«Ինձ հայ եմ զգում, քանի որ հայ կին և երկու հայ աղջիկ ունեմ». Մարիանո Սարավիա

Hayernaysor.am-ի զրուցակիցը Արգենտինայում մեծ ճանաչում ունեցող քաղաքական լրագրող, պրոֆեսոր, գրող և դասախոս Մարիանո Սարավիան  է:

Մարիանո Սարավիային իրավամբ կարելի է կոչել արդարության «մարտիկ» ու նրա օրինակով փաստել, որ ճշմարտությանը հետամուտ լինելն ազգություն չի ճանաչում: Ընտրելով ազնիվ լրագրողի ուղին՝ Մարիանո Սարավիան արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, աշխարհին այն լսելի դարձնելու աննկուն պայքարով:

-Որպես սկիզբ. ո՞վ է Մարիանո Սարավիան:

-Ծնվել եմ Արգենտինայի Մենդոզա քաղաքում: Երակներումս իսպանացու և բնիկ արգենտինացու արյուն է հոսում: Դեռ մանկուց աներևակայելի սեր և հետաքրքրություն եմ ունեցել լրագրության նկատմամբ: Ցանկանում էի լրագրության միջոցով պայքարել աշխարհում տիրող անարդարությունների դեմ, աշխարհը վերափոխելու, ավելի լավը դարձնելու գործում իմ փոքրիկ ներդրում ունենալ: Այն կարծես մարտահրավեր լիներ ինձ համար:

17 տարեկանից աշխատում եմ լրատվական ոլորտում՝ շուրջ 30 տարի է արդեն: Դասախոսում եմ նաև Կորդոբայի Կաթոլիկների համալսարանի Միջազգային քաղաքականություն բաժնում:

Ինձ միշտ մտահոգել է հասարակության մեջ տիրող անհավասարությունները: Այդ պատճառով լրագրությանը զուգընթաց որոշեցի զբաղվել նաև մարդու իրավունքների ուսումնասիրությամբ:

-Ե՞րբ եք սկսել հետաքրքրվել հայ ժողովրդի պատմությամբ:Ինչ՞ը Ձեզ համար շարժառիթ դարձավ:

-Հայերի, հայոց պատմության հետ իմ ծանոթությունը շատ խորը արմատներ ունի: Կորդոբայում թերթի խմբագրությունում էի աշխատում, մի հայ ծերունի՝ Ավագ Ավագյան անունով, ամեն տարի գալիս էր աշխատավայր և խնդրում, որ ապրիլի 24-ին թերթում հիշատակենք Հայոց ցեղասպանության մասին: Խմբագրությունում ես ամենաերիտասարդն էի, և գլխավոր խմբագիրն ինձ հանձնարարեց, որ զբաղվեմ ծերունու խնդրանքով: Այդ ժամանակ մշուշոտ պատկերացում ունեի հայերի և նրանց գլխին պատուհասած արհավիրքի մասին: Ծերունու հետ հանդիպումը պատճառ դարձավ, որ մոտիկից ծանոթանամ հայ ժողովրդին և կապեր հաստատեմ Արգենտինայի հայ համայնքի հետ:

-Ե՞րբ որոշեցիք գիրք գրել Հայոց ցեղասպանության մասին:

-Արդեն շատ ակտիվ համագործակցում էի հայ համայնքի հետ, երբ Էդուարդո Թորոսյան անունով մի մարդ, որն այժմ Կորդոբայի հայ համայնքի ղեկավարն է, 2005 թվականին առաջարկեց՝ Հայոց ցեղասպանության մասին գիրք գրել: Ես էլ սիրով ընդունեցի առաջարկը:

2006 թվականին համայնքը ուսումնասիրությունների, նյութեր հավաքագրելու նպատակով ինձ գործուղեց Հայաստան, Ջավախք և Արևմտյան Հայաստան:

Իմ ամենամեծ նպատակն էր գրքի միջոցով աշխարհին ներկայացնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը: Գրքի էջերում կարևոր շեշտադրումներ են արվում Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ որդեգրած մերժողական քաղաքականության մասին, որը մինչև այսօր, ցավոք, շարունակվում է: Իսկ սա շատ վտանգավոր է. Հայոց ցեղասպանությունը չճանաչելով, մեկ այլ Ցեղասպանության իրագործմանն ես նպաստում:

Գիրքը, որը գրել եմ երկու տարում, կոչվում է «Հայի կանչը.  կամ մի Ցեղասպանության պատմություն, որը  ճանաչում է ուզում»: Ընթերցողը գրքի էջերում կգտնի բազմաբնույթ տեղեկատվություն իմ ուսումնասիրությունների, հոդվածների, պատմական փաստերի և Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած ականատեսների վկայությունների մասին:

Գիրքը թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն: Ծրագրում եմ  թարգմանել հայերեն և թուրքերեն:

