«Հայաստանը մարդկության փրկության դուռն է». Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/Տեր-Տաթև-Հակոբյան.jpg)
«Քրիստոնեության դարպասը Հայաստանն է»
ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ, գիտական բազմաթիվ գրքերի հեղինակ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը: Ստորև մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցը:
-Բարի գալո՛ւստ Հայաստան, Գերաշնորհ Տե՛ր Տաթև, Դուք Արցախում ծավալված ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Հայաստանում, Արցախում էիք…Այս այցելության առաքելությունն ինչո՞վ է պայմանավորված:
-Եկել էի՝ ներկա գտնվելու Հռոմի ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարած ուխտագնացությանը:
-Դյուրի՞ն է արդյոք Եվրոպայում հնագույններից մեկը համարվող հայկական համայնքում պահել, պահպանել հայ ինքնությունն ու դարերի ընթացքում այնտեղ ստեղծված մեր հոգևոր արժեքները:
-Ռումինիան տարբեր սփյուռք մըն է. այն կազմավորվել է ոչ թե Հայոց ցեղասպանությունից հետո, այլ՝ 1401 թվականին, երբ Ալեքսանդր Բարիի հրովարտակով հիմնվեց Հայոց եպիսկոպոսական աթոռը, այն գլխավորել է Հովհաննես եպիսկոպոսը: Մենք հիմք ենք ընդունում այդ հրովարտակը և այդ օրերից ի վեր արդեն ունենք 42-րդ առաջնորդը: Ցեղասպանություն չտեսած ռումինահայ համայնքն ավանդությամբ, սովորություններով պահում է Անիի ոգին, այսինքն՝ թեև Անին կործանված է այսօր, սակայն այդ անիականությունը կա ռումինահայոց մեջ: Պետք է ասեմ նաև, որ սա այն սփյուռքն է, որը, ցավոք, գրեթե հայախոս չէ. կարող եմ ասել, որ համայնքի 10%-ն է հայախոս, խառնամուսնությունները կազմում են գրեթե 90%: Սակայն մենք շատ մեծ հարստություն ունենք՝ 2 վանք, 16 եկեղեցի, 8 մատուռ, 8 հայկական գերեզմանոց, ( ի դեպ, Ռումինիայի հայկական գերզմանոցներն անգամ թանգարան են. բոլոր արձաններն ու տապանաքարերը բերված են Վիեննայից ), ունենք գրադարան, թանգարան, հարուստ արխիվ՝ հնատիպ թանկարժեք ձեռագրերով, « Հովսեփ և Վիկտորյա Դուդյան» մշակույթի կենտրոն, Միսակյան- Գեսիմյան կիրակնօրյա դպրոց, Ռումինահայկական առևտրաարդյունաբերական պալատ, տպագիր «Արարատ»(Ararat international) ռումինալեզու ամսագիր և «Նոր կյանք» հայալեզու եռամսյա ամսագիր: Ազգային փոքրամասնությունները հեռատեսիլով ունեն իրենց հեռուստատեսային ժամը, հայերը՝ նույնպես: Տրանսիլվանիայում ունենք նաև հայ կաթոլիկ եկեղեցիներ, որոնք նույնպես ունեն իրենց թանգարանը, գրադարանը, արխիվը, եկեղեցիները, գերեզմանոցը:
-Ո՞ր քաղաքներում են կենտրոնացած հայերը:
-Ամենից շատ ՝ Բուխարեստում: Մեր եկեղեցու տոմարներում 918 հասցե ունենք Բուխարեստում, Բոտոշանում ունենք գրեթե 50 անձերի հասցեներ, Կոնստանցիայում՝ գրեթե 200 հասցե, բոլոր քաղաքներում գրեթե 40-50 հասցե ունենք, հայեր կան գրեթե բոլոր քաղաքներում:
-Սրբազա՛ն, Ռումինիայում առավելապես ո՞ր ոլորտներում են ներգրավված հայերը:
