«Սփյուռք ամառային դպրոց-2015». Ինքնությունից հեռացում չկա, կա վերադարձ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/unnamed4.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագրի շրջանակներում շարունակվում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը: Հենց նրանց ցանկությամբ չնախատեսված հանդիպում տեղի ունեցավ սոցիալական հոգեբանի հետ, ով ուսուցիչներին ներկայացրեց երեխաների հոգեբանության առանձնահատկությունները, նրանց հետ աշխատելու առավել արդյունավետ տարբերակներն ու մեթոդները, պատիժների ու խրախուսանքների հավասարակշռության պահպանման կարեւորությունը: Դասընթացը իրոք սպասված էր, դա էր վկայում ուսուցիչների հարցերի առատությունն ու ցուցաբերած հետաքրքրությունը:
Էմմա Մարտիրոսյանը, ով եկել է Ֆրանսիայի Մարսել քաղաքից, հոգեբանի առաջարկած մեթոդներից մի քանիսին արդեն իսկ տեղյակ էր եւ կիրառել ու կիրառում է իր ուսուցչական պրակտիկայում: Աշակերտների հետ ուսուցչուհին հիմնականում սկսում է զրոյից՝ առանց որեւէ ուղեցույցի: Ծրագրերն ու մատուցվող նյութը անձամբ է պատրաստում` հաշվի առնելով երեխաների ընդունակություններն ու սպասելիքները: «Յուրաքանչյուր երեխայի համար ընտրում եմ իր մեթոդը, քանի որ երեխան էլ է անհատականություն, ունի բնավորության որոշակի գծեր, որ մնացածների մոտ չեն կրկնվում, յուրօրինակ են, եւ պետք է առանձին աշխատանք տանել: Ես նաեւ աշխատել եմ Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մեթոդիկայի ամբիոնում, եւ այս գիտելիքներին վաղուց եմ տիրապետում, սակայն պիտի նշեմ, որ դրանով հանդերձ` դժվարություններ իհարկե լինում են»,- նշում է տիկին Մարտիրոսյանն ու հավելում, որ հենց այդ դժվարությունների հաղթահարման բանալին գտնելու համար են եկել այս վերապատրաստմանը եւ արդեն իսկ քաղել են առաջին օգտակար պտուղները:
Ուսուցչուհին սովորեցնելու եւ կրթելու իր ոճն ու ձեռագիրն ունի. ամեն ինչ մատուցել պարզ, հասկանալի, բայց ոչ պարզունամ ձեւով: «Իմ աշակերտները օրական առնվազն 25-ից 30 բառ սովորած են գնում տուն, փորձում են կազմել փոքրիկ, պարզ նախադասություններ, տիրապետում են հաղորդակցության առաջնային տեխնիկաներին: Տարեկան ընդամենը 36 ժամ դաս ունենք եւ պիտի հասցնենք ամեն ինչ: Դա գործնականորեն բարդ է»,- պատմում է Էմմա Մարտիրիսյանը: Սակայն նա գտել է արդյունավետ լուծումը: Չլինելով հայոց պատմության ուսուցչուհի` տիկին Մարտիրոսյանը սկսել է ինքնուսուցումից, հետագայում ուսումնասիրել երեխաների հետաքրքրություններն ու առաջնորդվել օգտակարը հաճելիի հետ համատեղելու կարգախոսով: «Դե դասաժամերը քիչ են, օրինակ` պատմության դեպքում պիտի ներկայացնենք մեր անցյալի հիմնաքարերը: Երխաները հաճույքով են լսում ու յուրացնում Հայկի ու Բելի պատմությունը, որովհետեւ դա նրանց հնարավորություն է տալիս բացահայտել իրենց արմատները, ծանոթացնում իրենց ծագմանը: Մնացած հայկական լեգենդներն ու առասպելները եւս սիրում են. սրանց միջոցով էլ պարզում ու հասկանում են մեր ազգային գծերը` հերոսականություն, արիություն, հզորություն, գեղեցկություն, ծռություն կամ միամտություն, բարություն, մեծահոգություն»,- ասում է տիկին Էմման:
Երեխաներին մատուցում է նաեւ փոքրիկ անգիրներ ու հանելուկներ, որոնք լավ են տպավորվում ու հիշվում: Սակայն ուսուցչուհին մի խնդիր է տեսում. շատ հաճախ հայերը բաժանվում են երկու խմբի` արեւելահայերեն խոսողներ եւ արեւմտահայերեն խոսողներ, տեղի է ունենում մի տեսակ մրցակցություն եւ բաժանվածություն: Տիկին Մարտիրոսյանը հաճախ է բացատրում նրանց, որ իրենք հայ են, որ հայերենը մեկն է, որ լեզվի այս երկու ճյուղերը ունեն հավասար գոյության իրավունք, որովհետեւ վկայում են մեր մայրենիի հարստության մասին, եւ կարծես թե մանկավարժի զրույցները անտեղի չեն անցնում:
8 տարում երեխաների թիվ 5-ից 61-ի հասցրած տիկին Էմման ամբողջությամբ նվիրվել է իր գործին: Նա նկատում է, որ ինքնությունից հեռացում չկա, կա վերադարձ: «Ֆրանսախոս հայերը, որ միայն ազգանունով են հայ, իրենց երեխաներին բերում են հայերեն սովորելու: Ունեմ աշակերտ, ում պապը եղել է հայ, սակայն բռնի ձուլվել են թուրքերին: Հիմա մայրը գիտակցաբար բերում է երեխային հայերեն սովորելու: Հիանալի երեխա է, հայկական շատ գեներ ունի ու չնայած թուրքական ազգանունով է ապրում, բայց այս դեպքում դա մեզ չի խանգարում»,- նշում է Էմմա Մարտիրոսյանը: Ըստ մասնագետի` եթե լեզվից մի փոքր հեռացում կա, ապա հավատի դեպքում որեւէ շեղում չկա: Հայերը առավել քան պահպանողական են այս պարագայում:
Տիկին Մարտիրոսյանը վերապատրաստման դասընթացին մանկավարժին հարիր աչալրջությամբ է վերաբերվում ու փորձում որեւէ բան բաց չթողնել: Իր դպրոցում սցենարներ գրող եւ բեմակամնացումներ պատրաստող ուսուցչուհի հույս ունի հետագա դասընթացնեին հանդիպել սցենարիստի եւ ռեժիսորի հետ նույնպես, որպեսզի կատարելագործի այդ հմտությունները եւս:
Ամալյա Կարապետյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի