«Արի տուն-2015». «Հայկականի նկատմամբ կարոտախտը մի կերպ ամոքեցի…». պորտուգալահայ մասնակից

«Արի տուն-2015» ծրագրի հինգերորդ փուլը ավարտվեց բաժանման արցունքներով ու անընդհատ լսվող մեկ նախադասությամբ. «Մենք անպայման վերադառնալու ենք»: Չնայած մասնակիցները տարբեր երկրներից էին, սակայն դա չխանգարեց, որ նրանք մտերմանան, ընկերանան ու նույնիսկ սիրահարվեն: Մեկ բան հստակ է. նրանց  մեջ գերակայում է հայկական գենը:

Այդ գենի կրողն է նաեւ Պորտուգալիայից ժամանած միակ մասնակիցը` Անի Գրիգորյանը: Անին երեք տարեկանից չէր եղել Հայաստանում, սակայն հայրենիքի մասին շատ էր լսել, մտածել, տեսել հայաստանյան տեսարժան վայրերն ու բնությունը համացանցի միջոցով: «Սակայն այստեղ զգացողությունները շատ ուրիշ են, վերացականից դառնում են առարկայական: Ամեն քարն ու ծաղիկը հարազատ է թվում, մոտենում եմ, շոշափում, ու հավատս չի գալիս, որ հայրենի հողի վրա եմ»,- պատմում է Անին:

Նա եւ իր ընկերներն այս մի քանի օրվա ընթացքում բացի հայոց լեզվի, պարի ու երգի դասընթացներին մասնակցելուց հասցրել են լինել նաեւ Հայաստանի տեսարժան վայրերում: «Այդ այցերը շատ կարեւոր էին մեզ համար, քանի որ ոչ միայն գրքերով, հայկական պարով ու երգերով ճանաչեցինք հայրենիքը, այլ նաեւ մեր աչքով տեսանք ու զգացինք: Երկու անգամ եղա Ծիծեռնակաբերդում: Հուզվել էի, որովհետեւ այնտեղ մի գերբնական ուժ կա, մեջդ ամեն ինչ տակնուվրա է անում, տառապանքի զգացողությանը խառնում հպարտությունն ու հայրենասիրությունը»,- ասում է պորտուգալահայ մասնակիցը:

Նրա համար անփոխարինելի էին նաեւ մեր թանգարանները, Մատենադարանի հարստությունն ու ծաղկաձորյան ճամբարի ուրախ օրերը: «Շատ ընկերներ ձեռք բերեցի: Նրանք բոլորը տարբեր երկրներից են ու հետաքրքիր է լսել իրենց առօրյայի, իրենց հայկական համայնքի մասին: Պորտուգալիայում մեր հայկական համայնքը շատ փոքր է, հայերը քիչ են եւ հետեւաբար շփումն է քիչ: Այս այցով իմ մեջ հայկականի նկատմամբ կարոտախտը մի կերպ ամոքեցի»,- ասում է Անին: Չնայած նա շատ գեղեցիկ ու գրագետ է խոսում հայերեն, ունի բավականին հարուստ բառապաշար, այնուամենայնիվ  չի մոռանում նշել, որ իրեն շատ օգնեցին նաեւ հայերենի դասընթաները:

Անին պատմում է, որ Պորտուգալիայի փոքրաթիվ համայնքը մշակութային հավաքատեղի ունի, որը հայտնի է ողջ Պորտուգալիայում: «Մենք հայերով իրար տեսնում ենք Գյուլբենկյան հիմնադրամում, որը Լիսաբոնում միակ հայկական կառույցն է: Համարյա ամեն շաբաթ երաժիշտները համերգներ են կազմակերպում, տարբեր միջոցառումներ, ցուցահանդեսներ: Պորտուգալացիները նույնիսկ ասում են, որ Գյուլբենկյան հիմնադրամը իրենց երկրի Մշակույթի նախարարությունն է»,-հավելում է Անի Գրիգորյանը: Սակայն նրան անհանգստացնում է այն փաստը, որ Պորտուգալիայում Հայաստանի դեսպանատուն չկա եւ իրենք ամեն հարցով պիտի դիմեն Իսպանիայի հայկական դեսպանատուն:

Պորտուգալիայի հայկական համայնքը մեծ ակտիվությամբ է նշել նաեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցը: «Ցույց էինք կազմակերպել, համախմբվել էին բոլոր հայերը: Պորտուգալացիները եւս միացել էին մեզ, գալիս էին, փորձում ամեն հարցով օգնել: Սակայն Ցեղասպանությունը ընդունելը նրանց համար օրակարգային հարց չէ: Ընդհանուր շահեր ունեն Թուրքիայի հետ, միասին ՆԱՏՕ-ի կազմում են,  սակայն գիտեն եւ հետաքրքրվում են Ցեղասպանության հարցով»,- պատմում է Անին:

Համալսարանում, ուր ուսանում է Քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժնում, շատ ունի թուրք համակուրսեցիներ, սակայն նրանց հետ շփումը չի ստացվում: «Եթե ուզում են ինձ որեւէ բան փոխանցել, դա անում են միջնորդի շնորհիվ, չեն ուզում ուղղակի շփում ունենալ, եւ ես դրա պատճառը գիտեմ»,- ասում է «Արի տան» պորտուգալահայ միակ մասնակիցը:

Անին շատ է մտածել վերադառնալու մասին: Նրան հատկապես գերել են Երեւանի ճարտարապետությունն ու գիշերային կյանքը: «Չէի պատկերացնի, որ երեւանյան կյանքը այսպես ակտիվ է: Երիտասարդ ու մեծահասակ դուրս են գալիս, շրջում քաղաքում, վայելում հիանալի եղանակը մինչեւ ուշ գիշեր: Շատ գեղեցիկ է ամեն բան»,- նշում է Անին: Նրա երազանքն է հայրենիք գալ եթե ոչ մնալու, գոնե` սովորելու համար:

Ծրագրի շրջանակներում եղել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, իմացել, որ կան ամառային կուրսեր, եւ ցանկանում է մասնակցել դրանց: «Սակայն վատն այն է, որ հայաստանյան համալսարանները համագործակցություններ չունեն պորտուգալական համալսարանների հետ: Շատ կուզեի լինեին նման կապեր»,- նկատում է Անին: Նա իր համալսարանում այնքան է խոսել ու ներկայացրել Հայաստանի մասին, որ բոլորը արդեն գիտեն իր ազգությունն ու մշակույթը: Հայուհին իր հետ այստեղից իր դասախոսների համար հուշանվերներ է գնել ու պատրաստվիում է վերադառնալուն պես նվիրել նրանց:

Ամալյա Կարապետյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

Scroll Up