-Դեռ վաղուց ի վեր հայերը միշտ էլ ներկայանալի են եղել շատ ոլորտներում: Չմոռանամ հիշատակել Ռումինիայում ծնված Մեծ հայի՝ Վազգեն Առաջին Վեհափառին, ով ծնվել է Ռումինիայում և 1943-55 թթ. եղել է Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդը:Մշակույթի շատ գործիչներ ունենք, Բուխարեստի օպերայի վաստակավոր արտիստներ, միջազգային և պետական մրցանակների դափնեկիրներ, ճարտարապետներ, բժիշկներ, լրագրողներ, ուսուցիչներ…Ժամանակին(1992-ից մինչև 1998-ը) Ռումինիայի ծանր արդյունաբերության փոխնախարարը, այնուհետև՝ էլեկտրոտեխնիկայի նախարարր եղել է մեր հայրենակից Վիրջիլ Աքթարյանը, Ռումինիայի ծանր արդյունաբերության տնօրենը եղել է ( 2010-ին) Աշոտ Շարաֆյանը: Այսօր հայ փոքրամասնությանը Ռումինիայի խորհրդարանում ներկայացնում է Հարություն Փամբուկչյանը, ունենք սենատոր՝ Վարուժան Ոսկանյան, ով 2006 ից 2008 թվականներին եղել է Ռումինիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը, Հայոց միության նախագահն է և Ռումինիայի գրողների միության փոխնախագահը, բանաստեղծությունների և պատմվածքների գրքերի հեղինակ է:
-Ի՞նչ է անում, ի՞նչ միջոցներ է ձեռնարկում եկեղեցին, որպեսզի օտար ափերում հայերը չմոռանան հայոց լեզուն:
-Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին միշտ հավատարիմ է իր ուղեգծին, այն ասես մայր արծիվ է, որն իր ձագերին շուրջն է հավաքում, և մինչ այսօր էլ Սփյուռքի մեջ շատ հստակ է, որ Հայոց եկեղեցին այդ համավաք, հայապահպան ուժն ունի, որը երկնքից է ստացել. դա մարդկային ուժ չէ, այդ ուժը մեզ տվել է 2000-ամյա քրիստոնեական հավատքի ուժը:
-Սրբազա՛ն, ասացեք խնդրեմ, ռումինահայ գաղութում ովքե՞ր են ավելի հավատքով՝ մեծե՞րը, երիտասարդնե՞րը…
-Չմոռանանք, որ Ռումինիան 40 տարի շարունակ կոմունիստների ազդեցության տակ է եղել և բնական է, որ այդ սերունդն Աստծուց հեռացած էր. իհարկե, հավատքով ապրողներ էլ են եղել: Ռումինացիները շատ հավատքով են, նույնիսկ իրենց Ազգային ժողովի մեջ, ուր նախագահն է նստում, թիկունքում խաչ կա: Նոր սերունդը, ապրելով ռումինացի հավատացյալ քրիստոնյա հասարակության մեջ (ռումինացիներն օրթոդոքս են), տեսնելով թե 20-22 միլիոն ռումնաիցները որքան հավատքով են, եկեղեցասեր, մեր հայ երիտասարդներն էլ զորավոր են դառնում հավատքի մեջ: Քրիստոնեական հավատքը նրանց մեջ բնական ձևով է գալիս:
-Այսօր Ռումինիայի հայկական համայնքում ո՞րն է առաջնահերթ լուծման կարիք ունեցող թիվ մեկ խնդիրը:
-Հայախոսությու՛նն է առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրը, որովհետև հայախոս հայն այլ կերպ է զգում հայկականությունը: Մյուս խնդիրը Հայաստանից շատ հեռու գտնվող ռումինահայերին Հայրենիքի հետ կապելն է, Հայաստանում նրանցից քչերն են եղել. հարկավոր է, որ նրանք ապրեն Հայաստանում, ճանաչեն Հայրենիքը, շփվեն հայերի հետ: Երբ սփյուռքահայը գալիս է Հայաստան, տարբեր ըմբռնում է ունենում՝ շուրջբոլորը տեսնելով հայերի, հայոց լեզվով խոսողների. դա շատ մեծ ազդեցություն է գործում, և ինքն իրեն ավելի զորավոր է զգում: Ինքս , երբ ամեն անգամ Հայաստան եմ գալիս, մի տեսակ ուժ եմ առնում:
