Լիբանանահայ արվեստագետ և հավաքորդ Հարություն Թորոսյանը պարգևատրվեց «Արշիլ Գորկի» մեդալով
Հուլիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալեց լիբանանահայ արվեստագետ և հավաքորդ Հարություն Թորոսյանին ու նրա տիկնոջը:
Հարություն Թորոսյանը ծնվել է 1933թ. Բեյրութում: Սովորել է Փարիզի Ազգային բարձրագույն գեղարվեստի դպրոցում, այնուհետև` Ժյուլենի ակադեմիայում: Ստեղծագործում է գրաֆիկայի, գեղանկարչության և քանդակագործության ժանրերում: Նրա աշխատանքները տեղ են գտել նաև Հայաստանի ազգային պատկերասրահում:
Օրերս Հարություն Թորոսյանը Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանին էր նվիրել հայկական դրամների իր բացառիկ հարուստ հավաքածուն, որը բաղկացած է հին մետաղադրամների և թղթադրամների 168 նմուշներից և աչքի է ընկնում Տիգրան Մեծի, Արտավազդ Երկրորդի և Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանների հազվագյուտ դրամներով, ինչպես նաև Տիգրան Մեծի մատանու ագաթե քարը՝ արքայի դիմաքանդակով:
Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Հարություն Թորոսյանին իր հայրենանվեր քայլի համար և հավաստիացրեց, որ սփյուռքահայերի կողմից Հայրենիքի համար իրականացվող յուրաքանչյուր գործ ըստ արժանվույն գնահատվում է նախարարության կողմից: «Այս իմաստով մեծապես գնահատելի է Ձեր նվիրատվությունը, և այն կարող է օրինակ դառնալ ու ոգևորել այլ սփյուռքահայերի», – նշեց նախարարը և տեղեկացրեց, որ գեղանկարչության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի և հայրենանվեր գործունեության համար Հարություն Թորոսյանը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:
Հուզումով ու երախտագիտությամբ ընդունելով նախարարության պարգևը՝ Հարություն Թորոսյանն ասաց. «Մենք դժբախտություն ենք ունեցել ապրել Հայաստանից հեռու, սակայն մեր մտածումները մշտապես կապված են եղել Հայրենիքի հետ: Վերջին տարիներին ակնդետ հետևել ենք Արցախի ազատագրական պայքարին, ոգևորվել և հպարտացել ենք, միևնույն ժամանակ մեծ ցավ ենք ապրել, որ այդ պայքարում բազմաթիվ երիտասարդներ են զոհվել: Ինձ մշտապես հետապնդում էր այն հարցը՝ թե ես ի՞նչ կարող եմ անել Արցախի համար: Եվ մտածեցի երկար տարիների ընթացքում հավաքած դրամների հարուստ հավաքածուն նվիրել Արցախին՝ որպես նրա հանդեպ մեծ սիրո և գուրգուրանքի վկայություն»:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին լիբանանահայ մշակութային կյանքին, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր: