«Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր օսմանականության գաղափարախոսության համատեքստում» գիտաժողովն ավարտեց իր աշխատանքները

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ  ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում անցկացվող  «Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր օսմանականության գաղափարախոսության համատեքստում» գիտաժողովը շարունակեց աշխատանքը ևս երկու թեմատիկ նիստերով:

Երկրորդ նիստը վարեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:

«Նոր օսմանականության հիմնահարցերը և հետխորհրդային թյուրքագիտությունը» զեկուցումով հանդես եկավ ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը:

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն Տարոն Սիմոնյանը զեկուցեց «Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվության հիմքերը և կառուցակարգերը» թեմայով:

Բուռն քննարկումների առրթ դարձավ իրավաբանական գիտությունների թեկնածու Լևոն Գևորգյանի «Հայոց ցեղասպանության մերժողականությունը` ՄԻԵԴ-ի Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի վճռից առաջ և հետո»թեմայով զեկուցումը:

Պատկերաշարով «Հայոց ցեղասպանության ժխտման մեթոդներն ու մեխանիզմները արդի Թուրքիայում» թեմայով զեկուցում ներկայացրեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անուշ Հովհաննիսյանը:

Երրորդ թեմատիկ նիստը վարեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետ, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թուրքերենի բաժնի վարիչ, պ.գ.թ. Մելինե Անումյանը «Երիտթուրքերի 1919-1921թթ. դատավարությունների որոշ փաստերի խեղաթյուրման փորձեր թուրք ժամանակակից պատմագրության մեջ» թեմայով զեկուցում ներկայացրեց:

«Հայոց ցեղասպանության ժխտողականության առանցքային կետերը՝ դերակատարների և դրսևորումների ձևափոխման համատեքստում» թեմայով զեկուցեց ցեղասպանագետ, քաղաքագետ Մարի Հովհաննիսյանը, կատարվեցին կարևոր մեթոդաբանական առաջարկներ ժխտողականության դեմ պայքարում:

Նիստի վերջում «Եփրատ» ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Գևորգ Պետրոսյանը հանդես եկավ «Ընդհանուր ցավ. Հայոց ցեղասպանության ժխտման հարցում Թուրքիայի արդի քաղաքականությունը» թեմայով զեկուցումով:

Ծավալվեցին քննարկումներ, արվեցին առաջարկություններ: Գիտաժողովի մասնակիցները ողջունեցին համաժողովներ, գիտաժողովներ կազմակերպելու, ուսումնասիրություններ պատվիրելու սփյուռքի նախարարության հետևողականությունը և նախաձեռնողականությունը հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում, նախանձախնդրությունն ու պատրաստակամությունը Հայ դատի և հայոց պահանջատատիրության հարցերը միշտ կենսունակ պահելուև առաջ տանելու հարցերում:

Ամփոփելով գիտաժողովի արդյունքները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ գիտաժողովի արդյունավետ աշխատանքին և դիպուկ հարցադրումներին: Նա մասնավորապես նշեց. «Գիտաժողովը, որով ավարտում ենք տարին, խորհրդանշական է: Ամփոփելով  2015թվականը, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները՝ այս գիտաժողովով պնդում ենք ժխտողականության դեմ պայքարում մեր հաստատակամությունը: Ուրախալի է, որ հավաքվել են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ թուրքագետներ, ցեղասպանագետներ, իրավաբաններ, պատմաբաններ, միջազգայնագետներ և յուրաքանչյուրը խնդիրը դիտարկում է իր մասնագիտական տեսանկյունից , ինչը հնարավորություն է տալիս ընդլայնել գիտելիքները:

Ուրախ եմ, որ այսքան հզոր, ուժեղ, գիտուն, մրցունակ երիտասարդներ ունենք: Կարծում եմ, որ այս գիտաժողովի նյութերը պետք է տպագրվեն, նաև թարգմանվեն և տարածվեն Սփյուռքում: Անհրաժեշտ է, որ Սփյուռքը լսի, իմանա ձեր մտավախությունների մասին, որ այսօր հնչեցին այստեղ: Անդրադառնալով ժխտողականության դրսևորումներին՝ պետք է նշենք, որ Թուրքիան վայրի ժխտողականությունից անցել է ավելի քողարկված՝ սողացող ժխտողականության, ինչն առավել վտանգավոր և մոլորեցնող է: Ողջունում եմ, այստեղ հնչած կարևոր հարցադրումները, մեթոդաբանական առաջարկները, որոնք անհրաժեշտ է ուսումնասիրել, վերլուծել և կոնկրետ առաջարկներ անել: Կարծում եմ, որ ցեղասպանագիտության միջազգային կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը կա, որը կզբաղվի գլոբալ ֆորումներ, լուրջ ուսումնասիրություններ կազմակերպելով:

Առաջարկում եմ,յուրաքանչյուր տարի դեկտեմբերին ևս այս թեմայով գիտաժողով կազմակերպել, կարծում եմ, որ մեկ տարին բավական է Թուրքիայի կեղծ քաղաքականությունը, տարածաշրանային նոր զարգացումներն ուսումնասիրելու և եզրակացություններ անելու համար: Ուզում եմ, որ երիտասարդներդ շարունակեք դիտարկել թուրքական քաղաքականության նրբերանգները և անպայման համագործակցեք մեզ հետ: Պետք է այսուհետև ևս զգաստ լինենք: Ցավոք թեման մեկ երկու տարում չի փակվի, երկար ու ծանր գործընթաց է: Եվ եթե մի օր Թուրքիան անգամ ճանաչի ցեղասպանությունը, միևնույն է հատուցման գործընթացը երկար է լինելու: Շնորհակալ եմ ձեր արդյունավետ ու մանրակրկիտ աշխատանքի համար»:

Scroll Up