-Գաղտնիք չէ, որ շատ աղանդներ են տարբեր տարիների ներթափանցել Հայաստան և արմատավորվել. արդյոք Ռումինիայի հայկական համայնքում էլ ե՞ն դրանք տեղ գտել:
-Ասեմ, որ Ռումինիայում աղանդները չկարողացան այդպես ներթափանցել, արմատավորվել, որովհետև ռումինացիներն իրենց հավատքում շատ ամուր են, լավ տեղեկացված են քրիստոնեական հավատքից, և ամբոջ ժողովուրդը, երկիրը արմատացած հավատք ունի:
-Սրբազա՛ն, ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Դուք եղաք Արցախում, կանգնեցիք հայ զինվորի կողքին, դա Ձեր սեփական նախաձեռնությո՞ւնն էր:
– Ես միշտ մտածել եմ, որ Հայաստանի Հանրապետությունունում զինվոր չեմ եղել և ցանկացա ինչ-որ ձևով այդ օրերին իմ պարտքը տալ Հայրենիքիս և սեփական նախաձեռնությամբ 8 օր մնացի Արցախի դիրքերում: Կարծում եմ՝ ամեն սփյուռքահայի պարտքն է զինվորագրվել Հայրենիքին: Եղա Մարտակերտում, Թալիշում, զինվորական տարբեր ստորաբաժանումներում. զրուցեցի զինվորների հետ, օրհնեցի նրանց, ապրեցի նրանց օրով, նրանց ապրումներով: Այդ բոլոր զինվորներին նայելիս՝ ես մտածում էի, որ նրանք սովորական մարդիկ չեն, այլ՝ հրեշտակներ: Նրանց բոլորի հայացքներում մի ուրիշ լույս ու մաքրություն տեսա, ինձ զարմացնում էր նրանց համեստությունը. տանկ խոցած զինվորն այնպես էր խոսում, ասես ոչինչ չէր արել:
-Ի՞նչ է Ձեզ համար Արցախը՝ սոսկ աշխարհագարական տարա՞ծք, սահմանամերձ գոտի՞ՙ, զորությունների երկի՞ր:
-Զորություննե՛րի երկիր է. ես իմ խոսքում հաճախ եմ ասել , որ «Արցախ» բառի մեջ սրբություն կա, համահավաք հայկականության ոգի, որովհետև Սփյուռքում, երբ լսում ենք Արցախի մասին, բոլորս միանում ենք, մոռանում ենք , թե որ եկեղեցուն, որ կուսակցությանն ենք պատկանում, որ կազմակերպությանը: Կարծում եմ ՝ Արցախը միայն հող չէ, այնտեղ կա Աստծո ներկայությունը, և ես միշտ ասում եմ, որ այդ պատերազմում միայն մարդիկ չեն, Աստված էլ է մեր մեջ պատերազմում:
-Սրբազա՛ն, շատ եկեղեցիներ ունի ռումինահայ համայնքը, սակայն ավելի շատ խոսվում է Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու մասին, ինչու՞մն է գաղտնիքը:
–Այդ եկեղեցին 1915-ին բացված և օծված առաջին հայկական եկեղեցին է՝ ներսի կողմից շատ նման Անիի Մայր տաճարին, դրսից՝ Էջմիածնի Մայր տաճարին: Արմյանսկայա փողոցում գտնվող Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց հայկական այդ առաջնորդանիստ եկեղեցին կառուցվել է Գրիգորիե Չերքեզի և Դիմիտրիե Մայմարոլուի նախագծով: Անշուշտ, Սուչավայում գտնվող ՀաՃկատարի(Հաճոյակատար)Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին էլ շատ սիրված է ու շատ կարևոր, որովհետև այն միակ վանքն է, ուր գալիս են աղոթելու բոլոր հավատացյալները: Մենք այդ եկեղեցին վերանորոգեցինք Ամերիկայում բնակվող ռումինահայ Վիկա և Հակոբ Գույումճյանների հովանավորությամբ: Այդ վանքը բլուրի վրա է գտնվում, և ռումինացիները ծնկների վրա են այնտեղ բարձրանում, 3 անգամ պտտվում են եկեղեցու շուրջը, մտնում են վանք ու մոմ վառում: Սա անբացատրելի հրաշագործ մի կարգ է: Հիշատակեմ Զամկա վանքը և մնացած բոլոր եկեղեցիները՝ լույսի սրբազան տաճարները. դրանք տեսնե՛լ է պետք:
–Փոխեմ մեր զրույցի ուղղվածությունը. Սրբազա՛ն, ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք դառնալ հոգևորական, Ձեր գերդաստանում եղե՞լ են հոգևորականներ:
-Ես ծնվել եմ Իրաքի Մոսուլ քաղաքում: Արմատներս Սասունից են: Ծնողներս ապրում են Հոլանդիայում: Մենք շատ մեծ գերդաստան ենք, ունեցել ենք հոգևորական մեր գերդաստանում: Ես փոքր հասակից հաճախել եմ եկեղեցի, այդ տարիքում արդեն զգում էի, որ եկեղեցին եմ մեջ է, և իմ առաքելությունը Հայոց եկեղեցուն ծառայելն է: Ընտրեցի կուսակրոն լինելու աստիճանը՝ մտածելով, որ ես ավելի շատ եմ սիրում եկեղեցին, քան՝ կին ու երեխաներ, ընտանիք: Կրթություն եմ ստացել Էջմիածնում՝ Վազգեն Վեհափառի օրոք, ծառայել եմ տարբեր երկրներում:
-Ի՞նչ տպավորություններ ունեք Հռոմի Պապի այցելությունից:
–Շատ տպավորված եմ նախ այն մտքից, որ նա եկել էր ուխտագնացության առաջին քրիստոնեական երկիր՝ Հայաստան, նրա այցից հետո արդեն շատերն են ցանկանալու ուխտագնացության գալ Հայաստան: Մենք ցույց տվեցինք համայն աշխարհին, որ նախևառաջ մենք քրիստոնյա ենք, որից հետո պատկանում ենք այս կամ այն եկեղեցուն: Մեր նպատակը քրիստոնյաների միասնակությունն է: Շատ տպավորիչ էր Պապի արտահայտած մոտավորապես այսպիսի միտքը, թե՝ Հայաստանը միջնաբերդն է քրիստոնեության: Ես հաճախ եմ ասում, որ քրիստոնեության դարպասը Հայաստանն է, այդ դարպասը պետք է զորավոր պահել: Մյուս ՝ անչափ կարևոր բանն այն էր, որ Պապը հե՛նց Հայաստանում արտասանեց «Ցեղասպանություն» բառը:
– Տեղեկացված ենք, որ Ձեր առաջնորդարանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով գիրք է տպագրել. ավելին կպատմե՞ք գրքի մասին…
-Անշու՛շտ: Մենք տպագրել ենք մի գեղեցիկ գիրք-ալբոմ՝ եկեղեցու պատմությամբ՝ հին ու նոր օրերի լուսանկարներով: Գրքում զետեղված են Վեհափառ Հայրապետի, Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պատրիարքի, Ռումինիայի նախագահի, ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի, Արտաքին գործերի նախարարի խոսքերը:
– Սրբազա՛ն, եթե չդառնայիք հոգևորական, ուրիշ ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:
-Կդառնայի զինվորական:
-Դե ինչ, հարգարժա՛ն Սրբազա՛ն, հոգևորականն էլ ռազմիկ է և ունի պայքարի իր բաժինն այդ դաշտում. մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն և հավատքի սերմնացանի առաքելության շարունակական ընթացք:
Կարինե Ավագյան