«Վերջապես մենք մեր Հայրենիքում ենք, մեր տանը.շատ ապրեցինք օտարության մեջ». Ռաֆֆի, Սիմոն Զաքարյաններ
«Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է Լիբանանից Հայրենիքում հաստատված եղբայրներ Ռաֆֆի և Սիմոն Զաքարյանների հետ: Ձեզ ենք ներկայացնում այդ զրույցի մանրամասները:
– Ռաֆֆի՛, քանի՞ տարի առաջ եք հայրենադարձվել:
– 2014-ի սեպտեմբերի 22-ին եմ առաջին անգամ ոտք դրել Հայաստան, եկա 40 օրով, սակայն մինչ օրս այստեղ եմ. եկա, տեսա ու մնացի: Մեկ տարի է, ինչ ապրում ենք Հայրենիքում: Եկել եմ ընտանիքիս՝ կնոջս և երեք երեխաներիսհետ:
– Սիմո՛ն, Դո՞ւք…
– Ես ավելի ուշ եմ եկել. արդեն 4 ամիս է, որ Հայաստանում եմ, ես էլ ընտանիքիս՝ կնոջս, երեք երեխաներիս հետ եմ եկել և շատ գոհ եմ, որ հաստատվել ենք Հայրենիքում:
– Ռաֆֆի՛, Հայաստան տեղափոխվելու որոշումն ո՞ւմն է եղել:
– Բոլորիս որոշումն է եղել. թե՛ ես, թե՛ եղբայրս, թե՛ մեր կանայք ու երեխաները միաձայն ենք կայացրել այդ որոշումը և չենք զղջացել. փա՛ռք Աստծո, մենք մեր Հայրենիքում ենք, մեր տանը: Շատ ապրեցինք օտարության մեջ:
– Սիմո՛ն, մինչ Հայաստան գալն ի՞նչ աշխատանքով էիք զբաղվում Լիբանանում:
– Հագուստի արտադրությամբ և դրա մեծաքանակ վաճառքով էի զբաղվում: Կարող էի Հայաստանում էլ նույն գործը շարունակել, սակայն չուզեցի. հիմա երկու եղբայրներով աշխատում ենք այս գողտրիկ՝ «Օազիս» ռեստորանում:
– Ռաֆֆի՛, երեխաները դպրոցականնե՞ր են:
– Մեծ երեխաներս՝ 19, 20 տարեկան, սովորում են Ամերիկյան համալսարանում, փոքրս 14 տարեկան է և առայժմ սովորում է դպրոցում: Երեխաներս այստեղ արդեն շատ նոր ընկերներ ունեն, ընտելացել են միջավայրին, ոչ մի խնդիր չունեն:
– Լիբանանից տեղափոխվելու հիմնական պատճառը ո՞րն էր՝ Հայրենիքի հանդեպ տածած կարո՞տը, թե՞ վախ կար, որ սիրիական պատերազմի ալիքը Լիբանան ևս կթափանցի:
– Ճիշտ է, հիմա Լիբանանում պատերազմ չկա, սակայն վստահություն չկա, թե վաղը, մյուս օրն այնտեղ հանդարտ պիտի լինի: Գործերը լավ չէին, ապահովություն չկար այնտեղ. Հայաստանի պես չէ, որ երեխաներդ երեկոյան, գիշերային ժամերին հանգիստ ու ապահով շրջեն քաղաքում: Մահմեդականներն այնտեղ շատացել են, քրիստոնյաները՝ պակասել: Եվ, ի վերջո, մենք Հայրենիք ունենք, ինչո՞ւ ապրենք օտարության մեջ:
– Իսկ ի՞նչ մասնագիտություն ունեք, որը ներկայումս Ձեր աշխատանքում պետք է գալիս:
– Ես երաժշտական կրթություն ունեմ, կիթառ եմ նվագում, բայց այս ռեստորանում հունական գործիք՝ բուզուկի եմ նվագում. այստեղ երգեր ենք երգում հունարեն, արաբերեն, հայերեն և եվրոպական մի շարք լեզուներով:
– Սիմո՛ն, Դո՞ւք…
– Լիբանանում սովորել եմ վարժարանում, հետո գնացել եմ Ամերիկա, ընդունվել եմ քոլեջ… Ես չեմ նվագում, բայց երբեմն երգում եմ և հիմնականում՝ ազգագրական, հայրենասիրական երգեր: Այս ռեստորանի ներքին հարդարանքն ինքս եմ արել:
– Հե՞շտ էր աշխատանք գտնել Հայաստանում, ձեռք բերել այս տարածքը և «Օազիս» ռեստորանը բացելը:
– Մենք համացանցում ունենք ռադիոկայան՝ www.radioavol` Armenian Voice of Lebanon` Լիբանանի հայության ձայնը, որով 24 ժամ հայերենով (արևելահայերեն, արևմտահայերեն լեզուներով) երգեր ենք հաղորդում, շատերն են լսում մեր ռադիոն, հենց այս ռադիոյով էլ ծանուցում տվինք և երբ հուլիս-օգոստոսին բացեցինք ռեստորանը, արդեն գիտեին մեզ, մեր տեղը: Այս տարածքն արդեն կար, համարյա պատրաստ էր, պարզապես մի քիչ վերանորոգեցինք: Մատուցում ենք և՛ հայաստանյան, և ՛ լիբանանյան կերակրատեսակներ. շեֆ-խոհարարը եղբորս՝ Սիմոնի աներձագն է:
– Սիմո՛ն, Ձեր կարծիքով ի՞նչն է պակասում Հայաստանում ապրող հայության մոտ, որը բնորոշ էր Լիբանանի հայությանը:
– Լիբանանահայությունը, Սփյուռքն ընդհանրապես, հայապահպանության խնդիր ունի, և դա է պատճառը, որ այնտեղի հայերի մոտ շատ ավելի մեծ է հավատքը, լեզուն, ավանդույթները, հայ երգն ու խոսքը պահպանելու ձգտումը. սա՛ է տարբերությունը:
– Ռաֆֆի՛, ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:
– Հայրենիքն ի՛մն է, չի՛ կարելի քարկոծել Հայրենիքը. եթե ինչ-որ բան ճիշտ չէ, պետք է բոլորն աշխատեն և շտկեն:
– Սիմո՛ն…
– Հայրենիքն իմ ինքնությունն է:
– Շնորհակալությո՛ւն, տղաներ, հաջողություն եմ մաղթում ձեր «Օազիս»-ին, թո՛ղ որ համայն աշխարհով մեկ սփռված բոլոր հայերը մի օր գտնեն իրենց օազիսը Հայրենիքում:
Կարինե Ավագյան