ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Հալեպի Կրթասիրաց մշակութային միության ներկայացուցիչներին

Նոյեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հալեպի «Մարտիրոս Սարյան» ակադեմիայի ղեկավար, նկարիչ Հրազդան Թոքմաջյանին և Հալեպի Կրթասիրաց մշակութային միության ներկայացուցիչներ Ալեքսան Կարադանյանին, Նորա Փիլավջյանին, Թամար Օհանյանին:

Հյուրերն իրենց շնորհակալական գիրը հանձնեցին Հրանուշ Հակոբյանին, որով Հալեպի Կրթասիրաց մշակութային միության և Կրթասիրաց Ս. Չեմպերջեան երկրորդական վարժարանի անդամների անունից իրենց երախտագիտությունն էին հայտնում աշխարհասփյուռ այնթապցիների տարիների երազանքը՝ Հրազդան Թոքմաջյանի կազմած «Այնթապի ասեղնագործութիւն» ալբոմ-ուսումնասիրության հրատարակումը իրականություն դարձնելու համար: «Ձեր հովանաւորութեամբ եւ «Փիւնիկ» հիմնադրամի օժանդակութեամբ լոյս տեսած «Այնթապի Ասեղնագործութիւն» գիրքը կարեւոր քայլ է ի խնդիր հայ մշակոյթի պահպանման սուրբ գործին. ան անմահացուց Այնթապցի հայ կնոջ տարիներու ընթացքին ստեղծած արուեստն ու մշակոյթը….» ասված է նամակում:

 Իր հերթին նախարարը խորին շնորհակալություն հայտնեց հյուրերին և ի դեմս նրանց՝ բոլոր սիրիահայերին այն մեծ հայրենասիրության ու նվիրումի համար, որ ունեն նրանք հայ ժողովրդի ստեղծած պատմամշակութային արժեքների պահպանման հանդեպ, և, որ   անգամ Սիրիայում տեղի ունեցող ողբերգական դեպքերն ի զորու չեն նրանց շեղելու այդ սուրբ գործից:

Այնուհետև, զրույցն ընթացավ Հալեպի և հալեպահայության վիճակի շուրջ: Ալեքսան Կարադանյանը, ով Չեմպերջեան երկրորդական վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է, նախարարին տեղեկացրեց, որ չնայած վերջին օրերին Հալեպում դարձյալ էլեկտրաէներգիա և ջուր չկա, սակայն վարժարանում դասերը չեն դադարեցվել: Ըստ նրա, վարժարանում ներկայումս սովորում է 420 աշակերտ, ջանքեր են գործադրվում շարունակելու համայնքային կյանքը:

Քննարկվեցին նաև Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող միջոցառումներին սիրիահայության մասնակցության, նոր ուսումնասիրությունների հրատարակման և սիրիահայությանն առնչվող այլ հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:

Siria-1 Siria-2

Scroll Up