ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց լոնդոնաբնակ լրագրող և վիպագիր Սերժ Մոմճյանին

Հոկտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց լոնդոնաբնակ լրագրող և վիպագիր Սերժ Մոմճյանին:
Հյուրը նախարարին տեղեկացրեց, որ վերջերս Քեմբրիջի «Ջենյուս» (“Janus”) հրատարակչատունը տպագրել է իր հեղինակած “Komitas: The Artist and The Martyr” («Կոմիտաս. Արվեստագետը և Նահատակը») գիրքը: Հրատարակությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Գրքի ստեղծման վրա հեղինակն աշխատել է շուրջ 5 տարի, խորապես ուսումնասիրել է Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, նամակագրությունը, նրա մասին եղած գրականությունը և ստեղծել է մի յուրօրինակ պատում՝ երկխոսությունների միջոցով, ինչն ավելի դյուրացնում և հետաքրքիր է դարձնում պատումը: Կոմիտասին նվիրված փաստավավերագրական վեպը նրա 5-րդ գիրքն է, որին ընդարձակ հոդվածներով և հարցազրույցներով անդրադարձել են բազմաթիվ անգլալեզու և ֆրանսալեզու թերթեր ու ամսագրեր:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն շնորհավորեց Սերժ Մոմճյանին և կարևորեց հատկապես այն փաստը, որ գիրքն անգլերեն է և հրատարակված է բրիտանական հեղինակավոր հրատարակչության կողմից: Դա բազմաթիվ անգլալեզու ընթերցողների հնարավորություն կտա իմանալ Հայոց ցեղասպանության և մեծագույն արվեստագետի կրած տառապանքների ու նահատակության մասին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում Երևանում կազմակերպել գրքի շնորհանդեսը: