ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Արևիկ-Հայաստան» կենտրոնի հանդիսավոր բացման արարողությանը
Փետրվարի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց մտավոր և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող սիրիահայերի խնդիրներով զբաղվող «Արևիկ-Հայաստան» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպվել էր «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի կողմից:
Արարողությանը մասնակցում էին նաև Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի նախագահ Անի Բալխյանը և այլք:
Բացման խոսքով հանդես եկավ Անի Բալխյանը: Ներկաներին ողջունեց դեսպան Ռիչարդ Միլսը: Բարձր գնահատելով Հայաստանում սիրիահայերին հավուր պատշաճի ընդունելու գործում Սփյուռքի նախարարության դերը՝ դեսպանը նշեց, որ եվրոպական երկրների շարքում սիրիացի փախստականներ ընդունելու ցուցանիշով Հայաստանը երրորդն է:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ընդգծելով նման կենտրոնի ստեղծման կարևորությունը՝ նախարարը նշեց. «Ուրախ եմ ձեզ ողջունել «Արևիկ-Հայաստան» կենտրոնում, որտեղ պետք է շատ լույս ու ջերմություն լինի: Սիրելի´ ներկաներ, սիրիական հակամարտության պատճառով մեր հզոր, ուժեղ, հայաշունչ համայնքը նվազեց: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր որոշեցին հաստատվել Հայաստանում և իրենց ներկայությամբ գեղեցկացնել Հայրենիքը: Սիրիահայերը իրենց հետ Հայաստան բերեցին աշխատանքի նոր որակ, նոր մշակույթ, նոր կենցաղ և իրենց վարքով, բարքով և կազմակերպվածությամբ իսկական օրինակ են հայաստանցիների համար: Հաջողություն եմ մաղթում բոլոր սիրիահայերին: Միասին տոնե´նք մեր Հայրենիքի պայծառ հոբելյանը՝ 25-րդ տարեդարձը, և միասին կերտենք ավելի հզոր, ավելի ուժեղ Հայաստան»:
Իր խոսքի վերջում նախարարը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց միջազգային և հասարակական կազմակերպություններին, ՄԱԿ-ի փախստականների գրասենյակին, եվրոպական պետություններին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որոնք օգնում են ինչպես փախստականներին ընդունելու, այնպես էլ բազմաթիվ այլ խնդիրների լուծմանը հարցերում, ինչպես նաև բոլոր բարերարներին, կազմակերպիչներին, մանկավարժներին, ովքեր փորձում են անել ամեն բան, որ երեխաներն ինտեգրվեն հասարակությանը, որ իրենց լիարժեք զգան և, որ հաշմանդամ երեխան իր հասակակիցների մեջ իրեն օտարված չզգա:
Միջոցառման ավարտին կարճ թատերական ներկայացումով հանդես եկան կենտրոնի սաները:
«Արևիկ-Հայաստան» կենտրոնի ստեղծման նպատակը մտավոր և ֆիզիկական հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաների համար համապատասխան պայմաններ ապահովելն ու հոգեբանական աջակցություն ցուցաբերելն է: Կենտրոնի ստեղծումը հնարավոր է դարձել Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, մասնավորապես՝ Ջուլիա Թաֆթ ֆոնդի՝ «Ավելի լավ պայմաններ հաշմանդամության խնդիրներով սիրիահայ անձանց համար» իրականացվող ծրագրի շնորհիվ: