Երևանը ցեղասպանագիտության միջազգային կենտրոն դառնալու բոլոր նախադրյալներն ունի. Շահան Գանտահարյանն արձագանքում է ՀՀ սփյուռքի նախարարի առաջարկին
Երևանը բոլոր նախադրյալներն ունի ցեղասպանագիտության միջազգային կենտրոն դառնալու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական հանձնախմբի փոխատենապետ Շահան Գանտահարյանն` անդրադառնալով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` Ցեղասպանությունների միջազգային հետազոտական կենտրոն ստեղծելու առաջարկին:
«Շատ ողջունելի առաջարկ է: Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում զգալի կապեր ստեղծվեցին մի շարք ուղղություններով: Տարբեր երկրներից քաղաքական գործիչների, դիվանագիտական ներկայացուցիչների հոսքը եղավ դեպի Երևան: Անցկացվեց միջազգային մեդիա ֆորումը, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հերթական համագումարը: Այսինքն` այնպիսի կապեր ու ներուժ է ձևավորվել, որ այն պետք է լիարժեք օգտագործել: Կարծում եմ, որ բոլոր նախադրյալները կան Երևանը դարձնելու ցեղասպանգիտության միջազգային գիտահետազոտական կենտրոն»,-ասաց Շահան Գանտահարյանը:
Այդ համատեքստում Շահան Գանտահարյանը կարևորեց տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության թանգարաններին կից գիտահետազոտական, վերլուծական շրջանակների համախմբումը, ցանցային կառույցի ստեղծումը: Նրա խոսքով, նման ցանցային կառույցը ճիշտ գործի դնելու դեպքում Հայաստանը կարող է համաշխարհային առումով դառնալ ցեղասպանությունների ուսումնասիրման կարևորագույն կենտրոն: «Դա ենթադրում է, որ միայն Հայոց ցեղասպանության թեման չի ուսումնասիրվելու: Ժամանակակից ցեղասպանության ուսումնասիրության գործում կարևորվում է տարբեր ժամանակների ցեղասանությունների համեմատականը»,-ասաց Շահան Գանտահարյանը: Նրա խոսքով, նման քայլերով Հայոց ցեղասպանության հարցը միջազգայնացվում է, և այն դառնում է մարդկության խնդիրը: Շահան Գանտահարյանը կարևոր քայլերից առանձնացրեց Հայաստանի կողմից ներդրված ջանքերի շնորհիվ ՄԱԿ-ում ընդունված բանաձևը, ըստ որի, Դեկտեմբերի 9-ը հռչակվեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր»:
Ըստ նրա` դա շատ կարևոր քաղաքական քայլ էր: Նախարար Հրանուշ Հակոբյանը Լիբանանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի ամփոփիչ խորհրդաժողովին: Նա, խոսելով առաջիկա անելիքների մասին, նշել է, որ կուտակված փորձի, ունեցած ռեսուրսների համախմբմամբ այսուհետ նոր թափով և նոր ակտիվությամբ պետք է բոլոր ուղղություններով շարունակել աշխատանքները: Նրա խոսքով, «Այլևս երբեք» շարժումը հզորացնելու, Հայաստանը՝ որպես ցեղասպանությունների միջազգային հարթակի առաջամարտիկը դարձնելու ՀՀ Նախագահի առաջարկը կարող է առարկայանալ, եթե ստեղծվի «Ցեղասպանությունների միջազգային հետազոտական կենտրոն»: Այն կզբաղվի և՛ իրավական, և՛ պատմական, և՛ միջազգային խնդիրների ուսումնասիրմամբ: