Համահայկական մշակութային փառատոնի մասնակիցներն ու հյուրերն այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն

Սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող Համահայկական մշակութային փառատոնի մասնակիցներն այցելեցին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, որից հետո՝ Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ հայ երաժշտության մեծ նվիրյալի շիրիմի մոտ ներկա գտնվեցին Ս.Սարգիս եկեղեցու սպասավոր Տեր Շահե քահանա Հայրապետյանի ձեռամբ մատուցված հոգեհանգստի կարգ-խնկարկության արարողությանը:

Այնուհետեւ  հետո Կոմիտասի բացառիկ կերպարի և ստեղծագործությունների մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ մասնավորապես նշելով. «Կոմիտասը մեր անհաս գագաթն է: Ուզում եմ, որ միշտ լսենք ու երգենք Կոմիտաս: Մեր երաժշտական ճաշակի ձեւավորման հիմքը պետք է լինի Կոմիտասը: Վարդապետի ստեղծագործությունները մենք պետք է ավելի ու ավելի ճանաչելի դարձնենք աշխարհում, քանզի օտարները հայի տեսակն ու Հայաստանը պետք է ճանաչեն մեր մեծերով, երաժշտական մտքի հսկայով՝ Կոմիտասով»:

Կոմիտասյան կատարումներով հանդես եկան երգիչներ Շողիկ Թորոսյանը՝ Լիբանանից, Սոսե Կիրակոսյանը՝ Երուսաղեմից, Ստամբուլի «Լուսավորիչ», Հորդանանի «Երևան» երգչախմբերը, նրանց կատարումներին անգամ ակտիվորեն ձայնակցում էին  Ռուսաստանի «Արմավիր»  պարախմբի անդամները:

Փառատոնի հյուրեր Անն-Քրիստինե Վիլունդը՝ Շվեդիայից և թրքուհի Լեման Շթեհնը՝ Գերմանիայից նույնպես խոնարհվեցին Կոմիտաս Վարդապետի շիրիմի առաջ և կատարեցին «Տեր ողորմեա» շարականը:

a1 a2 a3 a4 a5 a6

Scroll Up