Վարդանանց ասպետները հաջորդ տարի կտոնեն հիմնադրման 100-ամյակը
ԱՄՆ-ում 24 մասնաճյուղ ունեցող «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը հիմնադրվել է 1916 թվականին Ֆիլադելֆիա քաղաքում: Գրեթե 100 տարի այս կազմակերպությունը Հայաստանում, Սփյուռքում և Արցախում հայրենանվեր գործունեությամբ է զբաղված: Օրերս կազմակերպության պատվիրակությունը հյուրընկալվել էր Սփյուռքի նախարարությունում, ուր նրանց ընդունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ավագ սպարապետ Սթիվեն Քրաջյանին և ավագ փոխսպարապետ Հունան Արշակյանին հյուրընկալեցինք նաև «Հայերն այսօր»-ում, ուր զրուցեցինք անցած ուղու, սպասվող հոբելյանի ու ծրագրերի մասին:
-Պարո´ն Քրաջյան, մյուս տարի լրանում է «Վարդանանց ասպետներ» կազմակերպության 100-րդ հոբելյանը: Ի՞նչ ճանապարհ եք անցել, և ո՞րն է կազմակերպության գլխավոր առաքելությունը:
-«Վարդանանց ասպետները» հիմնադրվել է 1916 թվականին՝ Ցեղասպանությունից անմիջապես հետո, 16 հայրենասերների կողմից, որոնց մեջ կային բժիշկներ, հոգևորականներ, ձեռներեցներ: Գլխավոր նպատակը Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին օգնելն էր, լեզուն, մշակույթն ու կրոնը պահպանելը: 10 տարվա ընթացքում կազմակերպությունն իր մասնաճյուղերը բացեց նաև Կալիֆորնիայում: Վերջին 100 տարվա ընթացքում «Վարդանանց ասպետները» շատ ակտիվ են եղել, բայց և շատ լուռ, ու չեն բարձրաձայնել իրենց կատարած աշխատանքի մասին: Դրա պատճառը հայ լինելու վախն էր, որն առկա էր 20-րդ դարի առաջին տասնամյակներին՝ անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: «Վարդանանց ասպետների» անդամներն այսօր հազարավոր են. նրանցից 1400-ն ակտիվ անդամներ են:
Ուզում եմ նշել, որ «Վարդանանց ասպետներն» ունի նաև քույր կազմակերպություն՝ «Վարդանանց դուստրեր»-ը, որը հիմնադրվել է 1933թ-ին և կրկին շատ ակտիվ գործունեություն է ծավալում: Մեր ծրագրերը փոխկապակցված են և միևնույն նպատակն են հետապնդում: «Վարդանանց դուստրեր»-ի ավագ տիրուհին այժմ Սոնա Մանուելյանն է, իսկ նրա ամուսինը` Լիո Մանուելյանը, սպարապետ է Նյու Ջերսիում:
-Պարո´ն Քրաջյան, ինչպե՞ս եք պատրաստվում նշել այս մեծ տարեդարձը, ի՞նչ միջոցառումներ են սպասվում:
-Այս շաբաթ հանդիպեցինք Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ և պայմանավորվեցինք հաջորդ տարի մեր 100-ամյակը նշել Հայաստանում: Մենք կփորձենք բերել կազմակերպության ներկայացուցիչներից բաղկացած մեծ թվով պատվիրակություն, հանդիպումներ ունենալ պետական կառույցների ներկայացուցիչների հետ:
ԱՄՆ-ում ամեն տարի համաժողով ենք կազմակերպում. հաջորդ տարի այն կանցկացվի Ֆիլադելֆիայում, որտեղ 100 տարի առաջ հիմնադրվել է կազմակերպությունը: Ամեն տարի մոտ 500-600 անդամ` իրենց ընտանիքներով, ներկա են գտնվում այդ ամենամյա հավաքներին, որի ընթացքում ժողովներ են լինում, քննարկում ենք մեր հետագա անելիքները:
–Մի փոքր ավելի մանրամասն խոսենք ձեր գործունեության մասին: Գիտեմ, որ բազմաթիվ ծրագրեր եք իրականացնում թե´ Սփյուռքում և թե´ Հայաստանում ու Արցախում:
-Դպրոցաշինության գործում մենք աշխատում ենք Համաշխարհային բանկի հետ: Մինչև այսօր 23 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն ենք ցուցաբերել դպրոցների կառուցման ու վերանորոգման համար: Նշենք, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը հետևյալ կերպ է կատարվում` 1-ը 19-ի հարաբերակցությամբ: Այսինքն՝ օրինակ՝ 1 դոլար ներդրում է մեր կազմակերպությունը, իսկ 19-ը` Համաշխարհային բանկը: Այս պահին «Վարդանանց ասպետներ»-ի աջակցությամբ Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր սահմանամերձ գյուղի մոտակայքում մարզամշակութային համալիր է կառուցվում երեխաների համար:
ԱՄՆ-ում ֆինանսավորում ենք հայկական այն դպրոցներին, որոնք եկեղեցուն կից չեն, անկախ դպրոցներ են: Օգնում ենք նաև հայ ուսանողներին, ովքեր սովորում են ամերիկյան տարբեր համալսարաններում: Միչիգանի համալսարանում հայկական հետազոտության կենտրոն կա, որը նույնպես ֆինանսավորվում է մեր կողմից:
Ինչպես նաև տներ ենք կառուցում կարիքավոր, բազմանդամ ընտանիքների համար, աշխատում ենք “Fuller Center” կազմակերպության հետ: Հենց այսօր մենք Կոտայքի մարզում էինք, որտեղ 2 տուն է կառուցվում մեր օգնությամբ: Մենք ուզում ենք շատացնել ծրագրերը Հայաստանում և ավելի թափանցիկ դարձնել մեր գործունեությունը:
-Անդրադառնալով ձեր գործունեությանը՝ չենք կարող չխոսել նաև Ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքներին, հատկապես 100-րդ տարելիցի տարում:
-Ամեն տարի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ ենք կազմակերպում: Բացի այդ, ամերիկյան պետական կառույցների հետ ենք ակտիվ աշխատում: Յուրաքանչյուր տարի՝ ապրիլի 24-ին, Նյու Յորքի կենտրոնում՝ Թայմս Սքուեր հրապարակում բողոքի ցույց է տեղի ունենում, որտեղ, բացի հայերից, ներկա են լինում ամերիկացի քաղաքապետներ, նահանգապետներ, կոնգրեսականներ ու ԱՄՆ-ում տարբեր երկրների դեսպաններ: Տարվա մեջ 2 միջոցառում կա, երբ Թայմս Սքուերը փակվում է: Առաջինը Սուրբ ծննդյան տոներն են, և երկրորդը` Ցեղասպանության հիշատակի օրը: Այս մեծամասշտաբ միջոցառումը, որին մասնակցում են Ամերիկայում գործող բոլոր հայկական կազմակերպություններն ու կառույցները, արդեն 30 տարի է, իրականություն է դարձնում «Վարդանանց ասպետները»: Այս տարի` 100-րդ տարելիցի բողոքի երթն սկսվեց Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցուց, և մասնակիցները քայլելով հասան Թայմս Սքուեր: Մոտ 16,000 մարդ մասնակցեց այդ երթին, և այն լայնորեն լուսաբանվեց ամերիկյան լրատվամիջոցների կողմից: Ինչպես նաև Լոս Անջելեսի մեծ ցույցին ենք մասնակցել, որտեղ մասնակիցների թիվը հասավ 150,000-ի: Շատ անվանի մտավորականներ, գիտնականներ են մասնակցում Թայմս Սքուերի հավաքներին՝ աշխարհով մեկ բարձրաձայնելով Հայոց ցեղասպանության փաստերի մասին: Օրինակ՝ ազգությամբ թուրք պատմաբան Թաներ Աքչամը, ամերիկահայ գիտնական Դենիս Փափազյանը, կոնգրեսականներ Ռոբերտ Մենենդեսը և Չարլս Շումերը տարիներ շարունակ մասնակցում են Թայմս Սքուերի հավաքներին:
1980 թվականից ի վեր մեր կազմակերպությունն ամեն տարի ընտրում է «Տարվա մարդ», իսկ անցյալ տարվանից՝ նաև «Տարվա կին»՝ մարդիկ, ովքեր ոգեշնչում են հայությանը: Այս տարի «Տարվա մարդ» և «Տարվա կին» միաժամանակ ճանաչվեցին Ցեղասպանության 1.5 միլիոն նահատակները, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը, և նրանց զոհաբերության արդյունքում ենք մենք հիմա այստեղ: Խորհրդանշական էր, որ ապրիլի 24-ին ընդառաջ մեր նահատակները սրբադասվեցին, և դա մեզ ոգևորեց, որ «Տարվա մարդ» ճանաչենք նրանց: Այս կապակցությամբ մենք, իբրև շնորհակալություն, նահատակներին խորհրդանշող կտավ նվիրեցինք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին:
– Պարո´ն Քրաջյան, այսքան խոսեցինք ձեր գործունեության մասին, ինձ հետաքրքիր է նաև ձեր անձը: Ովքե՞ր են ձեր ծնողները, զավակնե՞ր ունեք:
-Շնորհակալություն: Ծնվել եմ Լոս Անջելեսում: Հայրս՝ Հրաչ Քրաջյանը, Ցեղասպանության որբերի զավակ է, ով ծնվել է Լիբանանում՝ Բեյրութում, այնուհետև հաստատվել ԱՄՆ-ում: Մայրս՝ Արաքսի Քրաջյանը, ծնվել է Լոս Անջելեսում, բայց ծնողները նույնպես Ցեղասպանությունը վերապրածներ են՝ Մարզեվանից: Հայրս երիտասարդ տարիներին Հայոց լեզվի ուսուցիչ էր, իսկ հետո` նաև անգլերենի: Հիմա կհարցնեք, թե ինչու հայրս ինձ չի սովորեցրել հայերեն: Պատճառն այն է, որ 50-ականներին նրանք, ովքեր անգլերեն չէին խոսում, խտրականության էին ենթարկվում ԱՄՆ-ում: Այդ իսկ պատճառով հայրս ուզում էր, որ ես շատ լավ անգլերեն սովորեմ: Ավելի ուշ ես սովորեցի նաև մի փոքր հայերեն խոսել: Հայրս մասնակցում էր «Armenian Social Services Center» հայկական կազմակերպության աշխատանքներին և օգնում հայ ներգաղթյալներին` գտնելու տուն, աշխատանք ԱՄՆ-ում: Նա նաև Հաճընի հայրենասիրական միության ակտիվ անդամ էր: Եվ այս երկու կազմակերպությունների միջոցով երկար տարիներ օգնել է իր հայրենակիցներին: Հայրս մեր ընտանիքի առաջին անդամն էր, ով անդամակցել է «Վարդանանց ասպետներին», և նա դեռ կենդանի էր, երբ ես դարձա ավագ սպարապետ: 2000 թվականին Սան Դիեգոյում բացվեց «Վարդանանց ասպետների» հերթական՝ «Կոմիտաս» մասնաճյուղը, և ես մի քանի տարի ղեկավարեցի այն:
Կինս՝ Լիզա Քրաջյանը, եղել է «Վարդանանց դուստրեր»-ի ավագ տիրուհի: Երկու աղջիկ ունենք՝ Անին ու Մարին: Երբ 1994-ին առաջին անգամ Հայաստանում էի՝ Արաքսի ափին, որտեղից երևում են նաև Անիի ավերակները, որոշեցի, որ իմ առաջնեկի անունը Անի կդնեմ. հիմա նա 10 տարեկան է: Երկրորդ աղջիկս` Մարին, 6 տարեկան է, և նրա անունը ևս հայկական քաղաքի անունով ենք դրել: Երկուսն էլ հայերեն են սովորում Սան Դիեգոյի հայկական եկեղեցու դպրոցում:
–Հաճա՞խ եք լինում Հայաստանում:
-Սա իմ 4-րդ այցելությունն է: Նախորդը անցյալ տարի էր, երբ մասնակցում էի «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովին: Այս անգամ բազմաթիվ նպատակներ ունեինք, որոնցից մեկը Սփյուռքի նախարարի հետ հանդիպումն էր: Ինչպես նաև ուզում էինք ներկա գտնվել այն ծրագրերի ընթացքին, որոնք հովանավորում ենք:
Ջուլիետա Մաթևոսյան