ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Մոնտեբելոյի (ԱՄՆ) պատվիրակությանը

Նոյեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մոնտեբելոյի (ԱՄՆ) քաղաքապետ Ջեկ Հաջինյանին և ՀՅԴ Արևմտյան ափի կենտրոնական կոմիտեի անդամ և Հայ Դատի խորհրդի անդամ  Լևոն Կիրակոսյանին:

 Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորեց Ջեք Հաջինյանին վերջես Մոնտեբելոյի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ և ուրախություն հայտնեց, որ հայ երիտասարդը օտար երկրում կարողացել է հասնել նման բարձր և պատասխանատու պաշտոնի:

 «Հայության համար մեծ հպարտություն է ամերիկյան կառավարական կառույցներում տեսնել իր հայրենակիցներին. դա ազգային հպարտության ազդակներ է հաղորդում նրանց և ավելի ամրապնդում ազգային արմատների և ինքնության հետ նրանց կապը: Հետևաբար մեծապես կարևորում եմ հատկապես երիտասարդության հետ տարվող աշխատանքը, մանավանդ որ այսօր գլոբալացվող աշխարհն ամենևին չի նպաստում ազգային ինքնության պահպանմանը»,- ասաց Հրանուշ Հակոբյանը՝ հորդորելով ավելի նպատակասլաց և արդյունավետ աշխատել երիտասարդության հետ:

 Նեկայացնելով Մոնտեբելոյի հայ համայնքը՝ Ջեկ Հաջինյանն ասաց, որ այն Լոս Անջելեսի շրջանի ամենահին քաղաքն է, ունի 62500 բնակչություն, որից 7000 հայ է: Գործում են Հայկական Առաքելական Սբ. Խաչ եկեղեցին, Մեսրոպյան ազգային վարժարանը, ակտիվորեն աշխատում են Հայ դատի հանձնախումբը, ՀՕՄ-ի, ՀՄԸՄ- մասնաճյուղերը: Այստեղ 1968-ին կանգնեցվել է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող: Նշանակալի է նաև, որ Մոնտեբելոն քույր քաղաք է հռչակվել Ստեփանակերտի հետ, և այս այցի շրջանակում համատեղ գործունեության լայն ծրագրեր են մշակվել:

 Այնուհետև, զրույցն ընթացավ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Հրանուշ Հակոբյանը հյուրերին ծանոթացրեց նախարարության կողմից իրականացվող ծրագրերին և հույս հայտնեց, որ Մոնտեբելոյի հայությունն, ունենալով հայ քաղաքապետ, ավելի ակտիվ մասնակցություն կունենա դրանց:

 Երկուստեք շեշտվեց, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել ամրապնդելու վստահությունը միմյանց նկատմամբ, քանի որ փոխադարձ վստահությունն արդյունավետ ծրագրեր իրականացնելու գրավականն է:

Montebelo

Scroll Up