Գրքի շնորհանդեսը շատ բարձր մակարդակով տեղի ունեցավ 2007 թվականին՝ Բուենոս Այրեսում: Գիրքը ներկայացրեց Արգենտինայում հայտնի գրող Օսվալդո Դաժերը: Շնորհանդեսներ տեղի ունեցան նաև Կորդոբայում, Ուրուգվայում, Բրազիլիայում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոս Անջելեսում և Բոստոնում:

Երեք ամիս ԱՄՆ-ի Վինսկոնսի համալսարանում Ցեղասպանությունների մասին դասախոսություններ եմ կարդացել, որոնց զգալի մասը Հայոց ցեղասպանությանն էր նվիրված:

Mariano Saravia-2

Գիրքն  ի՞նչ արձագանք ունեցավ թուրքերի շրջանում:

 – Թուրքերի կողմից այն սվիններով ընդունվեց, ինչը և ես սպասում էի: Երբ գիրքը հրատարակվեց, Արգենտինայում Թուրքիայի դեսպանը զանգահարեց խմբագրություն և գլխավոր խմբագրից պահանջեց՝ աշխատանքից անհապաղ հեռացնել ինձ: Սակայն դա անել նրան չհաջողվեց. աշխատակիցները պաշտպանեցին շահերս: Այնուհետև ինձ զանգահարեցին Թուրքիայի դեսպանատնից և ասացին, որ երբեք չգրեմ, թե թուրքերը 1,5 միլիոն հայ են կոտորել, քանի որ այդ թիվը իրականում չորս հարյուր հազար է: Եվ սա նրանց վերջին ճնշումները չէին իմ նկատմամբ:

Որոշ ժամանակ անց Թուրքիայի դեսպանի կողմից իմ տուն են ուղարկում մեկ արկղ գիրք՝ Հայոց ցեղասպանության մասին իրենց հակահայկական տեսակետները ներկայացնող, իրողությունը մերժող բովանդակությամբ: Փաստորեն, գրքի հրատարակումը տեղեկատվական պատերազմի վերածվեց:

Տիրապետելով Հայոց ցեղասպանության ողջ ճշմարտությանը՝ բարձրաձայն ասում եմ, որ հայերն անմեղ զոհեր են եղել և դավադրության զոհ դարձել: Այդ ամենը ներկայացնելն ինձ համար հանուն արդարության մղվող պայքար դարձավ:

-Պարո՛ն Մարիանո, ընտանիք եք կազմել հայուհու հետ: Արդյո՞ք այն հայերի հանդեպ ունեցած Ձեր սիրո և հարգանքի արգասիք է:

-«Հայի կանչը.  կամ մի Ցեղասպանության պատմություն, որը  ճանաչում է ուզում» գիրքը հյուսեց նաև իմ սիրո պատմությունը: Հայ համայնքի հետ բարեկամանալուց հետո ինձ հաճախ էին հրավիրում կազմակերպվող միջոցառումներին, որտեղ պարբերաբար հանդիպում էի ապագա կնոջս՝ Մարիանային: Այդ հանդիպումների արդյունքում մտերմացանք և հասկացանք, որ այլևս չենք կարող ապրել առանց իրար:

Հիմա արդեն երկու աղջիկ ունենք, որոնց հայկական՝ Անի և Նունիկ անուններով ենք կնքել: Ի դեպ, դա իմ նախաձեռնությունն է եղել և այլ քննարկում այս հարցում չի եղել: Այդպես որոշել էի դեռ այն ժամանակ, երբ հայ ընկերոջս՝ Հովիկ Վիրաբյանի հետ Արևմտյան Հայաստանում էինք գտնվում: Վանա լիճ մտնելով՝ ուխտեցի, որ երբ երեխաներ ունենամ՝ ի հիշատակ զոհված 1,5 միլիոն հայ անմեղ նահատակների, նրանց հայկական անուններ եմ տալու: Հիմա հոգուս առջև ինձ հանգիստ եմ զգում:

Mariano-1

– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են հայերը:

-Նախ կխոսեմ Սփյուռքում ապրող հայերի մասին: Որպես լրագրող՝ աշխատում եմ տարբեր համայնքների հետ, ծանոթանում նրանց կենցաղավարությանը, բնավորությանը և, ըստ այդմ, կարծիք ձևավորում:

Հայերն ինձ համար մարդկային բարձր որակներ ունեցող  ազգ են: Նրանք ինձ զարմացնում են իրենց ավանդապաշտությամբ, մտածելակերպով, հայրենասիրությամբ և անսահման բարությամբ: Մի ժողովուրդ, որին ցանկանում էին բնաջնջել քարտեզի վրայից, բայց նա ապրեց և համառորեն պայքարեց ապրելու իր իրավունքի համար: Դա ինձ հուզում է և հոգիս տակնուվրա անում:

