն դադարում ստեղծագործ կյանքով ապրել»

ՀԲԸՄ Հալեպի Մարտիրոս Սարյանի անվան ակադեմիայում անցկացրած տարիները Հրազդան  Թոքմաջյանի կյանքում անջնջելի հետք են թողել: Այժմ էլ Հալեպում տիրող հրո ճարակի  մեջ նա  շարունակում է  նույն  եռանդով կազմակերպել հալեպահայ երեխաների կյանքն այն հավատով, որ նորից վերադառնալու են անհոգ, խաղաղ օրերը:

Նկարիչ, ՀԲԸՄ Հալեպի Մարտիրոս Սարյանի անվան ակադեմիայի  ղեկավար Հրազդան Թոքմաջյանը դեռևս փոքր տարիքից է ցանկացել նկարիչ դառնալ: Երբ եկել է մասնագիտական ընտրություն կատարելու պահը, առանց վարանելու նկարչի մասնագիտությունն է ընտրել. ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարան, ապա ուսումը շարունակել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նկարչագծագրական բաժնում, բնանկարիչ է: Այս որոշման մեջ մեծ դերակատարում է ունեցել պարոն Թոքմաջյանի հորեղբոր՝ Տիգրան Թոքմաջյանի գործոնը, ով տղայի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել:

 «Հորեղբայրս Երևանից  Գյումրի  էր  հասնում, որ  ինձ  համար նկարեր, խորհուրդներ տար, նա վայրկյանների ընթացքում մատիտով թղթի վրա պատկերներ էր ստանում, որից շատ էի հիանում»,-պատմում  է  Հրազդան  Թոքմաջյանը:

Հրազդան Թոքմաջյանը սիրով և դրվատանքով է խոսում «Սարյան» ակադեմիայի մասին, աննկարագրելի հուշեր ունի պահպանած, որոնցով կիսվեց մեզ հետ. «Հայաստանից տեղափոխվելով Սիրիա՝ կյանքիս քսաներկու տարիներն եմ անցկացրել այնտեղ,  որի բաղկացուցիչ մասն, անշուշտ, Սարյան ակադեմիայում ծավալած գործունեությունս եմ համարում. ի՜նչ լավ օրեր ենք միասին անցկացրել ակադեմիայում, տարբեր միջոցառումներ կազմակերպել, այս դաժան պայմաններում միշտ երանությամբ հիշում ենք Քեսապում  կազմակերպված  ճամբարները, երբ սաները բնության գրկում անմոռաց նկարում էին, հույս ունենանք, որ նորից հնարավորություն կունենանք վերապրելու այդ գեղեցիկ օրերը»,-ասաց պարոն Թոքմաջյանը: Հալեպում տիրող պատերազմական հորձանուտում «Սարյան» ակադեմիայի կյանքը, բնավ, կանգ չի առել.երեխաները շարունակում են համախմբված հաճախել դասերին, միայն հաճախելիության նախկին ակտիվությունը չի պահպանվել, քանի որ ընտանիքների զգալի մասը լքել է Սիրիան, իսկ մյուսներն  էլ այնպիսի թաղամասերում են ապրում, որտեղ ճանապարհը  պայթունավտանգ է, ուստի   կյանքին վտանգ չպատճառելու համար  ստիպված են լինում  չայցելել ակադեմիա:

Այսօր Սարյան ակադեմիայում սովորում են մինչև 12 տարեկան 30, իսկ 12-ից բարձր՝ 20 աշակերտ: Երեխաներին ծնողներն են ոգևորում, հորդորում հաճախել ակադեմիա: Տեսնելով նրանց նվիրումը աշխատանքին՝ ղեկավարը հոգու խորքում ուրախանում է, որ երբեմնի մշակութային կյանքով լեցուն Հալեպում հայերը չեն դադարում ստեղծագործ կյանքով ապրել, ինչպես նաև  վստահեցնում է, որ սաների համար բոլոր նպաստավոր պայմանները ստեղծել են, որպեսզի հաճախեն և մի քանի ժամով կտրվեն այնտեղ տիրող մռայլ  առօրյայից:

Պարոն Թոքմաջյանն  անչափ կարևոր իրադարձություն է համարում ակադեմիայի սաների աշխատանքների «Հալեպ. տագնապալի օրեր» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը Հայաստանում, որի առաջին ցուցադրությունը անցյալ տարի Հալեպում է եղել. «Նկարներում երեխաները արտացոլել են իրենց ապրումները, կյանքում տեղի ունեցող փոփոխությունները,  հույզերն ու վախը, լուսավոր ապագա ունենալու երազանքը: Մենք նախաձեռնեցինք կյանքի կոչելու  ցուցահանդեսը, որպեսզի երեխաներն այս միջոցով թոթափեն  լարվածությունը, դուրս գան սթրեսից, իսկ Հայաստանում  տեղի ունեցած ցուցադրությունից հետո Հալեպում կշարունակեն  առավել ոգևորությամբ և եռանդով աշխատել»,-եզրափակեց Հրազդան Թոքմաջյանը:

ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը մեծ ներդրում ունենալու համար Հրազդան Թոքմաջյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով, որի առիթով Հրազդան Թոքմաջյանը հետևյալն ասաց. «Վերադառնալու եմ Հալեպ և  շարունակելու աշխատանքս՝ որպես արդեն  Ձեր Հրազդան Թոքմաջյան… »:

 Գևորգ  Չիչյան

Scroll Up