«Հալե´պ, իմ հուշ, իմ կարոտ, իմ թախիծ, իմ սեր, դու պիտի´ ոտքի կանգնես». Հուրի Բերբերյան

Ինձ վաղուց արդեն չեն զարմացնում սիրիահայերի պատրաստած համադամ կերակուրները, յուրահատուկ ապրանքանիշի որակ ապահովող խմորեղենը, համեմունքները, ձեռքի աշխատանքները, սակայն չեմ դադարում հիանալ ու հպարտանալ շնորհալի հայորդիների ու հայուհիների` ասես անձեռակերտ աշխատանքներով: Այս անգամ հիացմունքիս առարկան մի երիտասարդ հայուհու` Հուրի Բերբերյանի պատրաստած աղջկական գունագեղ գլխազարդերը, գլխադիրներն էին, որոնց նայելն անգամ ուրախություն է պարգևում, դրանք ասես լույսով էին ողողել Հուրիենց վարձակալած բնակարանը… Եվ այդ լույսի մեջ լույսի կտոր երեք հայուհիներ ինձ դիմավորեցին, երեք հասակ, երեք սերունդ` զեյթունցիների ժառանգ, հայակնիք դիմագծերով, ալեհեր տատիկը` Օվսաննա մայրիկը (Կիրեջյան), Հուրիի մայրը` տիկին Տիրուհին և Հուրին: Մեր զրույցը ծավալվեց պատերազմի ճիրաններում հայտնված Հալեպի, Հայաստանի և Հուրիի գեղեցիկ աշխատանքների շուրջ:

«Մեկուկես տարի է, ինչ Հայաստանում ենք: Պատերազմի պատճառով մենք թողեցինք մեր ծննդավայրը, մեր տունը, մեր աշխատանքը: Ես այնտեղ աշխատում էի Հայկազյան վարժարանում` որպես դաստիարակ: Այնտեղ էլ էի զբաղվում ձեռքի աշխատանքով: Համակարգչով կատարում էի դիզայնը, դպրոցի ձեռքի բոլոր աշխատանքները ես էի կատարում: Զատիկի, Ամանորի, Մայրության և գեղեցկության և այլ տոների առիթներով պատրաստում էի կաղապարները, ստվարաթղթերի, կտորի վրա գծում էի պատկերները, երեխաներն էլ աշխատում էին և տուն էին տանում իրենց աշխատանքները: Մանկապարտեզի երեխաներն արդեն, սկսած երեք տարեկանից, սովորում էին ձեռքի աշխատանք:

Եկա այստեղ և շարունակեցի իմ սիրած զբաղմունքը: Այս ամենին ես ինքնաշխատությամբ եմ հասել. մայրս ու տատիկս ինձ չեն սովորեցրել, նրանք էլ շատ համեղ ուտելիք են պատրաստում: Մեր ծննդավայրում կանայք գրեթե կարիք չունեին աշխատելու: Մեր էրիկ մարդերը աշխատում էին, և մեկ հոգու աշխատանքը բավարար էր` 5-6 հոգանոց ընտանիք պահելու համար: Տուն կար, աշխատանք, խաղաղ կյանք… Մենք չէինք մտածում աշխատելու մասին, սակայն նոր սերունդը սկսել էր մտածել և աշխատատեղեր փնտրել, որոշ բնագավառներում տեղավորվում էին, ինքնադրսևորվում: Պատերազմի պատճառով մի շարք ուսուցչուհիներ կրճատվեցին աշխատանքից. մենք ունեինք չորս ազգային վարժարան, որոնք կենտրոնացրին մեկ վարժարանում, և, բնականաբար, շատերը զրկվեցին աշխատանքից: Ես էլ մտածեցի տարբեր ոճի գլխադիրներ պատրաստել և նախընտրեցի աշխատել փոքր տարիքի աղջիկների համար:

Հայաստանում ես չէի կարող այլ աշխատանք կատարել, քանի որ լեզվի հետ կապված որոշ խնդիրներ կան: Այստեղ խոսակցականի մեջ շատ են գործածում ռուսերեն, բարբառային բառեր, որոնք ես չեմ հասկանում, նաև շատ արագ են խոսում և չեմ հասցնում ասածները ընկալել: Շատ տեղացիներ էլ մեր արևմտահայերենը չեն ընկալում, ուստի ես զբաղվեցի գլխադիրներ պատրաստելով ու դրանց վաճառքով, որն այդքան էլ արդյունավետ չէ: Հանձնում եմ խանութներին, մասնակցել եմ ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած ցուցահանդես-վաճառքին և այլ ցուցահանդեսների: Պահանջարկ կա, քիչ թե շատ` վաճառվում է, սակայն քաղաքը լավ չճանաչելու և շրջապատ չունենալու խնդիրների պատճառով գործը տուժում է: Այսինքն` ինձ ուղղորդող, աջակցող է հարկավոր այս հարցում: Նոր կյանք, նոր միջավայր, նոր սովորույթներ… Դյուրին չէ հարմարվելը:

