«Արի տուն-2015». «Հայաստանը իմ բույնն է, իմ վերջին հանգրվանը»

 «Արի տուն-2015» ծրագրի 5-րդ փուլի փակմանը մասնակիցները ներկայացան հիանալի ձեւով: Նրանք ասմունքեցին, երգեցին ու պարեցին հայկական շնչով: Իրենց պարով ներկաներին հատկապես հուզեցին Ռուսաստանի Դաշնությունից եկած երեք հայուհիները, ովքեր նազանքով, հայկականությամբ ու անթերի ներկայացան փակման արարողությանը:

Զույգ քույրեր Միլենա եւ Լենա Ղազարյանները հայրենիքում են առաջին անգամ: Միլենան պատմում է` այնքան են ծնողներն ընտանիքում խոսում Հայաստանի մասին, որ չնայած չէր եղել հայրենիքում, բայց միշտ այն զգացողությունն է ունեցել, որ մոտ է նրան, տեսել ու ապրել է հայրենի հողի վրա:

Քույրերը պարել սովորել են Մերձմոսկովյան հայկական կիրակնօրյա դպրոցում, որտեղ նաեւ անցնում են հայոց լեզու, պատմություն, հայ գրականություն առարկաները, երգում հայկական ազգային ու հայրենաիրական երգեր: Հատկապես Լենայից շատ է անհանգստացնում այն փաստը, որ ոչ բոլոր հայ երեխաներն են խոսում հայերեն: «Որ գնամ, նրանց կպատմեմ Հայաստանում անցկացրած մեր անմոռանալի օրերի մասին, ձեռք բերած ընկերների մասին, ցույց կտամ մեր նկարները, ու եթե ցանկություն ունենան հայերեն սովորելու, նաեւ կօգնեմ նրանց»,- ասում է Լենան:

Քույրիկները չեն ուզում հավատալ, որ պիտի նորից հեռանան հայրենիքից. այստեղ, բացի լավ հիշողություններից, թողնում են նաեւ իրենց բարեկամներին, որոնցից շատերին տեսել են միայն Հայաստան գալուց հետո: «Երբ հիշում եմ, որ պիտի գնանք, արցունքներս գնում են»,-թաց աչքերով ասում է Միլենա Ղազարյանը: 13-ամյա քույրերը այսօր մեկ խնդրանք ունեն իրենց ծնողներին. «Միայն մի բան ենք ուզում, որ մեր ծնողները վերադառնան հայրենիք, մենք էլ` իրեց հետ»:

Իր հայաշունչ պարով աչքի ընկավ նաեւ Լիլիթ Մելիքյան: Նա նույնպես Ռուսաստանի Դաշնությունից է: Միլենային եւ Լենային ճանաչում է կիրակնօրյա դպրոցից, միասին նույն դասարանում են սովորում, հաճախում պարի: Լիլիթը հայրենիքում է ծնվել` Արարատի մարզում, բայց իր բնօրրանից քիչ բան է հիշում:

Հայրենիքը իր մեջ բյուրեղացել է գեղեցիկ բնությամբ, պատմամշակութային վայրերով ու հյուրընկալ ու բարի մարդկանցով: «Ես շատ եմ սիրում հայկական պարերը: Կան օտարազգիներ, որ հետաքրքրվում են, ուզում են գալ մեզ հետ, բայց նաեւ շատ են մարդիկ, որ մեր պատմությունից, մշակույթից տեղյակ չեն: Մենք պիտի պատմենք նրանց, եւ դրա համար շատ են օգնում այսպիսի ծրագրերը, որ ճիշտ ներկայացնենք մեր հայրենիքը: Սակայն ամենից շատ պիտի լավ մարդ լինենք, խելացի ու օրինապահ, որ օտար երկրում մեր ազգի պատիվը բարձր պահենք»,- նշում է Լիլիթը:

Նա նույնպես հայրենիքում ապրելու ցանկություն ունի, սակայն չգիտի, թե երբ կիրագործվի իր երազանքը: «Շատ եմ սիրում ճամփորդել, տարբեր երկրներում ապրել: Ուզում եմ ամբողջ կյանքս աշխարհը ճանաչելով անցկացնել: Սակայն ինչպես թռչնակն է պտտվում ամբողջ անտառում, լինում տարբեր վայրերում, բայց հետո էլի իր բույնն է գալիս, այնպես էլ ես եմ լինելու: Իմ Հայաստանը իմ բույնն է, իմ վերջին հանգրվանը: Մի օր ես էլ այդ թռչնակի նման հետ կգամ»,- ասում է Լիլիթ Մելիքյանը:

Իսկ մինչ այդ հայրենիքի հանդեպ կարոտը հայուհին ամոքում է հայկական երաժշտությամբ ու պարով, որոնք իր առօրյայի մի մասն են դարձել: «Մեկ-մեկ առանց պատճառի տխրում եմ, այդ ժամանակ հասկանում եմ, որ կարոտել եմ հայրենիքս: Հիմա ավելի շատ կկարոտեմ, որովհետեւ շատ կապվեցի այստեղի մարդկանց, մեր ջոկատավարների, ընկերների հետ»,- նշում է 14-ամյա աղջնակը:

Հայազգի այս երեք պարուհիները զրույցի վերջում չզսպեցին արցունքները: Նրանք հեռացան` հետ գալու խոստումով: Իսկ մինչ այդ, ծաղկաձորյան ճամբարում դեռ երկար կհիշեն նրանց գեղեցիկ պարը:

Ամալյա Կարապետյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

Scroll Up