Հայերի հզորությունը զգացի հատկապես Արևմտյան Հայաստանում: Այն ամենն, ինչ թողել են նրանք այդ հողում, hնարավոր չէ ջնջել. վաղ թե ուշ այն հետ է վերադարձվելու նրանց:

 Անչափ հուզվել էի և արցունքներս չէի կարողանում զսպել հատկապես Անիում՝ տեսնելով այդքա՜ն լքված տարածքներ, խոնարհված եկեղեցիներ և մշակութային այլ արժեքներ:

Նույն կարծիքն ունեմ Հայաստանում ապրող ժողովրդի մասին: Հայաստանն իր տեսարժան վայրերով, չքնաղ բնությամբ, մաքուր օդով պարզապես հիացրեց ինձ: Հայկական լեռնաշխարհն ինձ ծննդավայրս՝ Մենդոզան հիշեցրեց: Հիշողությանս մեջ ամուր դաջվել է հայերի անկեղծ հյուրասիրությունը, երբ քեզ ընդամենը մեկ անգամ տեսնելուց հետո կարող են բարեկամաբար իրենց տուն հրավիրել և շատ ճոխ հյուրասիրել: Ուտելիքներից սիրեցի քուֆթան, բաստուրման, իսկ հայկական կոնյակը պարզապես անմահական համ ունի:

Գերված եմ նաև Ջավախք աշխարհի սաղարթախիտ անտառներով և սառնորակ ջրերով:

Սիրում եմ հայ ժողովրդին: Ինձ հայ եմ զգում, քանի որ հայ կին, երկու հայ աղջիկ ունեմ, որոնք ինձ ոգևորում են և ուժ տալիս:

Հայերի մասին կարելի է անվերջ խոսել և չհոգնել: Ես մինչև վերջ կպայքարեմ նրանց արդարության և իրավունքների վերականգման համար:

-Երբևէ մտածել եք, թե ո՞րն է հայերի դերն աշխարհում:

Գուցե կրկնվեմ, բայց պետք է ասեմ, որ դարձյալ արդարության վերականգման համար պայքարելու մեջ եմ տեսնում հայերի դերն ու առաքելությունն այս աշխարհում: Անհրաժեշտ է առանց հուսահատվելու պայքարել  Հայ դատի ճանաչման համար:

Բարձր եմ գնահատում հատկապես Արգենտինայում ապրող հայերի ծավալած գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչման և, առհասարակ, հայապահպանության հարցում: Հայոց ցեղասպանոթյան 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ականատեսն եմ եղել կազմակերպված մի շարք միջոցառումների, որոնք ցասումի, պայքարի և պահանջատիրության  մեծ ալիք բարձրացրեցին:

Եվ՛ Արգենտինան, և՛ ամբողջ աշխարհը, հարստացել են իրենց երկրներում ապրող հայերով: Բոլորն էլ լավ գիտեն, թե որքա՜ն տաղանդավոր, բանիմաց և գործունյա մարդիկ են հայերը: Որ երկրում էլ ապրեն նրանք, շենացնում և ծաղկեցնում են այդ երկիրը:

-Պարո՛ն Մարիանո, ի՞նչ եք կարծում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո Հայոց դատն ի՞նչ հանգրվանի կհասնի:

-Կարծում եմ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ամենամեծ բանալին հենց Թուրքիայում է գտնվում: Այդ պետությունն այսօր իր որդեգրած քաղաքականությամբ արդեն վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհին: Թուրքիան պետք է փոխի իր գործելաոճը, հատկապես երբ խոսքը Հայոց ցեղասպանությանն է վերաբերում: Այսօր այնտեղ ապրող մարդկանցից շատերը  չգիտեն իրենց նախնիների կատարած վայրագության պատմությունը և կուլ են գնում իրենց իսկ երկրի ծավալած կեղծ քաղաքականությանը: Ի դեպ, աշխարհի պետություններն էլ մեղքի բաժին ունեն Հայոց ցեղասպանության մերժողականության, կատարվածին արդարացի լուծում չտալու գործում:

Մենք մեր քայլերով, կատարած աշխատանքներով պետք է կարողանանք «ուշքի» բերել Թուրքիային: Միայն այդ միջոցով կհասնենք բաղձալի արդյունքին:

Հարցազրույցը ՝Գևորգ Չիչյանի

Իսպաներենից- հայերեն թարգմանությունը՝  Գագիկ Գասպարյանի

Հ.Գ. Շնորհակալություն ենք հայտնում Մարիանո Սարավիային հայ ժողովրդի կողքին կանգնելու, նրան արդար Դատի մարտիկը լինելու համար: Մաղթում ենք ու ցանկանում, որ արդարության համար մղվող «իր» պայքարում միմիայն հաղթանակներ գրանցի:

  Mariano Saravia-3

Scroll Up