«Շարունակելու ենք Հայաստանն ու չինահայ համայնքը ներկայացնել Չինաստանում». Անահիտ Պարզյան

Չինաստանի հայկական համայնքի «ՉինաՀայ» լրագրի գլխավոր խմբագիր Անահիտ Պարզյանը, ով սովորում է Նանջիգի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնում, «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ներկայացնում է լրագրի գործունեության նշանակությունն ու մինչև այժմ կատարված աշխատանքները:

-Անահի՛տ, ո՞րն է «ՉինաՀայ» լրագրի առաքելությունը:

– Արդեն 4 տարի լույս տեսնող «ՉինաՀայ» լրագիրը պատմում է Չինաստանի համայնքային կյանքի, տեղի ունեցող կրթական, մշակութային հետաքրքիր միջոցառումների և Չինաստանում հաստատված հաջողակ այն հայերի մասին, ովքեր իրենց գործունեությամբ օրինակ են ծառայում Չինաստան նոր եկած հայրենակիցներին:

Կարծում եմ՝ Հեռավոր Արևելքում հայերեն և անգլերեն տպագրվող միակ ամսագրի առկայությունը շատ կարևոր է չինահայերին՝ Մայրենիին ու Հայաստանին մոտ պահելու առումով: Ամսագիրը տարածում ենք նաև համայնքից դուրս՝ Սփյուռքի համայնքներից մինչև Հայաստան:

Ներկայումս լրատու ներկայացված է ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնյան համալսարանի Չարլզ Ե. Յոունգ գրադարանում, որն ունի 12.000.000 գրքերից և նյութերից բաղկացած հավաքածու, որից 25.000-ը հայերեն գրքեր ու ամսագրեր են։ Լրագիրն արդեն հասանելի է այդ հեղինակավոր բուհի հետազոտողների համար։

«ՉինաՀայը» ակտիվորեն շարունակելու է իր աշխատանքները՝ ընդլայնելով ընթերցողների լսարանը և շարունակելով Հայաստանն ու չինահայ համայնքը ներկայացնել Չինաստանում և Չինաստանից անդին:

-Հայաստանյան կյանքն արտացոլվու՞մ է լրագրի էջերում:

-Համացանցային դաշտում բազմաթիվ կայքերի գոյության պայմաններում հայաստանյան իրադարձություններն ամսագրի էջերում այդքան շատ չեն լուսաբանվում:

Բայց, իհարկե, անհրաժեշտության դեպքում անդրադառնում ենք հիմնականում այնպիսի լուրերի, որոնք առնչվում են Չինաստանի հայկական համայնքի՝ Հայաստանի, մասնավորապես` ՀՀ սփյուռքի նախարարության և այլ կառույցների հետ համագործակցություններին: Պահպանում ենք լրագրի հիմնական նպատակը, այն է՝ ներկայացնել Չինաստանի հայկական համայնքի առօրյան և հետագա անելիքները։

-Չինաստանի հայկական համայնքն առցանց գիտաժողովների կազմակերպման մեծ փորձ ունի: Այս ուղղությամբ նոր ծրագրեր կա՞ն:

-Ճիշտ եք նկատել: Նորագույն տեխնոլոգիաների ներգրավմամբ՝ արդեն կազմակերպվել է Չինաստանում գործող հայ հետազոտողների և ուսանողների երեք գիտաժողով: Այս գիտաժողովների շնորհիվ միավորվեցին Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայ հետազոտողներն ու ուսանողները: Գիտաժողովների արդյունքում նրանց միջև սերտ կապ հաստատվեց, կազմավորվեց հայ հետազոտողների թիմը, որը Չինաստանում և այլ երկրներում մասնակցում է գիտական միջոցառումների, ներկայացնում է հայկական գիտական միտքը: Գիտաժողովին ներկայացված հետաքրքիր աշխատանքերը տպագրվել են, աշխատանքերը լայնորեն լուսաբանվել են թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի լրատվամիջոցներով:

Քանի որ ամենամյա գիտաժողովին մասնակցելու ցանկություն հայտնեցին աշխարհի տարբեր երկրներում գործող հայ հետազոտողները, Չինաստանի հայկական համայնքի գիտական խորհուրդը որոշեց Սփյուռքի երիտասարդ հայ հետազոտողների առաջին առցանց համահայկական գիտաժողովը կազմակերպել, որը հնարավորություն կտար ընդլայնելու գիտաժողովի աշխարհագրությունը:

Գիտաժողովը տեղի ունեցավ հուլիսի 22-ին, որտեղ երիտասարդ ակադեմիական լավ թիմ հավաքվեց աշխարհի տարբեր ծայրերից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Լեհաստանից, Էստոնիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Պաղեստինից և այլն: Հուսով ենք, որ այս գիտաժողովի ընթացքում միասնական դարձած գիտական ռեսուրսը հետագայում կներգրավվի Հայկական աշխարհի զարգացման գործին։

-Վերջերս Սփյուռքում հայագիտության ոլորտում նշանակալի ներդրում ունենալու, գրահրատարակչական և տպագրական գործունեություն ծավալելու, ինչպես նաև ՀայաստանՍփյուռք հայագիտական գործակցության ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու համար պարգևատրվեցիք ՀՀ սփյուռքի նախարարության և Վենետիկի Մխիթարյան միաբանության «Հակոբ Մեղապարտ» մեդալով: Ի՞նչ զգացողություններով եք համակված այս առիթով:

 -Անկեղծ ասած, Սփյուռքում, ինչպես դուք նշեցիք, տարբեր ոլորտներում կատարած կամավորական աշխատանքիս համար չեմ սպասել, որ նմանօրինակ բարձր պարգևի կարժանանամ: Կարծում եմ, որ բոլոր առողջ հոգի ունեցող հայերի խնդիրը պետք է լինի զբաղվել հայապահպանությամբ` առանց որևէ ակնկալիքի, բայց մյուս կողմից, երբ աշխատանքդ, որը հանուն Հայրենիքի կատարում ես գործերիդ և ընտանիքիդ հաշվին՝ գնահատվում է, այն պարտավորեցնում է քեզ, որ ավելի ոգևորված շարունակես կամավորական աշխատանքդ: Կլինի դա Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները, Արցախյան հիմնախնդրի հետ կապված տեղեկատվական պատերազմները չինարեն լեզվով, լրագիրը, թե մշակութային ձեռնարկները:

Շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որ նման ձևով ոգևորել է ինձ և գնահատել է իմ համեստ ներդրումը: Փորձելու եմ շարունակել  իմ ծավալած գործունեությամբ օգտակար լինել թե՛ Հայաստանին, թե՛ Սփյուռքին:

Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի

Scroll Up