«Շուտով գարուն կգա և հուսով եմ, որ խաղաղ գարուն կլինի նաև իմ ծննդավայր Սիրիայում». Ռաֆֆի Կիրակոսյան

ՀՀ սփյուռքի նախարարության մշտական հոգածության ներքո են գտնվում սիրիական՝ անվերջանալի թվացող պատերազմի հետևանքով Հայաստանում հանգրվանած մեր հայրենակիցները, նրանց ունեցած խնդիրները, որոնք պարբերաբար լուսաբանվում են նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականում: Սիրիահայերի մեծ մասը սիրով է համաձայնում զրուցել, մի մասն էլ խուսափում է աշխատանքի հետ կապված ժամանակի սղության, նաև՝ ասելիքի անորոշության պատճառով: Իմ զրուցակիցը՝ Ռաֆֆի Կիրակոսյանը, ով «Վերնիսաժ»-ի տարածքում զբաղեցրած սեղանի մոտ կանգնել էր՝ վաճառելու իր եղբոր պատրաստած արծաթյա զարդերը, սառնամանիքից ընդարմացած՝ դրականորեն արձագանքեց իմ առաջարկին և մի քիչ պասիվ (թերևս պատճառը ցուրտն էր), համեստորեն, զուսպ պատասխանեց իմ հարցերին:
–Որքա՞ն ժամանակ եք գտնվում Հայաստանում:
– Մեկուկես տարի է, ինչ եղբորս հետ տեղափոխվել ենք Հայաստան, ծնողներս մահացել են: Այստեղ մենք վարձով ենք ապրում: Եղբայրս պատրաստում է զարդերը, իսկ ես վաճառում եմ: Սիրիայում ատաղձագործ էի աշխատում: Այստեղ առավոտյան ժամը 9-ից մինչև 1700-ը «Վերնիսաժ»-ում եմ:
–Վաճառք կա՞, շահույթ ունենո՞ւմ եք:
-Նայած՝ օր. օրեր կան, որ ոչինչ չեն գնում, ցուրտ է, մարդիկ այդքան էլ չեն հաճախում «Վերնիսաժ»: Ավելի շատ տոնական օրերին է աշխուժանում առևտուրը:
– Ռաֆֆի՛, Սիրիան տաք երկիր է, դուք սովոր եք ջերմ եղանակի, ինչպե՞ս եք դիմանում այս դաժան ձմռանը, առավել ևս, սառը գետնին կանգնած, ողջ օրը բացօթյա աշխատում եք:
– Անշուշտ, դժվար է, սակայն կամաց-կամաց վարժվում եմ, դիմանում եմ: Առանց աշխատանքի չի լինի: Օրեր կան, որ չեմ գալիս: Առայժմ ուրիշ գործ չկա, ուստի ստիպված պետք է կանգնեմ: Ոչինչ, շուտով գարուն կգա և հուսով եմ, որ խաղաղ գարուն կլինի նաև իմ ծննդավայր Սիրիայում:
–Շա՞տ տարբերություն եք տեսնում սիրիահայերի և տեղի հայության միջև:
-Այո՛, տարբերություն շատ կա. սիրիահայությունն ավելի ավանդապաշտ է: Ամեն մարդ իր ծննդավայրին է վարժված: Իմ մանկությունն ու պատանեկությունը, վաղ երիտասարդությունս եմ թողել այնտեղ, հարազատ շիրիմներ եմ թողել:
–Տեղացիների հե՞տ եք ավելի շատ շփվում, թե՞ այստեղ հանգրվանած սիրիահայերի հետ:
– Բոլորի հետ էլ շփվում եմ, սակայն շատերն արտագաղթում են:
–Ասացիք, որ սիրիական պատերազմից առաջ երկու անգամ պտույտի եք եկել Հայրենիք. ինչպիսի՞ն է տարիների հեռվից այսօրվա Հայաստանը:
-Ժողովուրդը նույնն է, Երևանն է շատ փոխվել, գեղեցկացել է, զարդարվել:
– Ռաֆֆի՛, Ձեր հասակակից ընկերներին խորհուրդ կտա՞ք գալ, հաստատվել Հայրենիքում:
-Այո՛, անշո՛ւշտ: Պատերազմն էլ ավարտվի, մենք մնալու ենք այստեղ: Հալեպի Սուլեյմանի թաղամասում պահպանվել է մեր տունը, կուզենք ապրել Հայրենիքում, սակայն միշտ կապված մնալ մեր ծննդավայրին: Սա իմ Հայրենիքն է, իսկ Հայրենիքն ինձ համար մոր պես է, Հայրենիքը մեր մայրն է, իսկ մորից ավելի սուրբ ոչինչ չունենք:
Կարինե Ավագյան