Ո՛չ Սփյուռքը, ո՛չ էլ վաշինգտոնյան պարոններն այնքան ուժ չունեն, որպեսզի կարողանան հայերին և թուրքերին թշնամացնել

Իր հայատյացությամբ հայտնի թուրք քաղաքական գործչի՝ Դողու Փերինչեքի ղեկավարած, «Vatan» (Հայրենիք) կուսակցությունն արձագանքել է աշխարահռչակ դերասան Ջորջ Քլունի` Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը: Քլունին Հարավային Կալիֆորնիայի հանրային ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ անթույլատրելի էր համարել Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը:

«Vatan» կուսակցության միջազգային հարաբերությունների բյուրոյի անդամ Օնուր Սինան Գյուզալթանը, արձագանքելով Քլունիի այս խոսքերին, հանդես է եկել գրավոր հայտարարությամբ: Նշել է, որ Քլունիին պետք է բացատրել իրավաբանության և կինոյի միջև եղած տարբերությունը: «Հայկական սփյուռքը, չկարողանալով ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայոց ցեղասպանության պնդումների ժխտումը, որպես վերջին միջոց հույսը դրել է Հոլիվուդի վրա»-ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ասել է Փերինչեքի փաստաբանը:

Փերինչեքի կուսակիցը Քլունիների ընտանիքն անվանել է խաղալիք, որն օգտագործում են 1915 թվականին տեղի ունեցածը ուռճացնելու համար: Գյուզալթանն ընդգծել է, որ պատերազմներում ԱՄՆ-ի  կրած պարտությունները հոլիվուդյան ֆիլմերի միջոցով որպես հաղթանակ է ներկայացնում, մատուցում, իսկ Քլուննի հայտարարությունը ցույց է տալիս, որ «հայկական սփյուռքը և Վաշինգտոնում նրանց ղեկավարները նույն մեթոդն են կիրառում»:

«Ճշմարտությունը մեկն է, և 1000 սուտ  էլ խոսեն, 1000 ֆիլմ էլ նկարեն, այն չի փոխվի: Որքան էլ ֆիլմ նկարահանեն և հայտարարություններ անեն, միևնույն է, պարտվել են: ՄԻԵԴ-ն իր որոշմամբ ամբողջ աշխարհին հայտարարեց իրականությունը, որ 1915-ի դեպքերը չի կարելի բնորոշել որպես ցեղասպանություն»,- հավելել է Գյուզալթանը:

Հայտարարության վերջում շեշտվում է այն միտքը, որ ո՛չ Սփյուռքը, ո՛չ էլ վաշինգտոնյան պարոններն այնքան ուժ չունեն, որպեսզի կարողանան հայերին և թուրքերին կրկին  թշնամացնել:

Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ժխտելու համար` ենթարկելով նրան ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Շվեյցարիայի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը և չէին բեկանել կայացված դատավճիռը: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրադատարանի իրավասու պալատը դատավճիռ էր կայացրել, ըստ որի շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Ամիսներ անց շվեյցարական կողմը դիմեց ՄԻԵԴ՝ Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով:

Սույն թվականի հունվարի 28-ին ՄԻԵԴ Գերագույն պալատում քննվեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը: Դատավարությանը որպես երրորդ կողմ ներգրավված էին Հայաստանը և Թուրքիան: Հայաստանի շահերը ներկայացնում էր իրավապաշտպանների բարձրակարգ խումբ՝ Ամալ Քլունիի մասնակցությամբ։

Հոկտեմբերի 15-ին ՄԻԵԴ  Գերագույն պալատը դատավորների 10 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ, վճռեց, որ խախտվել է թուրք գործիչ Դողու Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը:

Scroll Up