Այս պատերազմի պատճառով շատ բան կորցրինք` հարազատ թաղամասեր, դպրոցներ, տներ, ծանոթներ, հարազատներ, կորցրեցինք մեր ապրած կյանքի մի հատվածը, մեր անհոգությունը, ուրախությունը… Լավ  է, որ Հայրենիք ունենք, մեզ հոգատարությամբ ու ջերմությամբ շրջապատած հայրենակիցներ… Երբ նոր էինք եկել, մեզ շատ օգնեցին թե´ սննդով, թե´ հագուստով, թե´ տան վարձավճարների հարցում: Հիմա ես հաճախում եմ անգլերենի դասընթացների, ձեռքի աշխատանքով եմ զբաղվում, իսկ մայրս ու տատիկս տանն են լինում և հոգում են կերակուր պատրաստելու հարցը: Ապրում ենք և ամեն օր երազներում տեսնում Հալեպը, մեր տունը… Այնքա՜ն հիշողություններ կան: Երբ պատերազմն ավարտվի, և Հալեպը դառնա նախկինը, ետ կգնանք, սակայն խելքս չի կտրում, թե այս պատերազմը, որն իմ կարծիքով նյութի, գազի, նավթի կռիվ է, շուտ կավարտվի: Կարծում եմ, որ մի երրորդ երկիր գնացած սիրիահայերը պատերազմի ավարտից հետո էլ չեն վերադառնա Սիրիա:

Դուք հարցնում եք, թե ինչ է Հայրենիքն ինձ համա՞ր… Հայրենիքի մասին մենք միշտ երազել ենք: Սիրիահայերը, հատկապես` հալեպցիները, շատ հավատքով ու հայրենասեր են, ավանդապաշտ: Մենք միշտ հաճախել ենք եկեղեցի, մասնակցել պատարագների, ժամերգությունների, նշել եկեղեցական և հայկական ավանդական բոլոր տոները, այստեղ էլ ես գնում եմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Իմ ծծնդավայրում աղանդներ ու աղանդավորներ չկային. ցավոք, այստեղ շատ են տարածված դրանք: Իմ երազի Հայրենիքը մեկ հավատք, մեկ` Հայ առաքելական եկեղեցի պետք է ունենա, թեև փոքր թվով, սակայն` միասնական մի ժողովուրդ պիտի լինենք: Ես շատ եմ հուզվել ու տանջվել (ոչ միայն ես, այլև` Սիրիայի բոլոր հայերը), երբ երկրաշարժ եղավ Հայաստանում, երբ վտանգված էին Արցախ-Հայաստան սահմանները: Ափսո՜ս, որ իմ երազների Հայրենքիը շատ էր երազային. այն գեղեցիկ է, ջերմ, սակայն դեռ շատ պիտի հզորանա, որ բոլոր հայերը բարեկեցիկ ապրեն ու չհեռանան Հայաստանից:

Սիրում եմ Հայաստանն ու անչափ կարոտում իմ ծննդավայր Հալեպը. ծնվել ու մեծացել, կրթություն եմ ստացել այնտեղ: Հալեպի հայկական` անչափ զարգացած ու ավանդապաշտ, հոգևոր արժեքներով հարուստ գաղութի համար աղոթում ենք ամեն օր (Հուրին հուզվում է, նրա հուզմունքը նաև ինձ է փոխանցվում: Մի պահ լռություն է տիրում: Աղջիկն արտասվում է և դժվարությամբ ավարտում սրտառուչ խոսքը)` Հալե´պ, իմ հուշ, իմ կարոտ, իմ թախիծ, իմ սեր, դու պիտի´ ոտքի կանգնես»:

Հուրի Բերբերյանի հուզիչ և ինքնաբուխ աղոթք-հավատքով էլ ավարտվում է մեր զրույցը, իսկ Օվսաննա մայրիկն ու տիկին Տիրուհին ասես վերջին ու համոզիչ հաստատուն կնիքն են դնում Հուրիի հուզիչ խոսքերի վերջում` «Ամեն բան լա´վ կլինի»:

Կարինե  Ավագյան

Հուրի1Հուրի2 Հուրի3 Հուրի5

Scroll Up